ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ` Ի՞ՆՉ ՈՒՆԵՑԱՆՔ 2014-ԻՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2014-ին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճեց 3,9 տոկոսով: Նկատի ունենալով, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը հրապարակվում է ըստ եռամսյակների, այս պահին այն հայտնի չէ: Սակայն, սովորաբար, ՀՆԱ աճի ցուցանիշը շատ չի տարբերվում տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ): Ուստի, կարող ենք արձանագրել, որ այս տարվա տնտեսական (ՀՆԱ) աճի վերջնական ցուցանիշը Հայաստանում ցածր կլինի 4 տոկոսից եւ բարձր 3 տոկոսից: Լավ է սա, թե՞ վատ: Հարցին պատասխանելու համար հիշեցնենք, որ 2014-ին ՀՀ պետական բյուջեի հիմքում դրված էր 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Միեւնույն ժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեր երկրի համար այս տարի կանխատեսում էին շատ ավելի ցածր աճ` Արժույթի միջազգային հիմնադրամը 2,5 տոկոս, Համաշխարհային բանկը` 2,6 տոկոս: Իրականում արձանագրվեց լավատեսական եւ հոռետեսական կանխատեսումների միջեւ գտնվող ցուցանիշ: 3-4 տոկոս տնտեսական աճի տեմպը զարգացման միջին մակարդակ ունեցող երկիր համարվող Հայաստանի համար, այդուհանդերձ, համեստ ցուցանիշ է: Մեր երկրի առջեւ կանգնած ռազմավարական, սոցիալ-տնտեսական եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է տնտեսական աճի ավելի բարձր տեմպ: Դրան, սակայն, լրջորեն խոչընդոտում են համաշխարհային տնտեսությունից եկող վտանգները եւ առկա զարգացումները: Հետեւաբար, առկա իրավիճակում երկնիշ տնտեսական աճ ակնկալել իրատեսական չէ, բայց ամեն ջանք պետք է ներդնել առնվազն 5-7 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ ունենալու համար, ինչը 2009-ի ճգնաժամից հետո դեռեւս անհասանելի նպատակ է Հայաստանի կառավարության համար: Անկում շինարարությունում եւ մարտահրավերներ արդյունաբերության համար Կարեւոր է նաեւ, թե Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերի հաշվին է եղել կամ պետք է լինի տնտեսական ցանկալի աճը: Երկնիշ աճի տարիներին` 2000-ականներին, այն առավելապես պայմանավորված էր շինարարության բուռն զարգացմամբ, որը, սակայն, ծանր հարված ստացավ ճգնաժամային 2009-ին եւ շատ հեռու է նախաճգնաժամային ծավալներից: Այս տարվա ընթացքում, բացի 4,3 տոկոս անկում արձանագրած շինարարությունից, մյուս ճյուղերն աճ են արձանագրել: Արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 7,2 տոկոսով, ծառայություններինը` 7,8 տոկոսով, առեւտրինը` 1,6 տոկոսով: Տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրվել է գյուղատնտեսությունում եւ ծառայություններում, բայց ավելի ցածր տոկոսային աճ արձանագրած արդյունաբերությունն ու առեւտուրը գումարային առումով համանման չափով են ավելացրել իրենց ծավալները: Ամեն դեպքում, դրական է իրական հատվածի` արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճը, բայց հատկապես արդյունաբերությունը, վերեւում հիշատակված` արտաքին պատճառներով, այս տարի բավականին բարդ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մետաղների գների նվազումը բացասաբար է ազդում եւ ազդելու հատկապես հանքարդյունաբերության վրա: Ներկա պահին արդյունաբերության արտադրանքի ծավալները երկրորդն են առեւտրից հետո եւ 2014-ին կազմել են 1 տրլն 288 մլրդ 155 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 48 մլրդ դրամով: Արտահանման առաջանցիկ աճը եւ ուղղվածության փոփոխություններ 2014-ին արտահանումը Հայաստանից աճել է 2,7 տոկոսով, կազմելով 1 մլրդ 519 մլն դոլար: Ներմուծումն աճել է 0,4 տոկոսով, կազմելով 4 մլրդ 401 մլն դոլար: Այսինքն, արտահանումը ներմուծման ծավալները գերազանցել է թե տոկոսային, թե գումարային առումներով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 114 մլն դոլարով նվազել է 2013-ի նույն ցուցանիշի համեմատ եւ 2014-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 882 մլն դոլար: 2013-ին արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը կազմել էր 2 մլրդ 996 մլն դոլար: Հետաքրքական են արտահանման ուղղվածության փոփոխությունները: Դեպի ԵՄ երկրներ 2014-ին արտահանումը կազմել է 437 մլն դոլար, նվազելով 11,5 տոկոսով, դեպի Ռուսաստան նվազել է 6,7 տոկոսով, կազմելով 365 մլն դոլար: Հիշեցնենք, որ դեպի ԵՄ արտահանվում են հիմնականում հումքային ապրանքներ` մետաղական հանքանյութ, իսկ դեպի Ռուսաստան` պատրաստի արտադրանք: Սակայն կտրուկ` 2,5 անգամ աճել է դեպի Չինաստան արտահանումը, կազմելով գրեթե 171 մլն դոլար, ինչը շատ հեռանկարային կարող է լինել: Գումարային առումով զգալի աճ է արձանագրվել նաեւ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք արտահանումը: Միջին աշխատավարձն ու ծնունդները ավելացել են, բայց բնակչության թիվը` նվազել Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում անցյալ տարի բարձրացել է 7,6 տոկոսով եւ կազմել 171 հազար դրամ: Սակայն տարեվերջի` դեկտեմբեր ամսվա դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 213 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում` 246 հազար դրամ, պետականում` 189 հազար դրամ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազար մարդ: 2014թ. հունվարի 1-ին այդ ցուցանիշը կազմել էր 3 մլն 17 հազար մարդ: Այսինքն, բնակչությունը նվազել է մոտ 7 հազարով: Սա այն դեպքում, երբ ծնելիության աճ է արձանագրվել: Անցյալ տարի Հայաստանում ծնվել է 43 183 մարդ` 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 3,4 տոկոսով ավելի, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով աճել է եւ կազմել` 14,3 տոկոս: Այդուհանդերձ, բնակչության թվաքանակը նվազել է` պայմանավորված միգրացիոն տեղաշարժերով: Ավելի շատ զբոսաշրջիկ ենք ընդունել եւ ավելի շատ մեկնել արտերկիր հանգստանալու Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2014թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 203 հազար 746 զբոսաշրջիկ կամ 11,3 տոկոսով ավելիՙ 2013-ի համեմատ: Միեւնույն ժամանակ, 2014թ.-ին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 մլն 198 հազար 60 մարդ կամ 2013-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբՙ 10,9 տոկոսով ավելի: Զանազան տարակարծություններից խուսափելու համար հիշեցնենք, թե ովքե՞ր են համարվում զբոսաշրջիկ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության համաձայն: Ըստ այդմ, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը: Հայաստանի արտաքին պարտքը 2014-ին նվազել է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 414 մլն դոլար, որից արտաքին պարտքը` 3 մլրդ 785 մլն դոլար, ներքին պարտքը (պետական պարտատոմսեր, վարկեր եւ փոխառություններ, ներքին երաշխիքներ)` 656 մլն դոլար: Կառավարության պարտքը 3 մլրդ 345 մլն դոլարն է, Կենտրոնական բանկինը` մոտ 440 մլն դոլար: Նախորդ տարվա` 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 3 մլրդ 899 մլն դոլարի համեմատ, Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 114 մլն դոլարով: Հիշեցնենք, որ արտաքին պարտքը ռիսկային է համարվում, եթե գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40-45 տոկոսը: Հայաստանում այդ ցուցանիշը ցածր է 40 տոկոսից: Սրանք էին անցած տարում մի քանի հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում էին, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական զարգացումներ են եղել 2014-ին: |