RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1366, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԿՈԲԱԽԻՁԵՆ` ՀԱՅԱՍՏԱՆ, ՋԱՆԵԼԻՁԵՆ` ԹՈՒՐՔԻԱ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Երբեմնի եղբայրական, այժմ միայն բարի հարեւան Վրաստանը, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան է գործուղել հատուկ պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, որը համատեղության կարգով` նաեւ Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի համանախագահն է: Միեւնույն ժամանակ վրացիները ներկայացված են լինելու նաեւ Թուրքիայում` նույն օրը նշվող Չանաքքալեի հաղթանակի միջոցառմանը: Թուրքիա ուղեւորվող վրացական պատվիրակությունը գլխավորելու է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:

Հաշվի առնելով, որ Վրաստանը խորհրդարանական երկիր է, պետք է նկատել եւ սփոփվել, որ հարեւանները իրենց կողմից չճանաչված Ցեղասպանությունը հիշատակելու են ավելի բարձրաստիճան պատվիրակությամբ:

Դեռ երբեք Հայոց ցեղասպանությունն այսքան փնտրված չի եղել

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ դեռ երբեք Google որոնողական համակարգում Հայոց ցեղասպանություն թեմայով նյութերը այսքան փնտրված չեն եղել, որքան վերջին օրերին: Միեւնույն ժամանակ Մարտիրոսյանը նշել է, որ երբ հայկական կայքերը ինչ-ինչ պատճառներով անհասանելի են լինում, որոնողները այցելում են թուրքական կայքեր:

Դժվար է ասել, սակայն, թե Հայոց ցեղասպանություն բառերով նյութեր որոնողները ի՞նչ նպատակ ունեն: Այլ բան է, երբ մարդիկ ցանկանում են տեսնել,թե ինչ զարգացումներ կան` այս թեմայով, եւ միանգամայն այլ բանՙ երբ նոր են լսել եւ ցանկանում են` ծանոթանալ:

Թուրքիան եւ Կայենը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, Էրդողանի գլխավորությամբ կայացած այդ երկրի կառավարության հերթական նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ «Թուրքիան մտածված եւ ցանկանալով ցեղասպանություն չի իրագործել, հետեւաբար այդ դեպքերը, ըստ ՄԱԿ-ի հռչակագրի` ցեղասպանություն չի կարելի անվանել»: Հասկանալի է, որ ակամայից ցեղասպանություն գործածների իրավահաջորդ Արընչը ակնարկում է այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի վաղ, քան ՄԱԿ-ը կընդուներ ցեղասպանության Հռչակագիրը, հետեւաբար` աշխարհը կծանոթանար ցեղասպանություն բառին:

Բայց երբ Ադամի որդիներից Կայենը սպանեց իր եղբայր Աբելին, դառնալով աշխարհում առաջին մարդասպանը, մարդիկ եւս չգիտեին, որ մարդասպանություն բառ կա, ինչը, սակայն, չի ազատում Կայենին մարդասպանի պիտակից:

Արձանագրությունները վերադառնո՞ւմ են

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում օրերս բրիտանական Guardian-ը ներառեց իր կազմած աշխարհի 10-ը հայտնի հայերի ցուցակում, «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է. «Մենք կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, եւ այդպիսով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար շատ բան ենք անում: Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցել է սահմանները (հայ-թուրքական) բացելու, համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի մշակման գործընթացին, որը նախաձեռնեցին Անկարան եւ Երեւանը: Ցավոք, փաստաթղթերը ստորագրել են, բայց ուժի մեջ չեն մտել, քանի որ Թուրքիայում չստացվեց այս փուլում վավերացնել դրանք: Բայց մենք կնպաստենք, որ դա տեղի ունենա»:

Նշենք նաեւ, որ Լավրովի այս հայտարարությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, բայց` առանց նախապայմանների եւ միայն Թուրքիայի կողմից անհրաժեշտ քայլ կատարելուց հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ