RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015



Տեղադրվել է` 2015-01-23 00:18:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1677, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացված մի շարք դիվերսիոն գործողությունների հետեւանքով մենք ունեցանք երկու զոհ: Կարեւոր չէ, թե ովքեր: Ցանկացած անունով ցանկացած հայ զինվոր մերն է, հետեւաբար յուրքանչյուր անունով յուրաքանչյուր զոհված, էլի մերն է: Նրանց մահը մենք սգում ենք` անկախ նրանց անուններից:

Հայաստանի, ապա եւ Արցախի Հանրապետությունների նախագահներ` Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինվորները պարգեւատրվեցին Արիության մեդալով: Հետմահու պարգեւատրվեցին: Ու ես չգիտեմ, թե ի՞նչ են անելու այդ մեդալները այդ ընտանիքներում: Փոխարենը ես գիտեմ, թե որքան կուրախանային ողջ զինվորի ծնողները, նրա ընտանիքի անդամները, եթե իրենց որդին Արիության մեդալ ստանար` կենդանության օրոք: Ի՞նչ է, մեր ողջ զինվորները արիությամբ աչքի չե՞ն ընկնում, ավելի ճիշտՙ միայն հանուն հայրենիքի զոհվե՞լն է մեզանում ընկալելի` որպես արիության դրսեւորում:

Սահմանին, հակառակորդից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գիշեր-ցերեկ կանգնած զինվորը, շարքային զինվորը,թույլ տվեք` ՇԱՐՔԱՅԻՆ զինվորը, արդեն իսկ արի է: Ու երբ մենք նրան ոչ թե իհարկե զուտ սահմանին կանգնելու, այլ իր որոշ գործողությունների համար չենք պարգեւատրվում, նշանակում է չենք ընդունում նրա` ոչ թե մեռնել, այլ` ապրել հանուն հայրենիքի մղումը, դրանում առկա բարձրագույն արիությունը: Ոչ Հայաստանի, ոչ Արցախի նախագահները դեռ երբեք չեն պարգեւատրել ողջ շարքային զինվորին` ցուցաբերած արիության համար, մինչդեռ այդ արիությունը ողջերը եւս ցուցաբերում են: Եւ այդ պարագայում այդ մեդալները միայն ուրախություն են,միայն հպարտություն, միայն հրճվանք, միայն հայրենասիրություն...

Ոչ ոք չի կարող երաշխավորել այս գիշեր սահմանի ողջ երկայնքով կանգնած մեր շարքային զինվորներից ոչ մեկի կյանքի համար: Ուրեմն նա հենց այսօր, հենց այս գիշեր հնարավոր զոհ է, եւ նա գիտի այդ մասին, եւ նա կանգնած է մնում` այդ իմանալով, եւ նա արի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ