RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2090, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼԸ ԱՆՇՈՒՇՏ ՀԱՅ ՉԷ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պատասխանատուներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան` թուրք լրագրող Հասան Ջեմալի Հայաստան այցելությանն առանձնահատուկ անդրադառնալու իմաստ չէր լինի, եթե հայաստանյան արձագանքներն այսքան, թույլ տվեք ասել, տարօրինակ չլինեին:

Սիվիլիթաս հիմնադրամը «ՍԱՐՆ Ի ՎԵՐ» նախագծի շրջանակներում թուրք եւ հայ հայտնի գործիչների անձնական զրույցների երկրորդ շարքը մեկնարկեց Երեւանում` որպես հյուր ունենալով Հասան Ջեմալին, ով հայտնի լրագրող եւ գրող է: Երկար տարիներ աշխատել է որպես Թուրքիայի առաջատար թերթերի խմբագիր եւ սյունակագիր, քրդական հարցին անդրադարձել է հաճախ, հեղինակել «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ ու շուրջը, գրեթե բացառապես անհատների գործունեության ու ազդեցության տիրույթում է: Թուրքիայում ստվարանում են այն մարդկանց շարքերը, որոնց համար Հայոց ցեղասպանությունը եղելություն է, քսաներորդ դարասկզբի իրադարձություններն էլ հերյուրանք չեն, այլ Թուրքիայի անցյալի մի մասը, որի հետ պետք է առերեսվել:

Այդ ամենը կա, տեղի է ունենում, օրեցօր ավելի մեծ թվով մարդկանց ուղեղներում, սակայն մնում է անհատների մակարդակում` մտավորական թե լրագրող, բանվոր թե ուղղակի ստամբուլաբնակ, կարսեցի թե քուրդ. բոլոր հարթակներում ու մակարդակներում կան իրապես առաջադեմ մարդիկ, որոնք Թուրքիայում թեեւ քանակապես սակավաթիվ լինելու պատճառով որակ դեռ չեն կազմում, սակայն փորձում են առերեսվել պատմության հետ, քննադատաբար նայել բոլոր այն դասագրքերին, որոնցում հայերն ամենասեւ գույներով են ներկայացված:

Նույնականացումը Հասան Ջեմալին իր պապի հետ, հատուկ գործակալ լինելու մեղադրանքները, նաեւ դատողությունները, թե բավական հարցերում Հասան Ջեմալը սխալ գնահատականներ ու մոտեցում ունի Հայոց ցեղասպանության փաստերին եւ իրողություններին, ակամա հիշեցրին վերջերս Թուրքիա այցելությունս: Այցն, ի դեպ, «Հրանտ Դինք» հիմնադրամի հայ եւ թուրք լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակներում էր, որի ընթացքում մեզ հնարավորություն տրվեց հանդիպել, խոսել մարդկանց հետ, որոնց ցեղասպանություն բառը չի վախեցնում, այլ մտածելու, մտորելու ու վերարժեւորելու առիթ է դառնում: Իհարկե, հանդիպեցինք նաեւ այնպիսի լրագրողների, պարզապես մարդկանց, որոնք առավելապես մտահոգ էին 2015-ին ընդառաջ Թուրքիայի «անգործությամբ», թե հայերն աշխարհով մեկ լծվել են գործի, թուրքերը պարապ թամաշա են անում:

Այստեղ, սակայն, խոսքը թուրքական կառավարության թեզերն առաջ տանողների մասին չէ, այլ այնպիսի մարդկանց, ինչպիսիք Հասան Ջեմալն է, ում համար պատմության հետ առերեսումը ցավոտներից մեկն է եղել, եւ որի համար 20-րդ դարասկզբի եւ մինչ այդ տեղի ունեցած իրադարձությունների որակումն այնքան հարց չէ թերեւս, որքան դրանցում անմիջապես իր պապի մասնակցությանը տալիք գնահատականը:

Հասկանալի է, որ կյանքն ամենայն հնարավորի մասին է, հետեւաբար Հասան Ջեմալին ոչ սրբացնելու, ոչ էլ գրեթե հայացնելու խնդիր ու հարց չկա: Ու թե արդյո՞ք Հասան Ջեմալն Հայաստան էր եկել իր կամ Թուրքիայի շահերին ծառայելու նպատակով` ինքը գիտի: Փաստ է նաեւ, որ Ծիծեռնակարբերդ էլ Հասան Ջեմալը գնացել էր միայն իրեն հայտնի նկատառումներից ելնելով, որոնք գուցե համապատասխանում են նրա հրապարակային բացատրություններին ու դիտարկումներին, գուցե` ոչ, ասել չեմ կարող:

Սակայն առավել մտահոգիչ է, թե ինչպես Հայաստանում ոմանք ընկալեցին նրա այցելությունը: Ստամբուլ նոյեմբերին այցելությանս ընթացքում, ի շարս հետաքրքրական այլ մարդկանց, հանդիպեցինք նաեւ «Հաբերթուրք» թերթի փորձառու, քրդական հարցի, ազգայնականության ու իսլամական շարժման գիտակ լրագրող Ռուշեն Չաքըրին: Զրույցի ժամանակ, երբ խոսք գնաց Հայոց ցեղասպանության մասին, վերջինս ամենայն հանգստությամբ հայտարարեց, թե իր համար «ցեղասպանություն» եզրի օգտագործումը ընդհանրապես հարցականի տակ չէ: «Տեղի ունեցածը ցեղասպանություն էր», ամենայն հանգստությամբ հայ լրագրողների տասնյակից ավելի լսարանի առաջ զրույցում նշեց Ռուշենն ու ընդգծեց, որ պաշտոնական տեսակետը դեռ հասկացողության այդ մակարդակին չի հասել:

Այդ օրերի հանդիպումների շարքում Ռուշենի խոսքերը, այն էլ Ստամբուլում, բնավ էլ զարմացնող չէին. ավելի շատ զարմացրեց, որ հայ լրագրողներից մի քանիսի համար 2-3 անգամ անհրաժեշտ եղավ հստակեցնել, թե արդյոք կարելի՞ է հրապարակել Ռուշենի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին: Թուրք լրագրողն ավելի շատ էր զարմացել, որ հայ լրագրողները չեն կարողանում հավատալ, որ, այո, կարելի է իր խոսքը մեջբերել հենց այդպես, որ Հայոց ցեղասպանություն եղե՛լ է:

Եվ որպեսզի ավելի համոզիչ դարձնի իր խոսքը, գրեթե 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողն ասաց ավելինՙ որ 2014-ի թուրքական կառավարության ցավակցությունը հայ ժողովրդին թեեւ դրական, բայց բնավ ոչ բավարար քայլ էր:

«2015-ին էլ չէի ցանկանա թուրքական կառավարության տեղը լինել, երեւի պիտի աղոթեն, որ 2015-ը շուտ անցնի»: Եվ որպես քրդական հարցին դեռեւս պատանեկության տարիներից հետեւող մարդ` Ռուշեն Չաքըրը մեզ հավաստիացրեց, որ Հայոց ցեղասպանության հարցը ծանր խնդիր է ոչ միայն թուրքերի, այլեւ քրդերի համար, թեեւ քրդերն ավելի անկեղծ են փորձում լինել:

Այս ամենը հայ լրագրողների համար իրապես ոչ ստանդարտ լսելիք էր, էլ չասած` որոշ հատվածների դժվար էր հավատալ: Ավելի խորն ու երկարատեւ զրույցի դեպքում հաստատապես հայ լրագրողի ու Ռուշենի ջրերը կարող էին մի առվով երկար չհոսել, բայց դա չէր նշանակի, թե թուրք լրագրողի հայացքները միանշանակ քննադատության են արժանի, ու ոչ մի դրական բան դրանում տեսնել հնարավոր չէ:

Ինչպե՞ս կարող է, ով էլ լինի, պահանջել, օրինակ, որ Հասան Ջեմալի համար միանշանակ լինի Արեւմտյան Հայաստանը վերադարձնելը, այն էլ այնպիսի մի իրավիճակում, երբ Հայոց ցեղասպանության ընդունումն է դեռ մնում խնդրահարույց, թեեւ փոխհատուցման հարց քննարկելուն էլ է թուրք գրողը պատրաստ:

Պահանջում ենք նրանից այն դեպքում, երբ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության համար նույն ցեղասպանության հարցում ընդհանրական մոտեցում չկա: Քանիցս ականատես ու ունկնդիր ենք եղել, թե մեկի` «հողերի վերադարձի հարց չկա» մոտեցումը ինչպես է հակադրվում մյուսի` «ողջ Արեւմտյան Հայաստանը հետ ունենալու» դիրքորոշմանը: Եվ դա ոչ թե հայ ու թուրք գործիչների, լրագրողների, մտավորականների, այլՙ հայ եւ հայի միջեւ:

Եվ սա այն պարագայում, երբ նույն Հասան Ջեմալը, եթե լիներ թուրքական կառավարության փոխարեն, հստակ պատկերացնում է, որ նախ ներողություն է պետք խնդրել, ապա ընդունել Ցեղասպանությունը, կարգի բերել դասագրքերը, վերականգնել հայ մշակույթը եւ այլն: Եթե Հասան Ջեմալի համար Հայոց ցեղասպանության ընկալումը լիներ այնպիսին, ինչպիսին մեզ համար է, գուցեեւ հրաշալի լիներ, բայց այդպիսի շրջադարձի համար մարդկային մեկ սերունդը թերեւս անբավարար ժամանակահատված է:

Հաստատապես կան շատ հարցեր, որոնց շուրջը այսօրվա թուրքն ու հայը, երկուսն էլ առաջադեմ ու բաց` այլախոհ տարբեր տեսակետների համար, չեն գա համաձայնության, ճիշտ այնպես, ինչպես հնարավոր չէ համաձայնել, հանգիստ ընդունել Ջեմալ փաշայի դատաստանն ի կատար ածած Արտաշես Գեւորգյանի եւ Պետրոս Տեր-Պետրոսյանի «ավազակախումբ» կոչելը: Այս հարցում մեզ համար չկա երկրորդ տեսակետ, եւ այնպես է ստացվել, որ Ջեմալ փաշայի թոռան համար էլ դեռ այլ տեսակետ չի ձեւավորվել: Անգամ Ջեմալ փաշայի թոռան համար կարող են լինել հանգամանքներ, որոնք դեռեւս չեն հստակեցվել այնպես, ինչպես ցեղասպանության եղելությունը: Ավելին, կարող են լինել փաստեր, որ ընդունելի չեն նրա համար ճիշտ այնպես, ինչպես ԱՍԱԼԱ-նՙ գրեթե բոլոր թուրքերի պարագայում:

Եթե մարդ որեւէ հարցում լուսավորվել է, դա համատարած լույս չէ նրա գլխում պտտվող բոլոր հարցերի համար, հատկապես որ լուսավորչությունը առանձնակի ողջունվող միջավայրում չի տեղի ունենում: Երեւի մեկ ակնթարթ անգամ թուրք գրողի փաստաբանի դերում չլինելու համոզմամբ, այդուհանդերձ, Հասան Ջեմալն առաջին հերթին իր համար է փորձել հասկանալ պատմությունն ու անցյալը, ինչը թուրք լրագրողին հերոս չի դարձնում: Եթե էլի շատ հարցեր նրա տեսակետում մնում են թուրքական կառավարության գծին համահունչ, կամ ադրբեջանական քարոզչության ազդեցության ներքո, դա դեռ չպետք է արժեզրկի 100-ամյա մերժման ու ժխտման մթնոլորտում Ցեղասպանությունը ընդունելու նրա եւ նմանների ջանքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ