ԱՇԽԱ՞ՐՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքի Աքըլը ամեն օր առավոտյան հանգիստ գնում է աշխատանքի, օրվա վերջում, սկզբում, հնարավոր է նաեւ ընթացքում` մի քանի անգամ կապվում Թուրքիայի ԱԳ նախարարություն, զեկուցում գործերի դրությունը, հնարավոր է նաեւ պաշտոնական հանդիպումներ է ունենում, մի խոսքով` հանգիստ եւ նորմալ աշխատում է, չնայած վերջին միջադեպից հետո, ասում են, նռան հյութ չի խմում, անգամ վախենում է գնալ մի տեղ, որտեղ նռան հյութ են վաճառում կամ մատուցում (հանդիպումներից մեկի ընթացքում տեղացի հայազգի երիտասարդը նռան հյութ էր լցրել թուրք դեսպանի վրա): Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ այն բանից հետո, երբ մոսկովյան իշխանությունները արգելեցեին ապրիլի 24-ին տեղի թուրքական դեսպանատան առջեւ մասսայական հավաքները, էլ ավելի հանգիստ աշխատում է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: Չի բացառվում, որ դեսպան Յարդըմը հատուկ պատվոգիր ստանա ԱԳ նախարար Չավուշօղլուից` ապրիլ 24-ին դեսպանատան առջեւ խաղաղ անդորրը պահպանելու վեհ գործում անձնական մեծ ավանդ ունենալու համար: Իրենց հանգիստ աշխատանքային առօրյան ունեն նաեւ թուրք դեսպանները Շվեդիայում, Արգենտինայում, Սլովակիայում, Չեխիայում, Լիտվայում, մի խոսքով` բոլորը, բացի երեքից` Վատիկանում եւ Ավստրիայում աշխատող Թուրքիայի դեսպաններՙ համապատասխանաբար Մեհմեդ Փաչաջընիվից եւ էլի Մեհմեդ, բայց` Մեհմեդ Հասանից : Վերջին երկուսին, հայտնի դեպքերից հետո, Անկարան հետ է կանչել` խորհրդակցությունների, չմոռանալով Վիեննային ասել, որ «Թուրքիան չի մոռանալու Ավստրիայի այդ զրպարտությունը»: Անշուշտ, երբ աշխարհի որեւէ երկիր իր դեսպանին հետ է կանչում ինչ-որ այլ երկրից, դա դիվանագիտական սկանդալ է, ճգնաժամային իրավիճակ, տվյալ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության արդյունք: Բայց սա` ընդհանուր առմամբ, ոչ Թուրքիայի պարագայում: Բանն այն է, որ եթե Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին բոլոր այն երկրներից, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ապա ի՞նչ են անում թուրք դեսպանները բոլոր այն երկրներում, ովքեր վաղուց են ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեսնում ենք` դեսպաններ` Աքըլի եւ Յարդըմի օրինակով, լավ էլ հանգիստ աշխատում են, ճիշտ է Աքըլը` առանց նռան հյութի, ինչ որ է... Ուրեմն թուրքական այս դիվանագիտական ավանտյուրան վաղուց արդեն պետք է պարզ լինի աշխարհի երկրների համար, ովքեր վախենում են, կամ չեն ցանկանում` ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները լարելու գնով: Թուրքիան սարսափելի է առաջին երկու-երեք օրերին, հետո, ինչպես «հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկած» մեր ժողովուրդն է ասում` կակղում է: Այնպես որ, երբ ցանկանաք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այդ դեպի Թուրքիա տոմս գնեք ձեր երկրներում թուրք դեսպանների համար, չմոռանալով գնել տոմս նաեւ հակառակ ուղղությամբ. դեսպանը մի քանի օրից գալու է` նորից ժպտալով, նորից բարեկամաբար, ամեն ինչ մոռացած: Ինչ ինչ, բայց ամեն ինչ մոռանալ նրանք կարողանում են, բացի... նռան հյութից: |