RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1656, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՄՆ-ՌԴ. ՄԻԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ

Պ. Ք.

Ուկրաինայի պաշտպանության նախարարը օրերս միանգամայն անապացույց կերպով հայտարարեց, թե Ռուսաստանը իբր մարտավարական միջուկային զենք է օգտագործել ուկրաինական տարածքում: Կիեւը պարզապես «հիվանդացել» է միջուկային պետության մայրաքաղաքի կարգավիճակը վերականգնելու սեւեռուն գաղափարով: Ի պատասխանՙ Ուկրաինայի նոր իշխանությունները մի շարք տհաճ խոսքեր լսեցին, ըստ որումՙ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ԱՄՆ-ից: Վաշինգտոնում, ըստ երեւույթին, սկսում են գիտակցել, թե իրենց ջանքերով ինչպիսի «կիեւյան հրեշ» է ծնունդ առել:

Ուկրաինացիք այնքան են բռնված վերստին միջուկային զենք ստանալու մարմաջով, որ դեկտեմբերի սկզբներին Շվեյցարիայի Բազել քաղաքումՙ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ուկրաինական պատվիրակության անդամները միայն այդ մասին էին խոսում, ըստ որումՙ բացահայտորեն ակնարկելով, որ նման զենքը իրենց հաստատ պետք կգա «մահացու թշնամու»ՙ Մոսկվայի դեմ պատերազմելիս:

Նույնիսկ բազելյան հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած մամլո ասուլիսում ուկրաինացի լրագրողներից մեկը առիթը բաց չթողեց հիշեցնելու Բուդապեշտում 20 տարի առաջ ստորագրված հուշագրի մասին, որով Ուկրաինան դարձավ միջուկազերծ պետություն: Կիեւի տրամաբանությունը հետեւյալն է. քանի որ հուշագիրը խախտված է (Ուկրաինան զրկվել է Ղրիմից, իսկ փաստաթուղթը երաշխավորում էր նրա տարածքային ամբողջականությունը), ուստի ուկրաինական բանակը իրավունք ունի վերստին միջուկային զենք ստանալ:

Այս կապակցությամբ Լավրովը լրագրողներին եւ հենց պաշտոնական Կիեւին տվեց հետեւյալ պարզաբանումը. «Ի թիվս մյուս նոր երկրների, որոնց տարածքից դուրս էր բերվում միջուկային զենքը, Ուկրաինան խնդրեց անվտանգության «բացասական» երաշխիքներ: Այդ երաշխիքներին է նվիրված Բուդապեշտի հուշագիրը: Տվյալ երաշխիքները, նախ եւ առաջ, նախատեսում են միջուկային տերությունների պարտավորությունՙ միջուկային զենք չկիրառել նման երաշխիքներ ստացած պետության դեմ: Երկրորդ, այնտեղ, իհարկե, կան նաեւ քաղաքական պարտավորություններ, որոնք լիովին համընկնում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը հարգելու ԵԱՀԿ պարտավորությունների հետ: Այնտեղ չկան զինված պետական հեղաշրջումների արդյունքները ճանաչելու պարտավորություններ»:

«Ռոսիյսկայա գազետա» թերթը միանգամայն հավանական է համարում, որ Բազելում այդ թեման արծարծված լինի Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի առանձնազրույցի ժամանակ: Ամերիկացի դիվանագետները թերեւս սկսել են գիտակցել միջուկային Ուկրաինայի վտանգավորությունը: Պետդեպարտամենտում 5 օր մտածում էինՙ ինչպես արձագանքել Կիեւի միջուկային նկրտումներին: Ի վերջո դեկտեմբերի 10-ին Սպիտակ տան դիրքորոշումը բարձրաձայնեց պետդեպարտամենտի ղեկավարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերի գծով տեղակալ Ռոուզ Գոտմյուլլերը:

Եվ ահա պարզվեց, որ վերջին մի քանի տարում թերեւս առաջին անգամ Ուկրաինայի առնչությամբ Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները փաստորեն համընկնում են: Գոտմյուլլերը նախատեց Կիեւին եւ ուկրաինացիների համար կանխագուշակեց Հյուսիսային Կորեայի ճակատագիր, եթե նրանք շարունակեն երազել միջուկային զենքի մասին:

«Այս ճանապարհի շարունակման դեպքում Ուկրաինային սպասում է Հյուսիսային Կորեայի կամ Իրանի նման վտարակ երկրի կարգավիճակ: Ուկրաինան ուզո՞ւմ է արդյոք հայտնվել նման ընկերակցության մեջ», հայտարարեց Գոտմյուլլերըՙ ավելացնելով, որ միջուկային ներուժի վերականգնումը կհանգեցնի այն բանին, որ երկիրը «աշխարհում կկորցնի առաջատար դերը միջուկային զենքի չտարածման հարցում, ինչպես նաեւ հուսալի գործընկերոջ կարգավիճակը»: Բացի դրանից, ըստ Գոտմյուլլերի, միջուկային զենքը բնավ չի ուժեղացնի Ուկրաինայի անվտանգությունը: «Ճիշտ հակառակը: Նման փոփոխությունների հետեւանքները Ուկրաինայի համար կլինեն պարզապես աղետալի»: Դժվար է չհամաձայնվել ամերիկացի դիվանագետի հետ:

Կիեւում միջուկային զենքի գլխավոր ջատագովը ազգայնական «Ազատություն» կուսակցությունն է, որի ծրագրում նույնիսկ առանձին կետ կա այդ մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ