RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1286, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ, ՄԱՐԻՈ ՄԱՑՈԼԱՆ, ԱՅԼՔ, ԵՎ 1ՄԼՆ ԴՈԼԱՐ

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները բազմիցս են տեղեկացնում, որ նախագահն անձամբ ծանոթանում է իրեն հասցեագրված բոլոր նամակներին, լինեն դրանք գրավոր, թե էլեկտրոնային, ՀՀ քաղաքացիներից, Հայաստանի բարեկամներից, թե` պարզապես օտարերկրացիներից:

Ապրիլի 18-ից որոշ ժամանակ առաջ, մի սովորական աշխատանքային օր, իտալացի Մարիո Մացոլան նամակ է գրում ՀՀ նախագահին: Այդ նամակով իտալական «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ սենյոր Մացոլան եւ իր կինը` տիկին Կաբալետը պատրաստակամություն են հայտնում 1 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հայաստանում Ամերիկյան համալսարանին: Բայց` ամեն ինչ հերթով:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից ֆինանսավորվող ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներ են դարձել արդեն 5 հոգի: Առաջինն, ինչպես հիշում ենք, «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթն էր, ով 2010-ին, մրցանակը ստանալու համար տիկնոջ` Ֆինլանդիայում այսօր ԱՄՆ դեսպանի հետ այցելեց Երեւան եւ ՀՀ նախագահի ձեռքից ստացավ մրցանակը: Բարրեթը տիկնոջ հետ մի քանի օր անցկացրեց մեր երկրում, եղան նաեւ Ծիծեռնակաբերդում... Հաջորդ տարի երկրորդ մրցանակին արժանացավ «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը: Նա եւս այցելեց Հայաստան, եղավ Ծիծեռնակաբերդում եւ անձամբ ստացավ մրցանակը:

2012-ի մրցանակակիրը Ֆեդերիկո Ֆաջինն է, որը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահն է: Սենյոր Ֆաջին իր հերթին նույնպես Երեւանում ՀՀ նախագահից ստացավ իր մրցանակը եւ, իհարկե, այցելության ընթացքում եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում:

Չորրորդ մրցանակին արժանացել է կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսինգ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Ինչպես իր նախորդները, պարոն Մակիմոտոն եւս եղավ Երեւանում, Ծիծեռնակաբերդում...

Անցյալ տարի ՀՀ նախագահի հիշյալ մրցանակին է արժանացել մեզ արդեն ծանոթ Մարիո Մացոլան, ով, ի դեպ, իր իսկ խոսքերով` մինչ այդ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին:

Ապրիլի 18-ին Երեւանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ասուլիս` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ մրցանակի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնի, «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմէն Տէր Կիւրեղեանի մասնակցությամբ: Հովիկ Մուսայելյանը հայտնեց, որ մրցանակաբաշխության կազմկոմիտեն ակտիվ կապեր է պահպանում բոլոր հաղթողների հետ, հատկապես` պարոնայք Մակիմոտոյի եւ Մացոլայի, որոնց Հայաստան հրավիրելու գործին իր մեծ աջակցությունն է ցուցաբերել կազմկոմիտեի անդամ Թոնի Մորոյանը: Մուսայելյանը տեղեկացրեց նաեւ, որ Ցուգիո Մակիմոտոն այժմ ավարտում է Հայաստանի եւ Հայաստանում ՏՏ ոլորտի մասին իր գիրքը, որը շուտով կհրապարակվի ճապոներեն եւ ամենայն հավանականությամբ` արդեն Երեւանում կվերահրատարակվի հայերեն թարգմանությամբ: «Պարոն Մակիմոտոն շատ բան է անում Ճապոնիայում Հայաստանի ճանաչվածությունը մեծացնելու համար», շեշտեց Հովիկ Մուսայելյանը:

Իսկ Թոնի Մորոյանը հայտնեց Մացոլայի եւ նրա տինոջ կողմից Ամերիկյան համալսարանին նվիրաբերված 1մլն դոլարի մասին: Ամերիկյան համալսարանի նախագահ Տէր-Կիւրեղյանն իր հերթին պարզաբանեց, որ այդ գումարը կհամարվի համալսարանի դրամագլուխը, որից առաջացած տոկոսներով իրենք իրենց ուսանողներին թոշակ կտրամադրեն, ըստ համալսարանի նախագահի` ամեն տարի 20-30 ուսանողներ կկարողանան թոշակ ստանալ: Ի դեպ, մինչեւ հիմա Ամերիկյան համալսարանը դրամագլուխ չուներ, փաստորեն այժմ, ի տարբեություն բոլոր միլիոնատերերի, համալսարանը հանգիստ կարող է ասել, թե որտեղից է առաջացել իր առաջին միլիոնը:

Վիգեն Սարգսյանը խոսեց ՏՏ ոլորտի հանդեպ պետական ուշադրության մասին, հիշատակելով Երեւանում Սեմ Սիմոնյանի` «Թումո» կենտրոնը, որը, ըստ Սարգսյանի` շուտով կընդլայնի իր աշխարհագրությունը:

Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց կողքին կանգնած է իրենց ընկերությունը, բայց այս մեկը` նախագահի մրցանակաբաշխությունը, միանգամայն տարբերվում է, քանի որ սա հրաշալի միջոց է` Հայաստանի անունը աշխարհում խոշոր տառերով գրելու համար:

Եւ վերջում. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահից մրցանակ ստացած բոլոր` այս պահին դեռ 5 աշխարհահռչակ մարդիկ, իրենց Երեւան, կոնկրետ` Ծիծեռնակաբերդ այցելության ընթացքում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնադրել են ծառերի արահետ. այս պահին այնտեղ 5 ծառ կա տնկված, դեռ հինգ...

Մրցանակաբաշխության այս տարվա թվով 6-րդ հաղթողի անունը հայտնի կլինի սեպտեմբերի վերջերին, եւ նա Հայաստան` մրցանակի հետեւից կժամանի արդեն նոյեմբերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ