«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ. ԿՅԱՆՔ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ» Պ. Ք. ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հոդվածը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Նեզավիսիմայի գազետա» թերթում հրապարակած «Ռուսաստան-Ուկրաինա. կյանք նոր կանոններով» հոդվածում խոսում է առաջիկայում Ուկրաինային սպասող դժվարություններիՙ «երկրորդ 90-ականների» մասին: Նա համոզված է, որ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը առանձնապես չեն ձգտում Կիեւին «փող տալ նույնիսկ անհետաձգելի կարիքների համար»: Տնտեսական համագործակցության տեսակետից Ուկրաինայի հանդեպ ԵՄ վերաբերմունքը ավելի շատ նման է նեոգաղութատիրության: Եվրոմիությունը չի շտապում Կիեւի հետ հաստատել իրավահավասար գործընկերություն, նշում է վարչապետը եւ ապա խոսում Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների ապագա կառուցվածքի մասին: Ռուսաստանը հոգնել է Ուկրաինայի տնտեսության ծախսերը հոգալուց, խոստովանում է Մեդվեդեւը: Այդպես շարունակելն անհնար է: «Դա մեզ ձեռնտու չէ», նշում է նա եւ Կիեւին հորդորում է, չնայած «հեղափոխական հրճվանքին», սովորել ամեն ինչի համար վճարել, «ինչպես Եվրոպայում»: Եվրոմիության հետ ասոցիացման դեպքում Ուկրաինան կարող է կորցնել մինչեւ 15 մլրդ դոլար, երբ Մաքսային միության երկրները իրենց շուկայի պաշտպանությանն ուղղված պատասխան միջոցներ ձեռնարկենՙ կրճատելով ուկրաինական ապրանքների ներմուծումը: Տեխնիկական կանոնակարգերի, նորմերի ու ստանդարտների տարբերությունների պատճառով ուկրանիական գյուղմթերքները պարզապես չեն կարող հայտնվել ռուսաստանյան շուկայում: Ինչ վերաբերում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնող 6 մլն ուկրաինացիներին, նրանց կորուստները կարող են կազմել 11-13 մլրդ դոլարՙ Ուկրաինայի ՀՆԱ մոտ 7 տոկոսը: Մեդվեդեւը նշում է, որ 2015 թ. հունվարի մեկից արտագնա ուկրաինացի աշխատավորների հիմնական մասը կազմող «գորշ» աշխատավորները Ռուսաստանում առանց արտոնագրի աշխատանք չեն ստանա: Բացի դրանից, խստիվ կպահպանվի կիսամյակի ընթացքում ՌԴ-ում 90 օր մնալու կարգը: |