ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԿԱՆԵՆ ՌՈՒԲԼՈՎ Պ. Ք. Իրանի Bank Melli of Iran (BMI) պետական բանկը ստեղծել է «Միր բիզնես բանկ» մասնաճյուղի միջոցով իրականացվող ռուս-իրանական հաշվարկների համակարգը: Այդ մասին Press TV-ին հայտարարել է BMI-ի արտարժութային գործառնությունների գծով փոխտնօրեն Գոնամ Ռզա Փանահին: Նրա խոսքերով, այսուհետեւ իրանցի արտահանողները կկարողանան ռուսաստանցի հաճախորդների վճարումները ստանալ ռուբլով: Իրանցի արտահանողները նաեւ կկարողանան «Միր բիզնես բանկը» ընտրել ակրեդիտիվներ բացելու համար: «Միր բիզնես բանկը» ԱՄՆ-ի ու Եվրոմիության պատժամիջոցներին ենթակա դարձած իրանական BMI բանկի դուստր կազմակերպությունն է: Բանկը մասնագիտացած է ձեռնարկությունների ու կազմակերպությունների սպասարկման մեջ: Ավանդների ապահովագրության համակարգի մեջ չի մտնում: Ռուսաստանում գործում է 2002 թվականից: ՌԴ ԿԲ տվյալներով, բանկի կապիտալը 1,108 մլրդ ռուբլի է: 2014 թ. 9 ամսվա զուտ շահույթը 101,554 մլն ռուբլի է: 2013 թ. բանկը 224,776 մլն ռուբլու վնաս էր կրել: 2011 թ. ՌԴ այն ժամանակվա նախագահ Դիմտրի Մեդվեդեւը Թեհրանին առաջարկել էր երկկողմ հաշվարկներում անցնել ռուբլու: AzerNews-ը հաղորդում է, որ Իրանի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ Հոսեյն Բարխորդարը հնարավոր է համարում արտաքին առեւտրում փոխհաշվարկների մեխանիզմի արմատավորումը արդեն այս տարիՙ ռուբլու փոխարժեքի կայունացման պայմանով: Սպասվում է, որ «Վեցյակի» երկրների հետ Իրանի ատոմային ծրագրի շուրջ վարվող բանակցությունները կավարտվեն մինչեւ հունիսի 30-ը եւ դրանից հետո կվերացվեն հակաիրանական պատժամիջոցները, այդ թվումՙ ֆինանսական ոլորտում: |