RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2110, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐՏԱԳԱՂԹ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ինքնահամոզման դառը ճշմարտությունը

Մեր երկրում արտագաղթի պատճաները տարեցտարի ավելի բազմաշերտ են դառնում: Եթե 1990-ականներին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն էր, մութն ու ցուրտը, ապա 2000-ականներից սկսածՙ արտագաղթի ցուցանիշներն ահագնանում ենՙ հիմքում կրելով սոցիալական անհավասարության, անարդարության ու բարոյահոգեբանական դրդապատճառներ: Այն հասարակությունը, որը չունի միջին խավ, բաժանված է երկու բեւեռներիՙ չքավորների եւ հարուստների միջեւ, բնական աճ չի կարող ունենալ: Վիճակագրական պատկերի համաձայն, հենց միջին խավն է լքում հայրենիքըՙ զգալով չքավորության ու բարոյալքման մոտալուտ վտանգը: Յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը նրա միջին խավն է, որը հանդիսանում է հիմնական աշխատուժն ու գիտակրթական, մշակութային ներուժը: Չքավոր շերտի գիտակցական մակարդակն ու սոցիալական հնարավորությունները չեն ներում, որպեսզի իր ապագան փոխելու, կյանքի որակը լավացնելու քայլեր անի, իսկ հարուստ խավն արտագաղթելն անիմաստ է համարում, որովհետեւ քաջ գիտեՙ հարստահարելով հարստություն կուտակելու եղանակները եվրոպաներում չեն անցնում: Հայերը Հայաստանից արտագաղթում են հետեւյալ պատճառներով:

1. Ֆինանսատնտեսական - Մարդիկ կայունություն են ակնկալում մի երկրում, որտեղ ծնվել-հաստատվել ու ապրում են: Կյանքի փուլերը ծրագրել առանց ֆինանսական նվազագույն ապահովության, անհնար է: Հայաստանի բնակչության 50 տոկոսի կարծիքով շատերն արտագաղթում են գործազրկության պատճառով: Դրան ավելանում է գնաճի եւ աշխատավարձի անհամապատասխանությունը: Պատկերը հետեւյալն էՙ ամբողջ ամիս աշխատում ես, բայց ստացած աշխատավարձով անգամ նվազագույն կենսապայման չես կարող ապահովել:

2. Կրթական - Ստացել ես բարձրագույն կրթություն, որը, սակայն, աշխատանք գտնելիս դեր չի խաղում: Մասնագիտությունն ու պահանջարկի դաշտը փոխհամաձայնեցված չեն, իսկ պահանջարկի հրամայականով այլ կրթություն ստանալը նոր ռեսուրսներ է պահանջում: Մասնագիտական որոշակի որակ ունեցողները նախընտրում են վերապատրաստվել ու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալ դրսում, քանի որ մեր բուհերը համապատասխան մասնագիտական որակ չեն ապահովում:

3. Մշակութային - Այն, ինչ մատուցվում է այս դաշտում, ոչ բոլորի ներքին գեղագիտական պահանջներն ու ճաշակն է բավարարում: Երբ մշակութային կոչվող միջավայրում մարդը չի գտնում իր բաժինը, իր հոգեկերտվածքին ու նախասիրություններին հարիր նյութ, օտարվում է այդ միջավայրից: Մշակութային բարձր արժեհամակարգի նկատմամբ քամահրանքը վիրավորում է նրանց ճաշակն ու ազգային արժանապատվությունը: Ազգային արժեքների անկումը, հոգեւոր պահանջների անտեսումն ու դրանց փոխարեն ցածրակարգ տարրեի ֆետիշացումը ստիպում է նրանց որոնել իրենց մշակութային նախասիրություններին համապատասխան այլ միջավայր:

4. Նվաստացման հոգեվիճակ - Կյանքը համեմատություն է: Երբ սեփական ընդունակություններդ ու որակդ համեմատում ես կողքինիդ հետ, իսկ առավելությունը քո կողմն է, բնականաբար, կրկնապատկվում են կյանքի պայմանների նկատմամբ պահանջներդ: Սակայն մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը. առաքինի, պարկեշտ, կիրթ, զարգացած քաղաքացին չի ապրում որակական իր հատկանիշներին համապատասխան կենսապայմաններում: Մինչդեռ իր կողքին ապրող ինտելեկտուալ ու մարդկային ցածր նկարագիր ունեցողին տրված են ապրելու, գործելու անսահմանափակ հնարավորություններ:

5. Սոցիալական կարգավիճակի վատթարացում - Մարդու պահանջմունքներից մեկն էլ կյանքի որակի աճն է: Հասարակ համեմատություն. անցյալ տարի սոցիալական պայմաններն ավելի լավն էին, քան այս տարի: Իսկ իրական երաշխիքները գնալով պակասում են: Առաջընթացի նախադրյալներ չտեսնելու պատճառով եւ հետընթացից խուսափելու համար մարդիկ սկսում են բախտ որոնել դրսում:

6. Հոգեբանական - Արտագաղթի համատարած տրամադրությունն ինքնըստինքյան քեզ էլ է պատում: Եթե շատերը հեռանում են երկրից, ուրեմն վիճակը լուրջ է, պարզապես դու չես խորությամբ ընկալում այն: Կասկած ու մտավախություն է առաջանում. արդյո՞ք հայրենիքում մնալը ճիշտ է, միգուցե ամեն ինչ սրընթաց կերպով ավելի վատանա: Եթե ոչ, ապա ինչո՞ւ արտագաղթելու տրամադրվածություն ունեն անգամ համեմատաբար բարեկեցիկ ապրողները:

7. Անվստահության ու վախի մթնոլորտ - Վաղվա օրն անորոշ է, ոչ մի հույս չի կարելի կապել ապագայի հետ: Չկան նախադրյալներ ու հիմքերՙ համոզվելու, որ վաղն ավելի վատ չի լինելու, քան երեկ ու այսօր: Հեռանկարների բացակայությունը վախի մթնոլորտ է առաջացնում: Մարդը վախենում է անորոշությունից ու կասկածներից, որոնք հաղթահարելու համար ինքն անզոր է: Մարդը վախենում է իշխող բարքերի դեմ պայքարելու իր անզորությունից:

8. Ինքնադրսեւորման եւ կայացման հնարավորությունների սահմանափակում - Մեր երկրում սեփական ուժերով առաջ գնալը հեքիաթի երեք կարմիր խնձորի խաբկանքով ապրել է նշանակում: Մասնագիտական ու մարդկային արժեքների վրա հիմնվելով ու, մանավանդ, օրենքի տառին համապատասխան գործելովՙ ոչնչի չես հասնի: Կայանալու համար առաջ բրթողներ են պետք, իսկ այդ դեպքում սեփական բարձր արժանիքների կարիքը չկա: Ելնելով բազմաթիվ օրինակներիցՙ մարդը տեսնում է, որ առանց հեղինակավոր միջնորդի, հնարավոր չէ կայանալ: Ոչ մի պատահական մարդ միայն սեփական արժանիքների շնորհիվ որեւէ ոլորտում չի կարող կայանալ:

9. Անվստահելի ապագա երեխայիդ համար - Երեխայի մոտալուտ ապագան հարկավոր է որոշ չափով ծրագրել: Ի՞նչ կրթություն տալ, որպեսզի հետագայում երեխան արժանավայել ապրի: Դաստիարակել սեփական սկզբունքներին հակառա՞կ արժեհամակարգով, որպեսզի երեխան կուլ չգնա ջունգլիների օրենքներին, թե՞ հավատարիմ մնալ սեփական տեսակինՙ համոզված, որ նման դաստիարակությամբ երեխան հետո ճնշվելու է գռեհիկ ու բիրտ միջավայրում: Յուրաքանչյուր հայ ծնող իր կյանքն անիմաստ չի համարում մի դեպքում, երբ վստահ է , որ իր երեխան իրենից ավելի լավ է ապրելու: Ի դեպ, ապացուցվել էՙ այն սերունդը, որը ծնվել է 1970-80-ականներին, միակ սերունդն է, որն ավելի վատ է ապրում, քան իր ծնողներն են ապրել երիտասարդ ու միջին տարիքում: Հավանականություն կա, որ այդ սերնդի երեխաներին նույնպես կենսական բարելավումներ չեն սպասվում:

10. Օգտագործված լինելու զգացում - Իր հայրենիքում ապրող քաղաքացին իր երկրի ղեկավարներին պետք է միայն հարկեր, տուրքեր ու վարկեր վճարելու համար: Մարդն իրեն զգում է թալանված ու հարստահարված. իմ հայրենիքին միայն իմ փողերն են պետք, եթե վճարունակ չլինեմ, անպետք իրի պես դեն կշպրտվեմ:

Հ.Գ. Ընդհանրապես մարդ բանականն իր հայրենիքը լքում է ոչ թե ստամոքսի, այլ իր ներսի դատարկությունը լցնելու հույսով: Երբ օտար երկրում ես քեզ նվաստացած զգում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ինչպե՞ս հիմնավորես ստրկային կարգավիճակդ քո իսկ հայրենիքում: Ամենասարսափելին ինքնահամոզմանը հանգելն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ