RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1399, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԵՐԵՔ ԱՄԻՍ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՎ ԵՎ ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն հայտնի են 2015-ի առաջին երեք ամիսների ցուցանիշները, որոնք հնարավորություն են տալիս բնութագրելու, թե ինչպիսի՞ն է մեր երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները բավականին բարդ տարվա առաջին քառորդում:

Տնտեսական ակտիվության աճը պահպանվում է 2,5 տոկոսի սահմաններում

Հայաստանի տնտեսական ակտիվության աճը հունվար-մարտին կազմեց 2,5 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունվար-փետրվարին այն նույնպես կազմել էր 2,5 տոկոս: Ինչը նշանակում է, որ տնտեսական աճի` թեկուզ փոքր տեմպը պահպանվում է: Միայն մարտ ամսին 2014-ի մարտի համեմատ աճը կազմել է 2,2 տոկոս, իսկ այս տարվա փետրվարի նկատմամբ` 13,1 տոկոս:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամը` 0 տոկոս:

Ըստ տնտեսության ճյուղերիՙ աճ են արձանագրել արդյունաբերությունը` 2 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4,5 տոկոսով, ծառայությունները` 3,9 տոկոսով, շինարարությունը` 0,8 տոկոսով, իսկ առեւտրի ծավալները նվազել են 6,3 տոկոսով: Այդուհանդերձ, գումարային առումով ամենամեծ ծավալներն ունեցել է առեւտրի շրջանառությունը` 442 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 288 մլրդ դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 254 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 74 մլրդ դրամ, շինարարությանը` 42 մլրդ դրամ:

Բյուջեի եկամուտներն ու միջին աշխատավարձը բարձրացել են

2015-ի առաջին երեք ամիսներին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 247 մլրդ դրամ, ինչը 3 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների (գրեթե 240 մլրդ դրամ) համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից երեւում է նաեւ, որ պետբյուջեի եկամուտների աճի տեմպը գերազանցել է տնտեսական ակտիվության աճի տեմպը: Ընդ որում, եթե բյուջեի ամբողջ եկամուտներն ավելացել են 3 տոկոսով, ապա միայն հարկային եկամուտներըՙ 3,8 տոկոսով, կազմելով մոտ 232 մլրդ դրամ` 2014-ի առաջին եռամսյակի 223 մլրդ դրամի փոխարեն:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, 2015-ի հունվար-մարտին բարձրացել է 10,3 տոկոսով եւ կազմել 174 հազար դրամ, մասնավոր հատվածում` 200 հազար դրամ, պետականում` 156 հազար դրամ:

Սակայն, արտերկրից եկող մարտահրավերները պահպանվում են: Խոսքը դրամական փոխանցումների, արտաքին առեւտրի եւ զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշների մասին է:

Դրամական փոխանցումները, արտաքին առեւտրի ծավալներն ու զբոսաշրջիկների հոսքը նվազել են

ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2015-ի մարտին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 113 մլն դոլար: Նախորդ տարվա` 2014-ի մարտի 159 մլն դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 46 մլն դոլար: Զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) մարտին կազմել է 72 մլն դոլար` 2014-ի մարտի 81 մլն դոլարի դիմաց, նվազելով մոտ 9 մլն դոլարով:

Դրամական փոխանցումներ ստացող հիմնական երկրից` Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան 2015-ի մարտին կազմել են գրեթե 61 մլն դոլար` նախորդ 2014-ի մարտի 109 մլն դոլարի դիմաց: Նվազումը կազմել է մոտ 48 մլն դոլար: Դրամական զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է 37 մլն դոլար անցյալ տարվա փետրվարի 87 մլն դոլարի փոխարեն: Նվազումը կազմել է 50 մլն դոլար:

Հարկ է արձանագրել, որ փետրվարի ցուցանիշների համեմատ մարտին դրամական փոխանցումների որոշ ավելացում կա, բայց անցյալ տարվա համեմատ վիճակի վատթարացումն այստեղ ակնհայտ է: Պատկերը նույնն է նաեւ արտաքին առեւտրի ոլորտում: Այստեղ երեք ամիսներին արտահանման եւ ներմուծման ծավալները նվազել են, բայց մարտին աճ կա:

Մասնավորապես, արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 28,5 տոկոսով եւ կազմել 945,1 մլն դոլար: Արտահանումը կազմել է 267,6 մլն դոլար, նվազելով 23,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 677,5 մլն դոլար, նվազելով 31,5 տոկոսով: Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին անգամ տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չեն «պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ»` կապված տվյալների ներկայացման էլեկտրոնային համակարգի ամբողջապես գործարկված չլինելով: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, մարտին փետրվարի համեմատ արտահանումն ավելացել է 19,6 տոկոսով, ներմուծումը` 6,8 տոկոսով:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա զբոսաշրջիկների հոսքն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քիչ եղավ նախորդ տարվա համեմատ: Հունվար-մարտին Հայաստան են այցելել 232 հազար 583 զբոսաշրջիկ կամ 4 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նվազել է նաեւ Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը` 214 հազար 757 մարդ` անցյալ տարվա առաջին եռամսյակից 4,1 տոկոս քիչ:

Այս ցուցանիշները նշանակում են, որ դրամական միջոցների եւ մասնավորապես արտարժույթի ներհոսքը Հայաստան նվազել է, ինչն էլ ազդել է սպառման ծավալների վրա: Դա երեւում է առեւտրի ծավալների նվազման ցուցանիշի վրա: Դրամական ներհոսքի նվազումը անփոփոխ է թողել իրավիճակը նաեւ երկրի տնտեսական իրավիճակի մեկ այլ ցուցիչում` անշարժ գույքի շուկայում: Այստեղ կանգային իրավիճակ է` գներն անփոփոխ են մնում, իսկ գործարքների քանակն անցյալ տարվա համեմատ նույնպես նվազել է:

Գործարար սպասումներն ու սպառողների վստահությունը

Վերոնշյալ ցուցանիշներին համարժեք է նաեւ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ), ինչը ցույց է տալիս բիզնեսի սպասումները տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, 2015-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 54,8, ինչը թեեւ նախորդ եռամսյակի մակարդակից բարձր է 6,7 կետով, բայց նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ցածր է 1,1 կետով: Ամեն դեպքում ԳՄՑ-ն շարունակում է գտնվել կայունության միջակայքի վերին հատվածում:

Ինչ վերաբերում է մեր` սպառողներիս տրամադրություններին, ապա աճ է արձանագրվել ընթացիկ պայմանները նկարագրող բոլոր երեք ցուցանիշների գծով: Եկամուտների փաստացի փոփոխության ցուցանիշն աճել է 2,3 տոկոսային կետով, իսկ խոշոր գնումներ կատարելու փաստի եւ տնտեսության ընդհանուր վիճակի գնահատման ցուցանիշներըՙ համապատասխանաբար 1,2 եւ 1,4 տոկոսային կետերով: Միաժամանակ, գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի, ինչպես նաեւ ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշները նախորդ եռամսյակի նկատմամբ գրեթե չեն փոխվել:

Իրավիճակը փոփոխական է, հեռանկարները` անորոշ

Այսպիսով, չնայած Հայաստանում պահպանվում է մակրոտնտեսական կայունություն եւ զարգացման փոքր տեմպ, բայց դա կարող է ի չիք դառնալ աշխարհաքաղաքական որեւէ նոր ցնցման հետեւանքով: Դա կարող է լինել թե՛ ուկրաինական պատերազմի վերսկսումը, թե՛ Ռուսաստանի նկատմամբ նոր արգելքները, թե՛ մերձավորարեւելյան տարածաշրջանային նոր սրացումները: Եթե նման զարգացումներ չլինեն, ապա տարեկան 2-3 տոկոս տնտեսական աճ հնարավոր է, որ ունենանք: Մասնավորապես, արդյունաբերության մեջ կան դրական տեղաշարժեր, սպասվում է լավ բերք եւ գյուղատնտեսության ավելի մեծ աճ, շինարարությունում նախատեսված են նոր ներդրումային ծրագրեր սկսել: Սակայն, եթե քաղաքական զարգացումները աշխարհում տանեն դեպի համաշխարհային տնտեսության վիճակի վատթարացում, ապա դրա հետեւանքով կշարունակեն նվազել Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները, կնվազեն արտաքին առեւտրի ծավալները, զբոսաշրջության ոլորտում կա՛մ աճ չի լինի, կա՛մ անգամ անկում կարող է լինել: Նկատի ունենալով փոփոխական իրավիճակն աշխարհում, դրանով պայմանավորված մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարները անորոշ են մնում: Մնում է միայն հուսալ, որ ոչ արտաքին աշխարհում, ոչ էլ առավել եւս մեր երկրում չեն լինի ցնցումներ` իրենց հետ անխուսափելիորեն առաջացնող բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ