RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



ԵՐԿԴԻՄԻ ԽԱՂԵՐ

Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1554, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ»

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Միչիգանում բնակվող էթնիկական խմբավորումների բազմաբնույթ զգացմունքներին հավատարիմ մնալով Դետրոյթի Հանրային հեռուստաընկերությունը (Detroit Public TV) վերջերս նախաձեռնեց մի ամբողջ օրվա ծրագիրը հատկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ծրագիրը ոչ միայն ակնդիրներին հաղորդակից դարձրեց Ցեղասպանության հարցին, այլեւ հաջող դրամահավաք իրականացրեց: Հայկական եկեղեցու հոգեւորականներից բացի, ինձ էլ էին հրավիրել հարցազրույցի: Հարցազրույցը վարողը մեծ փորձ ունեցող հեռուստատեսային մեկնաբան էր, ով որոշել էր նախքան ուղիղ եթեր հեռարձակվելը փորձնական հարցազրույց անցկացնել ինձ հետ: Նա հարցրեց, թե Ցեղասպանությունը ինչպես էր անդրադարձել անձամբ ինձ եւ հայության վրա ընդհանրապես: Մինչ եզրափակում էի իմ ելույթը, ես նշեցի, որ Ցեղասպանությունը մինչ օրս էլ շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումով եւ այդ երկու երկրներում հայկական եկեղեցիների եւ հուշարձանների քանդումով:

Նա կանգնեցրեց ինձ զգուշացնելով, որ հարցազրույցի ժամանակ մենք չենք կարող հարցը քաղաքականացնել, քանի որ պատմության «մյուս կողմը» ներկայացնող որեւէ անձ ներկա չէր այնտեղ:

Ցնցվեցի եւ հարցրեցի նրան. «Դուք Հոլոքոսթից վերապրածների հետ հարցազրույց անցկացնելիս երբեւէ հարցնո՞ւմ եք նաեւ նեո-նացիստների տեսակետը: Իհարկե ոչ: Ինչո՞ւ պետք է Հոլոքոսթի հարցի վերաբերյալ «մի կողմը» բավարար լինի, իսկ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ պահանջվի «մեկ ուրիշ կողմի» վկայությունը»:

Շփոթված, նա կրկնեց իմ հարցը:

Լրագրողներից շատերը իրենց «տնային աշխատանքը» լավ չեն կատարում եւ կարծում են, թե «պրոֆեսիոնալ» երեւալու համար պարտավոր են ներկայացնել երկու հակասական տեսակետներ:

Նման լրագրողներ անուշադրության են մատնում իրենց պարտականությունները: Լրագրողի առաքելությունն է հետազոտել փաստերը, ամուր, հիմնավորված եզրակացության հանգել եւ հանրությանը ներկայացնել ճշմարտությունը: Ինչո՞ւ, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցը շոշափելիս «Ինդիպենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի թղթակից, բրիտանացի խիզախ լրագրող Ռոբերտ Ֆիսքը չի բարձրացնում «մյուս կողմի» հարցը:

Երբ լրագրողները Հայոց ցեղասպանության հարցը քննարկելիս ապավինում են «մյուս կողմին», նրանք դրանով քողարկում են իրենց անազնվությունը, կամ անգրագիտությունը, քանի որ ոչ մի «մյուս կողմ» էլ չկա այս հարցում: Կա միայն մի ճշմարտություն եւ մեղավոր կողմի հորինած խեղաթյուրումները:

Լրագրողական մտավարժանքները մի անգամ եւս աշխարհով մեկ երեւան եկան Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով: Լրագրողներից շատերը դարձյալ ապաստան գտան կեղծավոր «անկողմնակալության» քողի ներքո: Միայն քչերը, լավատեղյակներն ու համարձակները առանձնացան եւ մնացին իրենց պատվավոր դիրքերում:

Հարյուրամյակի ցունամին ակնկալված, ավանդական կողմից չփչեց, այլ եկավ բոլորովին անսպասելի շրջաններիցՙ մին վեհ ու վսեմ, մյուսըՙ տարօրինակ եւ անսովոր: Վեհըՙ Ֆրանցիսկոս պապի տպավորիչ հայտարարությունն էր, իսկ տարօրինակըՙ Քարդաշյան ընտանիքի ուխտագնացությունը Հայաստան: Երկու իրադարձություններն էլ արժանացան աշխարհի լրատվամիջոցների պատշաճ ուշադրությանը, խուճապի մատնելով Թուրքիայի ղեկավարությանը:

Ապրիլի 12-ին Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատմական եւ հիշարժան պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու հովվապետը աներկբայորեն իրերն անվանեց իրենց անուններով: «Անցյալ դարում մարդկությանը պատուհասեցին երեք աննախադեպ, զանգվածային ողբերգություններ», ասաց Հռոմի պապը, ավելացնելով. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը ձեզ, հայ ժողովրդին բաժին ընկավ» ձեւակերպումըՙ վերցված Հովհաննես Պողոս պապի եւ Գարեգին երկրորդիՙ 2001 թվի համատեղ հռչակագրից:

Վատիկանի հարցերով մասնագետ Մարկո Թոսատին ասաց. «Մեջբերելով Հովհաննես Պողոս պապին, նա ուժեղացրեց, հստակեցրեց եկեղեցու դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»:

Վատիկանի դիտորդներից շատերն այն կարծիքին են, որ պապի հայտարարությունը համահունչ էր ձայնազուրկին ձայն տալու իր փիլիսոփայությանը: Այդ առումով նա ավելացրեց, որ իր պարտքն էր հարգել հիշատակը սպանվածների, քանի որ «քողարկել կամ ժխտել չարիքըՙ նշանակում է թողնել վերքը, որ արյունահոսի առանց վիրակապելու, առանց վերք ու դարման գտնելու:... Այսօր մենք եւս ցեղասպանություն ենք ապրում ստեղծված համընդհանուր անտարբերության մթնոլորտում»:

Թուրքիայի կառավարության արձագանքը կանխատեսելի էրՙ մոլեգին ու խուճապահար: Երբ Ֆրանսիայի օրենսդրական մարմինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, Թուրքիան հետ կանչեց այդ երկրից իր դեսպանին եւ սպառնաց ռազմական պայմանագրերը Ֆրանսիայի հետ չեղյալ հայտարարել: Բայց Հռոմի պապը ոչ բանակ ունի, ոչ էլ ռազմական պայմանագրեր, որոնցով նրան կարելի է շանտաժի ենթարկել: Նրա ուղերձը ուժեղ է ու ազդեցիկ եւ կարող է «Դոմինո էֆեկտ», այսինքնՙ հակադարձ ազդեցություն ունենալ, ի հակադրություն Ստալինի հեգնական այն հարցին, թե «քանի՞ դիվիզիա է գտնվում պապի հրամանատարության ներքո»:

Զայրացկոտ արտահայտություններով հանդես եկան Թուրքիայի բոլոր ղեկավար անձնավորությունները, ներառյալ նախագահ Էրդողանը, վարչապետ Դավութօղլուն եւ արտգործնախարար Չաուշօղլուն: Հետո արտգործնախարարությունը մամլո հաղորդագրություն հրապարակեց, որով «անընդունելի» եւ «միակողմանի» համարեց պապի հայտարարությունը:

Ամեն անգամ, որ որեւէ կառավարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ի նպաստ բանաձեւ է ընդունում, թուրք ղեկավարները հակադարձում են, որ այդ կառավարությունների օրենսդիր մարմինները այն վայրերը չեն, որտեղ 1915-ի դեպքերը պետք է քննարկվեն եւ համապատասխան դատավճիռ կայացվեն դրանց նկատմամբ: Այս անգամ, Չաուշօղլուն խիստ քննադատելով պապին, մեղադրեց նրան «պատմական փաստերից եւ իրավական հիմնավորումներից անտեղյակ» լինելու մեջ, ավելացնելով, որ «կրոնական հաստատությունները այն վայրերը չեն, որտեղ չհիմնավորված պնդումներով թշնամանք եւ ատելություն սերմանվեն»:

Նույնիսկ աշխարհի 120 ամենահեղինակավոր ցեղասպանագետների պաշտոնական հայտարարությունից հետո, Թուրքիայի ղեկավարները դեռեւս շարունակում են իրենց հույսը կապել Մ. Նահանգների համալսարաններում աշխատող հատուկենտ վարձկան պատմաբանների հետ, խուսափելով իրական ճշմարտությունից, որը մի անգամ եւս չարչրկվում է զանգվածային լրատվամիջոցների կողմից, ջուր լցնելով Անկարայի ժխտողական քաղաքականության ջրաղացին: Ահա մի քանի մեջբերումներ մամուլի էջերից: «Սի էն էն-ը» (CNN), օրինակ, հաղորդեց. «Հայ եւ շատ այլ գիտնականներ ասում են, որ Թուրքիան Ցեղասպանություն ծրագրավորեց եւ իրագործեց: ...Թուրքիան պաշտոնապես ժխտում է, որ Ցեղասպանություն երբեւէ կատարվել է, ասելով, որ հարյուր հազարավոր հայ քրիստոնյաներ եւ թուրք մահմեդականներ մահացան Առաջին համաշխարհայինի արյունոտ մարտադաշտերում տեղի ունեցող միջհամայնական բռնությունների հետեւանքով»: Իսկ ավստրալիական հեռասփռման կորպորացիան (Australian Broadcasting Corporation) հայտարարեց. «Հայերն ասում են, որ իրենց հայրենակիցներից 1,5 միլիոնը սպանվեց 1915-17-ի ժամանակաշրջանում: ...Թուրքերը ժխտում են, պնդելով, որ 300-500 հազար հայեր եւ թուրքեր սպանվեցին քաղաքացիական կռիվների ժամանակ»: Մյուս կողմից «Սքայ նյուզը» (Sky News) մի քայլ առաջ գնալով ավելացնում է. «...Թուրքիան պնդում է, որ 300-500 հազար հայեր եւ թուրքեր մահացան քաղաքացիական մի պատերազմում, երբ հայերը ապստամբեցին Օսմանյան իշխանությունների դեմ եւ համագործակցեցին ռուսական նվաճողական զորքերի հետ»:

Նույնիսկ «ամենավստահելի» եւ «անաչառ» լրատվական ընկերությունը համարվող «Բի Բի Սին» (BBC) նույն ծուղակն ընկնելով նշեց. «Հայաստանը եւ շատ պատմաբաններ ասում են, որ մինչեւ 1,5 միլիոն մարդ սպանվեց Օսմանյան զորքերի կողմից 1915-ին: Բայց Թուրքիան միշտ վիճարկել է այդ թվաքանակը եւ հայտարարել, որ մահվան դեպքերը մաս էին կազմում Առաջին համաշխարհայինի ժամանակ ծագած քաղաքացիական հակամարտության»:

Լսելով այս բոլոր թողարկումները, մարդ ակամայից այն տպավորությունն է ստանում, որ այդ լրագրողներն ու մեկնաբանները երբեք պատմության գրքերից չեն օգտվում: Կարդալով գնդապետ Սարգիս Թորոսյանի հուշագրությունները, այդ լրագրողներն ու մեկնաբանները կարող էին սթափվել եւ իմանալ, որ նույնիսկ Գալիպոլիում Օսմանյան բանակում ծառայող հայերին թուրքերը չխնայեցին եւ գազանաբար սպանեցին նրանց ընտանիքներին:

Թուրքիան երբեք էլ ճշմարտությանը չի կարող հասնել պատմության «մյուս կողմում», որովհետեւ այն գոյություն չունի ընդհանրապես: Միակ հույսը, որ կարող է փայփայել, որոշ կասկածներ առաջացնելն է դատական նիստերի ժամանակ, որպեսզի հարցին «վիճելի» բնույթ ներարկի: Այն, ինչ վերոնշյալ լրագրողներն են անում, պարզապես ջուր լցնելն է Թուրքիայի ժխտողական քաղաքականության ջրաղացին:

Թուրք ղեկավարների բարկության չափազանցված ցուցադրությունը լավ ուսումնասիրված սցենար է, ուղղվածՙ նախագահ Օբամային: Դա զգուշացում է այն բանի, թե ինչ կարող է պատահել, եթե Օբաման հետեւի պապի օրինակին:

Ֆրանցիսկոս պապի ազդեցիկ ուղերձը միլիոնավոր մարդկանց երեւակայությունն է բոցավառել, որոշներին անգամ հուշելով, որ հանդես գան իրենց սեփական հայտարարություններով: Մինչ որոշ լրատվամիջոցներ փորձում են լեզու գտնել պատմական ճշմարտության հետ, «Ջերուսալեմ փոստ» եւ «Լոս Անջելես թայմս» թերթերը հրապարակել են անհավատալիորեն ազնիվ խմբագրականներ: Առաջինը ապրիլի 13-ին գրել էր. «Ցուցադրելով իրեն բնորոշ բարոյական անաղարտությունը, Ֆրանցիսկոս պապը Առաջին համաշխարհայինի ժամանակ 1,5 միլիոն հայերի, տղամարդկանց, կանանց եւ երեխաների դաժան կոտորածը բնութագրեց որպես Ցեղասպանություն: Հիտլերն ու նացիստական վարչակարգը Թուրքիայից ներշնչված իրականացրին իրենց սեփական Ցեղասպանությունը: ...Իսրայելը իր պատմական ժառանգությամբ եւ քաղաքական դերակատարությամբ պարտավոր է կանխել Ցեղասպանությունը յուրաքանչյուր խմբավորման դեմ: ...Ֆրանցիսկոս պապը հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այժմ Իսրայելի հերթն է»:

Նույն օրը «Լոս Անջելես թայմսը» հրատարակել էր «Մ. Նահանգները պետք է Հայոց ցեղասպանությունը իր անունով կոչի» խորագրով մի խմբագրական, որտեղ ասված էր. «Օսմանյան կայսրության ցեղասպանության շուրջ պնդումները չպետք է վտանգի ենթարկեն Մ. Նահանգներ-Թուրքիա գործընկերությունը: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի Ցեղասպանության ժխտումը է՛լ ավելի է բարդացնում հանցագործությունը»:

Խմբագրականը նաեւ դաս է պարունակում բոլոր այն քաղաքական գործիչների համար, ովքեր Ցեղասպանության ճանաչման որոշումի դեմ պայքարելը պատճառաբանում են ամերիկա-թուրքական դաշնակցային հարաբերությունների շջրանակներում: Թերթը գրում էր. «Ճիշտ է, որ Մ. Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները շատ կարեւոր են եւ արժանի պահպանման ու հետագա զարգացման, բայց ոչ ի հաշիվ պատմությունը ժխտելու: ...Նախագահը պետք է օգտվի Ֆրանցիսկոս պապի ուղերձից եւ Ցեղասպանություն բառը ներառի մեկ դար առաջ կատարված կոտորածների առթիվ արտասանած իր ամենամյա ելույթում: Տեւական բարեկամությունները պահանջում են նման ազնվություն»:

Բազմաթիվ որոնումներից հետո վերոնշյալ լրատվամիջոցները ի վերջո հայտնաբերել են, որ Ցեղասպանության պատմությունը «մյուս կողմ» չունի: Հույս հայտնենք, որ նրանց դիրքորոշումը վարակիչ կդառնա եւ ճանապարհ կհարթի այլ լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների համար հանգելու նույն եզրակացության:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ