ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ «Ազգի» նախորդ համարում անդրադարձել էինք հունվարի 28-ին Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում լսված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությանըՙ «Ստրասբուրգյան օրագրի» առաջին մասը հրապարակելով: Ստորեւՙ այդ օրագրության շարունակությունը: Հունվար 27, Ստրասբուրգ Նոր տարվա զարդարանքները դեռ չհավաքածՙ Էլզասի 78,26 քառակուսի կիլոմետր տարածքի վրա 274.394 բնակչություն պարփակող այս գեղեցկուհին, որ իրականում երկու աշխարհներիՙ Գերմանիայի ու Ֆրանսիայի միջեւ դեռ կարգին չկողմնորոշված, այդուհանդերձ երկու մշակույթներն իրար հյուսած հավակնում է Եվրոպայի մայրաքաղաք բնորոշումը Բրյուսելից ավելի շատ իրեն հասցեագրել, աշխարհին պատուհան է դարձրել եվրոպական մի շարք հաստատություններՙ Եվրոպայի խորհուրդն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Դեղերի որակի եվրոպական վարչությունն ու Եվրոպական աուդիովիզուալ դատարանը, Եվրոկորպուսը, Եվրոպառլամենտը, Եվրոմիության մարդու իրավունքների եվրոպական պաշտպանի գրասենյակը, Հռենոսի վրայով նավարկության կենտրոնական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտը: Եվ այսքանով հանդերձ միջազգային գլխավոր հաղորդակցության միջոց անգլերենի համար մի անձեռնմխելի տեղ դպրոցում չի հավատարմագրել: Ֆրանսերենն իհարկե գերակա է, այստեղ ես զգումՙ պետական լեզվի պատմուճանն այնքան ամուր է կարված, որ չես մրսում, ինչքան էլ բնիկ էլզասյան բարբառը գերմաներենով քեզ շապիկ դառնա, դպրոցը մեկ էՙ անգլերենն էլ, ասել է, թե մյուս «օտար» լեզուներն այնպես է շուլալելու, որ նույնիսկ … մինչեւ 10 հաշվել չկարողանաս: Ինձ հանդիպած տաքսու երիտասարդ վարորդն իմ անգլերենի ու գերմաներենի առջեւ ոչ էլ խեղճացավՙ ֆրանսերեն հաշվում էր բարձրաձայն ու մատները ծալում: Սա հատուկ վատ խորհուրդՙ հայ տաքսուՙ ռուսերենից խեղճացող վարորդներին, որ ռուս լրագրողներին հաջորդ անգամ… Ստրասբուրգ ուղարկեն: Իսկ ընդհանրապես բնիկ էլզասցին շոյվում է, երբ առիթ ունի գերմաներեն խոսել: Ամուր կառչած իր բարբառինՙ տեղաբնակ զրուցակիցսՙ 50 անց Ժան Պոլն ասում է, թե դպրոցներում նույնիսկ արգելում են իրենց բարբառով խոսել, բայցեւ ափսոսում, որ ոչ մի օտար լեզու այդպես էլ չի յուրացնում դպրոցականը: «Հայրս ծնվել է որպես Գերմանիայի քաղաքացի, հետո երբ մեր տարածքը Ֆրանսիա դարձավ, քաղաքացիությունն էլ փոխվեց, բայց մարդն ինչո՞ւ փոխվի, ինչո՞ւ մոռանա իր բարբառը, ինքնությունը»: Ու օրինակ է բերում Ազնավուրինՙ «հարյուր տոկոսով հայ»: «Հարյուր տոկոսով ֆրանսիացի», շարունակում եմ ես: «Շառլի Էբդոյի» հումորը հասկանո՞ւմ, գնահատո՞ւմ է»: «Մենք էլ այդ թերթի մասին չգիտեինք, իսկ հումորը մի քիչ ուրիշ հայացք է, այնտեղ դա չկա, ոչ էլՙ խոսքի ազատություն: Իսկ աշխարհի մեծամեծները ուրիշ բանի համար էին հավաքվել, բայց դրանից կամ անվտանգության երաշխավոր ոստիկանների առատությունից մեր կյանքը հո գահավիժելու իր արագությունը չի՞ արգելակելու», ասում է Ժան Պոլը ու հավելումՙ «իմ սերունդը զենիթը տեսավ, մեր երեխաներին ժառանգեցինք Եվրոպայի մայրամուտը»: Նեղլիկ փողոցներով քաղաքի կենտրոնում, որ 1988-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս է համարվում, Sofitel հյուրանոց հասա այն պահին, երբ թուրքական պատվիրակությունից երկուՙ հեռուստատեսությունից ինձ ծանոթ դեմքեր մուտքի առջեւ ծխում էին: Հանցագործների, ոճրագործների ժառանգների կամՙ ավելի ստույգ ուրացող ոճրագործների հետ նույն հարկի տակ ենք ուրեմն լինելու: Հունվարի 27-ն է: Գերմանիայում անընդհատ հեռուստախցիկը Օսվենցիմի վերապրողների է որոնում-գտնում, վերապատմում նրանց հիշողությունները, ոճրագործների ժառանգները թեպետ ապաշխարել են, բայց վախ ունենՙ նույնը չկրկնվի՞ հանկարծ, երբ Դրեզդենից սկիզբ առած ու Գերմանիայի տարբեր քաղաքներում մահմեդականների դեմ աճող օտարատյացության թթխմորն այնքան չհասունանա, որ անվերահսկելի դառնա: Վիճակագրությունը փաստում է, թե հակառակՙ «Բազմամշակույթ Գերմանիա» կարգախոսը նախընտրող ցուցարարների քանակն էլ նվազելու միտում չունի: Թուրքերը շատ զգայուն են դարձելՙ «իսլամը Գերմանիային է պատկանում» ԳԴՀ նախկին նախագահ Վուլֆի ձեւակերպումը վերջերս կրկնեց նաեւ Մերկելըՙ անշուշտ արթնացնելով գերմանացիների մի ստվար հատվածի դժգոհությունը: «Իսկ քրիստոնեությո՞ւնը », ասում է 30-ամյա մասնագիտությամբ ուսուցչուհի հարեւանուհիս, որ նախկինում չգիտեր Հայաստանի տեղը, հիմա ինքն էլ չի ընկալում, թե ինչու հայերս դեռ ՄԻԵԴ-ում պիտի լսենքՙ ինչպես են վիրավորում մեր արժանապատվությունըՙ ազատ կարծիքը վեղար դարձրած քաղաքական սեւ հաշվարկների պաշտպանները: 2009-ին Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմից հետո թվում էր, թե Գերմանիայում գոնե չկա մեկը, որ չհասկանա, թե Բունդեսթագի 2005-ի որոշման մեջ տեղ գտած Massaker ձեւակերպումը իր ողջ արյունոտ ծավալով չի տեղավորում ցեղին ոչնչացնելու սահմռկեցուցիչ նպատակը: Ու զանազան պաշտոնյաների հետ զրույցներից ուրվագծվում էր, թե Բունդեսթագում գոնե 100-ամյակին ընդառաջ մի նոր բարենորոգ փաստաթուղթ է մշակվում: Սա ակնկալելն այլեւս իրատեսական չի թվում: Գերմանական քաղաքական օրակարգը փոխվել է, թուրքերն էլ սկսել են նոր բառապաշար շրջանառել, թե իհարկե եղել է… ցավ, ողբերգություն, իսկ հիմաՙ երեւի ԳԴՀ կառավարության թթվածնային դիմակից օգտվելովՙ նոր, հատուցումից խուսափող եզրույթՙ Massaker, բայցՙ թուրքական սրբագրմամբՙ երկու կողմից: Sofitel հյուրանոցի մոտ 30-ամյա աշխատակիցը, որ խնդրում է անունը չհրապարակել, մեծացել է Ավստրիական պետական հեռուստատեսության լրագրողի ընտանիքում, կրթություն ստացել Լոնդոնում ու չի հասկանումՙ թե խոսքի, կարծիքի ազատությունը ինչպես կարող է անսահման լինել: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նրա համար չեն, որ ոճրագործին առիթ տա ազատ ման գալ, վիրավորել զոհին, ուրանալով սպառնալ զոհի ժառանգներին: Մենք նույն հյուրանոցում ենքՙ դահիճների ու զոհերի ժառանգները միեւնույն վերելակում, նույն նախաճաշի սրահում: Մեր հայացքները հանդիպում չեն փնտրում, բայց աչքս կպնում է աչքի, ականջս խոսք է որսում, որ բնավ էլ զղջման երանգներ չունի: Վերելակի դռները բացվելուն պես երեւում է Ջեֆ Ռոբերթսոնը, նրան ճանաչողները սրահում ձգվում են, բայց ներկաներն իսկական քար են կտրում, բոլորի հայացքները մագնիսով ձգվում են, երբ քիչ անց հայտնվում է Ամալ Քլունինՙ երեք պարոնների ուղեկցությամբ: Հունվարի 28-ին Հայաստանի շահերը նրանք են պաշտպանելու «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստում: Բարակիրան, նրբակազմ Քլունին, որ նկատելի խոնարհ էր նաեւ, ծայրահեղ հարգալից ողջագուրվեց ոչ հաղթանդամ, ընդգծված ճերմակ առատ մազերով շատ « սովորական» Ռոբերթսոնի հետ, Հայաստանի պատվիրակության հետ մի քիչ զրուցեցին ու մոտեցան վերելակին: «Պարոն Ռոբերթսոն, ինչպե՞ս ներգրավվեցիք Փերինչեքի գործում», հարցրիՙ պահը որսալով: «Գիտե՞ք, ես մի գիրք եմ գրել Հայոց ցեղասպանության մասին», ասաց արդեն վերելակի միջից ու երեւի չէր սպասում, թե պիտի լսերՙ «Ազգ»-ի վերջին համարներում համառոտ անդրադարձել ենք Ձեր «Անհարմար ցեղասպանություն»( An Inconvenient Genocide) գրքին: «Օ, կխոսենք ավելի ուշ», ասաց նկատելի շոյված, ու դռները փակվեցին: Օսվենցիմի զոհերի հիշատակի օրը սահեց, վերջացավ: Հայոց զոհերի համամարդկային Հիշողության այդպիսի մի օր անշուշտ հայտնվելու է աշխարհի օրացույցին, մենք ենք թելադրելու: Իսկ վաղըՙ հունվարի 28-ին Հայոց անկախ բանակի օրն է, որ զուգադիպել է ՄԻԵԴ-ում թուրք ժխտողական Փերինչեքի փաստարկները «պայթեցնելու» օրվան: (շարունակելի) |