ԵԹԵ... Հ. Ա. Եթե Վ.Պ.-ն (չխառնել Վլադիմիր Պուտինի հետ) չմտներ Ավետիսյանների տուն, ապա Ավետիսյաններն այսօր ողջ կլինեին: Եթե Վ.Պ.-ն չգար Հայաստան` ծառայելու, ապա չէր մտնի Ավետիսյանների տուն: Եթե ՌԴ համապատասխան մարմինները բծախնդրորեն ընտրեին իրենց բանակի կադրերին, ապա Վ.Պ.-ն չէր գա Հայաստան ծառայելու: Եթե ՌԴ բարձր ղեկավարությունն ունենար համապատասխան կամք, ապա ՌԴ համապատասխան կառույցներն ավելի բծախնդրորեն կընտրեին իրենց բանակի կադրերին: Սաՙ ինչ վերաբերում է Ռուսաստանի մեղքին: Մյուս կողմից, եթե Հայաստանի իրավապահները, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից (եւ պարտավորությունից) Հայաստանի տարածքում լավ փնտրեին եւ հայտնաբերեին Վ.Պ.-ին, ապա վերջինս այսօր Ռուսաստանի իրավազորության տակ չէր լինի: Եթե Հայաստանի բարձր իշխանություններն ունենային համապատասխան կամք, ապա ՀՀ իրավապահները կօգտվեին իրենց սահմանադրական իրավունքից (եւ պարտավորությունից): Եթե Ռուսաստանը չլիներ Հայաստանի անվտանգության երաշխավորը, համենայն դեպս` ըստ միջպետական մի շարք համաձայնագրերի եւ ըստ պաշտոնական հայտարարությունների, ապա ՀՀ բարձր ղեկավարությունը կունենար համապատասխան կամք: Եթե ՀՀ բարձր ղեկավարությունը չհամարեր, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ապա կունենար համապատասխան կամք: Եթե Հայաստանի բոլոր իշխանավորների համար բնավորություն դարձած չլիներ` հայ-ռուսական համաձայնագիր կնքելը, ապա ռուսական ռազմաբազան կամ չէր լինի,կամ շուտով կհեռանար, գուցե, Հայաստանից: Եթե ռուսական ռազմաբազան հեռանար Հայաստանից, ապա Հայաստանը մենակ կմնար թուրք, որոշ վերապահումներով նաեւ` ադրբեջանական վտանգի առջեւ: Եթե Հայաստանը չունենար հիշյալ վտանգի առջեւ մենակ մնալու մտավախություն, ապա ռուսական բազան կհեռանար Հայաստանից: Եթե ՀՀ իշխանություններն ունենային սեփական ուժերի վրա վստահություն, ապա կունենային նաեւ համապատասխան կամք: Եթե Մխիթար սպարապետին համանուն ֆիլմում մարմնավորած` այժմ եւ վաղուց մոսկվաբնակ Արմեն Ջիգարխանյանը ֆիլմի վերջում հիացական եւ ուրախությամբ չբացականչեր` «ռուսները,ռուսները, ռուսները», ապա հայ-ռուսական նոր համաձայնագիր կնքելը բնավորություն չէր լինի ՀՀ բարձր իշխանությունների համար: Եթե Մխիթար սպարապետի Հայաստանը հայտնված չլիներ թուրքական շրջափակման եւ բնաջնջման վտանգի առջեւ, ապա` սպարապետը ի դեմս Արմեն Ջիգարխանյանի չէր բացականչի` «ռուսները, ռուսները, ռուսները»: Եթե Խաչատուր Աբովյանը անհետ չկորեր, գուցե մի հարցական ավելացներ իր հայտնի խոսքին: Սաՙ ինչ վերաբերում է մեր մեղքերին, կամ մեր մեղքերն ու անայլընտրանք գործողություններն արդարացնող պատճառներին: Հիմա հասկանանք, ո՞վ է մեղավոր, ռուսնե՞րը... Եթե մենք համոզված լինեինք, որ հենց նրանք, կամ միայն նրանք, ապա այս հոդվածը չէր գրվի: |