RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԼԵՊՈՒՄ

Հ. Ծ.

«Փառավոր անցյալ, անորոշ ապագա» ընդհանուր խորագրի ներքո Հալեպում հայերի ներկայության մասին դասախոսությամբ հանդես է եկել դոկտ. Էլիզ Սեմերջյանը Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՆԱԱՍՐ) կենտրոնում, տեղեկացնում է Արամ Արքունը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում»: Սեմերջյանը Ուալլա-Ուալլայի (Վաշինգտոն) Ուիթմեն քոլեջում է դասավանդում եւ հեղինակ է բազմաթիվ հոդվածների օսմանյան շրջանի Հալեպի վերաբերյալ: Պատմության գծով դոկտորական է պաշտպանել 2003ին Ջորջթաունի համալսարանում: Երկու անգամ արժանացել է Ֆուլբրայթ մրցանակի:

Դասախոսության ընթացքում նա հետաքրքրական փաստերով հերքել է այն թյուր կարծիքը, որ հայերը 1915-20 թվականներին են հիմնականում հաստատվել Սիրիայում: Նրա պնդմամբ դեռեւս 16-րդ դարի վերջերին տեղի է ունեցել հայերի առաջին հոսքը, Հայաստանում եղանակի փոփոխման եւ բերքի սակավության որպես հետեւանք: Այնուհետեւ Ջուղայի անկումը (Օսմանյան-սաֆավիդ պատերազմներ) նպաստել է, որ այդ շրջանից բազմաթիվ հայեր փոխադրվեն Հալեպ: Երրորդ հոսքը 18-րդ դարում է սկսվել Կիլիկիայից եւ Փոքր Ասիայից: Չորրորդ հոսքըՙ 19-րդ դարում Աբդուլ Համիդի օրոք: Հինգերորդըՙ 20-րդ դարումՙ Հայոց ցեղասպանության որպես հետեւանք եւ 6-րդը Ալեքսանդրետի սանջաքից ֆրանսիացիների հետքաշման արդյունքում 1939-ին:

Դասախոսությունը համեմված է եղել ուշագրավ պատմություններով, որոնցից մեկը եղել է Սուլթան Մուրադ IV-ի մասին: 1616-ին երբ նա Հալեպով անցնելիս է եղել, ճաշի է հրավիրվել հայազգի հարուստ առեւտրական Խոջա Պետիկի կողմից: Գեղեցիկ հախճապակյա ամանների մեջ ճաշը մատուցելուց հետո ամանները ջարդել են հյուրընկալողները: Արարքը սուլթանի զարմանքն է առաջացրել: Բացատրել են, որ նրանից հետո ոչ ոք արժանի չէ այդ ամաններից օգտվելու: Պատասխանը մեծապես տպավորել է սուլթանին, ով անմիջապես թույլատրել է Պետիկի եղբորՙ Խոջա Սանոսին, վերանորոգելու Քառասնից Մանկանց եկեղեցին: Եղբայրները 1610-40 թվերին մաքսային պետի պաշտոնն են վարել հաջորդելով մեկը մյուսին:

Սեմերջյանը անդրադարձել է նաեւ վերջին շրջանի անցուդարձերին եւ մտահոգություն հայտնել ապագայի հանդեպ: «Հալեպը եւ Բեյրութը երկու կարեւոր կենտրոններ են եղել ինչպես արեւմտահայերեն գրական լեզվի պահպանման, այնպես էլ կրթական մշակներ պատրաստելու առումներով», նշել է նա ավելացնելով, որ առանց Հալեպի շատ բան վտանգված է լինելու:

Դոկտ. Ն. Տարագճյանՙ Ամերիկայի ավետարանչական ընկերակցության խորհդի նախագահ

Պրեմսից (Նյու Ջերզի) ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) վարչական խորհուրդը ընտրել է հետեւյալ անձանց, որպես խորհրդի դիվանի նոր անդամներ. դոկտ. Նազարեթ Տարագճյանՙ նախագահ, դոկտ. Մայքլ Ոսկյանՙ փոխնախագահ, իրավաբաններ Թոմաս Մոմճյան եւ Արսինե Ֆիլիպսՙ ատենադպիրներ, եւ դոկտ. Նուրհան Հելվաճյանՙ գանձապահ:

Դոկտ. Տարագճյանը ծնվել է Հալեպ (Սիրիա): 13 տարեկանին ընտանիքը փոխադրվել է Լիբանան, որտեղ նա հաճախել է Բեյրութի Հայ ավետարանական քոլեջը, ապա Ամերիկյան համալսարանը: 1976-ին քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքը փոխադրվել է Չիկագո, որտեղ Նազարեթը շարունակել է իր բժշկական ուսումը Լոյոլա համալսարանում, մասնագիտանալով ակնաբուժության ասպարեզում: 1982-ին փոխադրվում է Կալիֆոռնիա, որտեղ Լոս Անջելեսի միացյալ Հայ ավետարանական եկեղեցու գործուն անդամ է դառնում: Նա երկար տարիներ եղել է ԱՀԱԸ-ի վարչական խորհրդի անդամ: Ներկայիս ատենապետն է Գլենդեյլի «Լարք» երաժշտական ընկերակցության «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի:

Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ