RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1886, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԱՌԱԿՏՄԱՆ ԿՐԱԿԻՆ ՅՈՒՂ ՉԼՑՆԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մի քիչ շատ չե՞ն հայ հասարակությանը պառակտող, նրան տարբեր բեւեռներում սեղմող, ատելության ու թույնի պաշար ամբարող միջադեպերն այս տարվա սկզբից, ու այդ բոլորում ձեռագիր նկատողն արդյո՞ք չափազանցում է: Չգիտենք: Ցավալի իրադարձություններն իրար հետեւից պառակտում են հայերիս այն դեպքում, երբ միասնաբար շատ անելիք կա Ցեղասպանության տարելիցին ընդառաջ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տարելիցի նպատակամետ ազդեցությունը տարբեր սադրանքներով թուլացնելը բխում է հակահայկական շահերից: Հիմա եթե այդ տեսանկյունից նայենք մեր սահմաններում առկա ծայր լարվածությանը, անցած տարի մեր ուղղաթիռի խոցման փաստից սկսած, այս տարվա սկզբին հակառակորդի ցուցաբերած լկտիությանը (իհարկե` արժանի կերպով հետո պատժված), Գյումրիի սպանդին, Բերձորում տեղի ունեցածին, ցանկության դեպքում կարելի է նկատել ծիրը` հայերիս ուշադրությունը կոտորակվում է, զգոնությունը` բթանում, հանրության ներսում առաջանում է պառակտում, ինչը կարող է նաեւ որակական առումով անդրադառնալ տարելիցի միջոցառումների կազմակերպական ջիղին: Չէ որ հայտնի կողմը եւ նրա ֆավորիտները շարունակում են ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ մենք որակյալ հակամիջոցներ պետք է դեմ տանք: Բացի այդ` տեղի ունեցողի աշխարհաքաղաքական բալաստը ցանկության դեպքում կարելի է հայտնաբերել: Իսկ որ մեր հասարակությունը պառակտվում է` ապացույցներ պետք չեն, ընդամենը մտեք սոցիալական ցանցեր, կտեսնեք մարդկանց` միմյանց հանդեպ ատելության ու թույնի գերդոզավորված արձակումները, որը ոչ մի լավ բանի մասին չի խոսում, եւ դրանք չեզոքացնելու քայլերն ու ջանքերը եւս առայժմ որակական առումով տեսանելի չեն (խոսքը չի վերաբերում վարչական կամ քրեական մեթոդներին, որոնք, ընդհակառակը, կարող են խորացնել հասարակության զայրութը)` նախ մեր կյանքը բարելավելու համատեքստում:

Բերձորում տեղի ունեցածը ով չի ալարումՙ դատապարտում է: Մեկ շաբաթ դիտելով դատապարտողներին ու վերլուծողներին`տեսնում ենք, որ ոչ ոք չի ուզում խորանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ այդպիսի բան, ի՞նչ հետին նպատակներ կարող էին լինել անտեսանելի սցենարի հետեւում, որ կարծես ծիկրակում է եղելության ամեն քսանչորսերորդ կադրից (հայտնի ակնարկ է` կադրը չփնտրել): Բացի այդ` եղածի վերաբերյալ պաթոսով խոսողները չեն կարողանում ուղեղն անջատել կուսակցական պատկանելությունից եւ ավելի լայն հայացքով նայել հերթական ապամիասնականացնող իրադեպին, լեզուն ուղեղից առաջ գցելով` ծանրանալով միայն երկու ստերեոտիպ շեշտադրման վրա: Երբ հայերս սովորենք մի քանի քայլ հեռու տեսնել մեր տարածքի գործընթացները, հատկապես ողբերգական դեպքերի պատճառներն ու հետեւանքները եւ դրանք վեր հանելու գոնե ազնիվ, չմոտիվավորված փորձեր անենք, շատ բան գուցե փոխվի նաեւ մեր շուրջը: Եւ այսպես` անդրադարձերի մեջ գերակշռում էր Նախախորհրդարան-Հիմանդիր խորհրդարանի վերցրած կարգախոսի անընդունելիությունն ու անհարիր լինելը` Ցեղասպանության 100րդ տարելիցին (մենք զերծ կմնայինք «ամյակ» սխալ հոլովույթից), այդ կարգախոսով առաջնորդվողների կարճատեսության մատնացույցը, զուգահեռ` անընդունելի համարելով նաեւ բռնությունը Արցախյան պատերազմի մասնակցի, ընդհանրապես` այդ ակցիայի. անունը` իրազեկման ավտոերթ, մասնակիցների հանդեպ: Ոչ ոք չի ուզում խորանալ այն բանի մեջ, թե ո՞վ, ինչու եւ ինչ ներշնչելով էր հավաքել արցախցիների բավական մեծ խմբի, ինչու էին նրանց բերել Հայաստան-Արցախ սահման` ավտոերթին ընդառաջ, եւ ինչ դուրս կգար դրանից, եթե, իրոք, ավտոերթի մասնակիցներն ու նրանք բախվեին, աստված մի արասցե` զոհեր լինեին, եւ ոչ թե` ավտոերթի մասնակիցների միակողմանի ծեծուջարդ: Իսկ այդ հարցի պատասխանի ստացումն անհրաժեշտ է` կանխելու համար այս տեսակ անցանկալի երեւույթները, որպեսզի դրանք այլեւս չկրկնեն: Ու պետք չէ թվացյալ «հայրենասիրական» ելույթների տակ սվաղել իրադեպի իրական վտանգը, որը խաղաքարտ կդառնար մեր թշնամի զույգ պետությունների ձեռքին` նախ փաստական պատերազմի մեջ գտնվող Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ: Եթե, իհարկե, արդեն չի դարձել: Էդ միագիծ` «Իսկ դու դատապարտե՞լ ես Սեֆիլյանին» սովետիզմը եկեք մի կողմ դնենք, ավելի օգտակար կլինի տեղի ունեցածի անաչառ բացահայտումը:

Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր հայ պետք է թանկ լինի հայկական աշխարհի համար, անկախ նրանից` ընդդիմադիր է, իշխանամետ, թե՞ մեջտեղում: Բայց եւ մի շարք նկատառումեր, այնուամենայնիվ, վեցօրյա քննարկումների պաթոսից ուզում ենք առանձնացնել: Նախ` տողերիս հեղինակը, մեծ հաշվով` նաեւ «Ազգը» անցյալում համարյա չի լուսաբանել կամ շատ քիչ է լուսաբանել Նախախորհրդարանի կամ Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությունները ոչ թե համակրանքներից կամ հակակրանքներից ելնելով, այլ մի պարզ պատճառով` քաղաքականությամբ զբաղվել փորձող այս միավորի ազդեցությունը հասարակության վրա չնչին է եղել, իսկ մենք հազիվ ենք հասցրել լուսաբանել առավել ազդեցիկ ուժերի շարժը քաղաքական դաշտում: Այդքանից հետո կարելի է միայն զարմանք հայտնել առ այն, որ հայկական երկրորդ հանրապետությունում այդքան կարեւորել էին այդ ուժին կամ նրա Արցախ գալը, որ օրերով պատրաստվել էին, քիչ է, դեռ տեղում այնքան անհամարժեք պահեցին իրենց, որ հիմա դրա բացասական անդրադարձի ստվերից դուրս գալու համար Բակո Սահակյանը պետք է շատ ջանա ` հանձնարարելով քննել ու վեր հանելով պաշտոնազանցությունը (համենայնդեպս` նա խորհրդակցություն հրավիրել է այդ հարցով եւ հանձնարարականներ տվել է` ուսումնասիրելու եւ պատասխանատվության կանչելու խախտում անողներին), եւ ամենակարեւորը` սահմանազատվելով այդ խախտումներից, անգամ եթե ազդակները Հայաստանից են եղել: Արցախի անվտանգությունը, նրա ու նրա նախագահի` ժողվրդավարական երկրի ու ժողովրդավարական նախագահի իմիջի պահպանումն է դա պահանջում: Հուսով ենք, որ նա առավել սթափ կգնահատի դեպքի հետեւանքով Արցախի իմիջին հասցված վնասը, քանի որ Բակո Սահակյանից ստացած մեր անձնական տպավորությամբ` նա ավելի պրագմատիկ եւ նեղ շահերից վեր կանգնող պետական գործիչ է: Եվ կրկին ուշադրություն հրավիրենք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կարծիքով պահպանողական արցախցիներին այնքան դժվար է նոր գաղափարներով վարակելը կամ կարծիք պարտադրելը, կարելի էր ենթադրել, թե ավտոերթը Արցախ մտնելով` մարդ չէր հավաքելու ու հետ էր դառնալու քոռուփոշման: Մինչդեռ այդ ակցիային զարմանալի կերպով վերագրվել է ինչ-որ չեղած մոգական ուժ` սա ո՞ւմ ջանքն է: Անգամ Արցախի հերոս Կոմանդոսը` հայտնի Արկադի Տեր-Թադեւոսյանը նշել է, որ Հիմնադիր խորհրդարանի մասին իմացել է այդ բռնությունների համատեքստում: Մյուս զարմանքը վերաբերում է նրան, թե ինչ էր նշանակում արդեն հետ դարձող շարասյան մեքենաներն ու մարդկանց ջարդելը, ինչով են մտածել այդպես վարվողները, ինչու են ուզեցել այդպես հարվածի տակ դնել երկրի ու նրա նախագահի իմիջը, թե՞ հակառակորդի ձեռքը զենք չդնելու գիտակցություն միայն ընդդիմադիրներից է պահանջվում: Բայց հենց ընդդիմադիրները կարող են պետության զգացողություն չունենալ, իսկ պատերազմի մեջ գտնվող երկրի իրավապահները պարտավոր են, ու նրանց ոչ համաչափ պահվածքը իրադրությանը ոչ մի արդարացում չունի` եթե ինչ որ արդյունք են ակնկալել այդպես, հասցված վնասն այդ «արդյունքից» տասնապատիկ ավելի է: Իսկ գաղափարի ու կարգախոսի անհարիրության («Հարյուրամյակն առանց ռեժիմի») եւ անհեռանկարության մեղքը, այո, կարելի է Ժիրայր Սեֆիլյանին ուղղել, քանի որ ով- ով` նա ամենից լավ պետք է հասկանար այդպիսի կարգախոսի մեջ դրված ականը, ով-ով` նա ավելի լավ պետք է իմանար, որ կարող են եւ այս կերպ դիմավորել ավտոերթը, այդպիսի իրավիճակ հնարավոր է` գոնե հայաստանյան իրողությունների հիման վրա նրա փորձառությունը կամ Գյումրիում տեղի ունեցածը պետք է հուշեին դա: Բացի այդ` Արցախի համար կռվածը Արցախի՛ վարկի մասին պիտի մտածած լիներ հենց` թեկուզ իր նախորդ ջանքի վրա դողալով: Եթե չի ենթադրել, հա, այս կետում համաձայնենք, ուրեմն երիցս իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքականությունը նաեւ ճիշտ հաշվարկներ ու կանխատեսումներ անելու արվեստ է:

Մի վտանգավոր միտք լսեցի Հիմնադիր խորհրդարանի համակիրներից, թե այդ կարգախոսն իմաստ ունի հատկապես Ապրիլի 24-ին Եղեռնի հուշարձան բարձրացող ժողովրդին իրողությունները բացատրելու առումով. սա արդեն չափազանց է` մի խառնակություն էլ ժողովրդի առավելագույն կուտակումների այդ օրերին է պետք անել, հա՞, սա ընդհանրապես մերժելի գաղափար է: Զոռով չի, եթե հասարակության վրա ազդեցություն ունեք, ընտրություններին մասնակցեք, էս երկիրը խառնշտելու ցանկությունը հասարակության գերակշիռ մասի ցանկության հետ չի համընկնում, չնայած եղած վիճակից հանրության ստվար հատվածի դժգոհության առկայությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ