ԼՂ-ՈՒՄ «ՄԻԱՅՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» նոյեմբերի 11-ի համարում տպագրել է Շտեֆան Լոքեի հոդվածըՙԼեռնային Ղարաբաղի մասին: «Այն պահից, երբ զենքերը լուռ են, Լեռնային Ղարաբաղը լրատվական գլխագրերում էլ չի երեւում: Ու լռինՙ վերածվել է ծաղկող մի երկրի», գրում է հեղինակըՙ «Արգելված սեւ այգում. միայն զբոսաշրջիկներն են պակասում» վերնագրյալ ծավալուն հոդվածում, որին ստորեւՙ հպանցիկ մեր անդրադարձը: (Հոդվածը տպագրվել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցելու ողբերգական պատմությունից մեկ օր առաջ-Ան. Հ.): Պատերազմը ԼՂ-ը հայտնի դարձրեց, պատերազմի գաղափարը կախված է տարածաշրջանի վրաՙ որպես հավերժական նզովք: 20 տարի է զենքերը չեն շաչում, չհաշված հատուկենտ ընդհարումները Ադրբեջանի սահմանի երկայնքով: Այնտեղ մուտք չունենք, ԼՂ վիզան, որ Ստեփանակերտում մի քանի եվրոյի դիմաց ձեռք ենք բերել, լրացուցիչ թերթիկովՙ կնիքով ու ստորագրությամբ, վավեր է բոլոր շրջաններում, բացի ճակատային գիծը, որտեղ 1994-ից հրադադար է հաստատված», գրում է գերմանական օրաթերթնՙ անդրադառնալով Արցախի լեռներով հարուստ աշխարհագրական դիրքին:Ավելի քան 20 տարի է, ինչ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությունն իրեն անկախ է հռչակել, «երեւակայական» մի երկիրՙ կապված Հայաստանին տնտեսական եւ դրամավարկային միությամբ, որ ընտրված պառլամենտ ու նախագահ ունի, որը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի տարածքում է, ինչը նկատելի է, երբ բջջային հեռախոսը 1 ժամ առաջ է ցույց տալիսՙ հուշելով, որ ադրբեջանական ժամային գոտում ես: Մոտ 140 000 մարդ, գրեթե բացառապես հայեր են ապրում այստեղ: Այսօր Հայաստանը համարվում է նախկին խորհրդային հանրապետությունների մեջ ամենաաղքատը, նավթ չունի, ինչպես Ադրբեջանը, ոչ էլ ժամանակակից տնտեսություն, ինչպես հարեւան Վրաստանը: Աշխատասեր, համառ, սրտաբաց հայերից շատերն են թողել իրենց երկիրըՙ 3 միլիոնը դեռեւս Հայաստանում են ապրում, կրկնակի անգամ շատՙ արտերկրում: Երեւանից 350 կմ հեռավորությամբ գտնվող Ստեփանակերտ հասնելը 1 օր է տեւում: Կենսամակարդակն այստեղ ավելի բարձր է, քան «մայր» Հայաստանում, նկատում է գերմանացի լրագրողըՙ հավելելովՙ փողոցներն ավելի հարթ ու մաքուր են, ավտոմեքենաներըՙ ժամանակակից, այգիներըՙ խնամված: Սրճարաններում երիտասարդները շատ ենՙ ականջներին բջջայինները, գոգերինՙ դյուրակիր համակարգիչները, տարիքավորներն ավլում են փողոցը: Ներդրումները շատ են, առավելաբար դրսում ապրող հայերն են, որ ԼՂ- ի համար պայքարը հայրենասիրական պարտականություն են համարում: Շինվահանակներին Քըրք Քրքորյանի անունն է, ԼՂ պետք է գրավիչ լինի, ոմանք Կովկասյան Շվեյցարիայի մասին են ակնարկում արդեն, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»ՙ փոխանցելով «Եդեմի պարտեզի» նմանվող տեղանքի գեղեցկությունը: Լրագրողը անդրադառնում է նաեւ վերանորոգված Գանձասարին: Առայժմ տարվա մեջ միայն մի քանի հազար օտարերկրացիներ են գալիս Ղարաբաղ, նրանք, ովքեր աշխարհիս երեսին ամեն վայր ուզում են տեսնել, նախկին բնակիչները ու հայ հովեկներ: Կառավարությունը աջակցում է զբոսաշրջության զարգացմանը, հնագետները Տիգրանակերտն են հայտնաբերում, հուշանվերների խանութ ունեցող նորակառույց հնագիտական թանգարանում դեռ այցելուների են սպասում: «Թարեգըՙ մեր ուղեվարը, այս տարի սովորականից քիչ գործ ունի: Սովորաբար իսպանացիների, գերմանացիների, ֆրանսիացիների է ուղեկցում, բայց տուրիստական գործակալությունները նրան բացատրել են, թե Ուկրաինայում պատերազմի պատճառով հոսքը նվազել է: Չի կարողանում հասկանալՙ ախր, հազարավոր կիլոմետրերով հեռու է մեզանից, իսկ մեզ մոտ խաղաղ է»: Հյուրանոցների մեծ մասը եվրոպական չափորոշիչ ունեն, իսկ սնունդը հաճախ գերազանց է: Եփում են առավելաբար թարմ, սեզոնային պտուղ-բանջարեղենով, կայծակնային արագությամբ սալաթ են պատրաստումՙ լոլիկ, վարունգՙ պանրով, հետո բանջարեղենով ապուր, այնուհետ հետեւում է հիմնական ճաշըՙ կարտոֆիլ ու կարմրացրած հավ, առատ սխտորով դդմիկ եւ լավաշ: Թերթը գրում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղ հասնելու միայն մեկ ճանապարհ կաՙ Հայաստանի հարավից, ինչը սահմանների բացակայությամբ ապրող եվրոպացու համար անընկալելի է: «Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվել է, բայց շարունակում է փակ մնալ, քանի որ Ադրբեջանը սպառնում է յուրաքանչյուր թռչող ու վայրէջք կատարող օդանավ անմիջապես ոչնչացնել, նկատել է տալիս թերթըՙ հոդվածին կից հավելելով զբոսաշրջիկների համար անհրաժեշտ խորհրդատվական հանրամատչելի տեղեկությունՙ ինչպես, երբ գնալ Լեռնայի Ղարաբաղ: |