ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ` ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՎ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Անհատ «խոպանչիների» հետ առաջարկվող փոփոխությունները կապ չունեն «Խոպանչիների վրա հարկ են դնում»` սա առաջին արձագանքն էր «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների: Ինչպես վայել է մեր լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությանը, առանց երկար-բարակ մտածելու միանգամից «ցնցող» վերնագիր եւ նույնքան էլ ցնցող ապատեղեկատվությունը պատրաստ է: Չնայած նույն օրվա ընթացքում պարզվեց, որ «խոպանչիների վրա հարկ դնելու» հետ այս փոփոխությունները ոչ մի կապ չունեն, ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցներից ոչ ոք նեղություն չկրեց ասելու, որ իրենք սխալ են հասկացել` թեկուզ առանց դրա համար լսարանից ներողություն խնդրելու: Սա, իմիջիայլոց` հայկական ԶԼՄ-ների սովորական դարձած աշխատաոճի մասին: Ո՞րն էլ իրականում այս օրենքներում փոփոխությունների էությունը: Առաջարկվում է 13 տոկոս եկամտահարկի դրույքաչափ սահմանել (Հայաստանի տարածքում գործող 24,6 տոկոսի փոխարեն) այն վարձու աշխատողների համար, որոնք Հայաստանում գրանցված գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական եւ շինմոնտաժային աշխատանքներին: Մյուս` շահութահարկի մասին օրենքի փոփոխությամբ, Հայաստանում գրանցված եւ արտերկրում շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների համար նախատեսվում է 5 տոկոս շահութահարկ (ՀՀ տարածքում գործող 20 տոկոսի փոխարեն): Այսինքն, հայաստանյան շինարարական կազմակերպությունների համար շահագրգռություն է ստեղծվում Հայաստանից դուրս աշխատանքներ կատարել, դառնալ աշխատանք արտահանող եւ դրա դիմաց վճարել ավելի ցածր շահութահարկ, աշխատողների համար էլ` ավելի ցածր եկամտահարկ: Այս փոփոխությունների էությունը սա էր: Ընդդիմախոսներն ասում են, որ սրանով խրախուսվում է արտագաղթը: Տեսականորեն դա հավանական է թվում, բայց գործնականում արտագաղթն ավելի շուտ եւ ավելի շատ տեղի է ունենում, երբ Հայաստանում շինարարության մեծ ծավալներ չկան, շինարարական շատ կազմակերպություններ չեն գործում, իսկ նրանց աշխատողներն էլ այլ երկրներում են աշխատանք փնտրում եւ արտագաղթում: Մինչդեռ, վերոնշյալ օրենսդրական փոփոխություններով արդեն շինարարական ընկերությունն է աշխատանք գտնում եւ իր աշխատողների հետ գնում ու կատարում այդ աշխատանքը, դրանով գործընթացն ավելի ավելի կազմակերպված եւ ապահով դարձնելով: Բնական է, որ այս դեպքում շահում է կազմակերպությունը, որն ավելի քիչ շահութահարկ է վճարելու, ինչպես նաեւ նրա աշխատողը, որն ավելի քիչ եկամտային հարկ է վճարելու եւ որ հակառակ դեպքում ընդհանրապես գործազուրկ կարող է մնալ: Շահում է նաեւ Հայաստանի պետբյուջեն, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով լրացուցիչ եկամուտներ կունենա, այն դեպքում, երբ չգործող կազմակերպությունից եւ անհատից նման եկամուտներ չեն լինում: Այս նախաձեռնությամբ կառավարությունն ցանկանում է խթանել շինարարության ծառայությունների արտահանումը եւ Հայաստան ֆինանսական միջոցների ներհոսքը: Դժվար է ասել, թե որքանո՞վ կկարողանան հայկական շինարարական կազմակերպությունները օգտվել այս հնարավորությունից: Սակայն, եթե նրանց հաջողվի շինարարական աշխատանքների պատվերներ գտնել արտերկրում, ապա դա կնպաստի նաեւ Հայաստանում գործազրկության եւ աղքատության մեղմացմանը: Թերեւս անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս են արտոնություններ նախատեսող այս փոփոխությունները համադրվելու այն երկրի հարկային օրենքների հետ, որտեղ կմեկնեն հայկական շինարարական կազմակերպությունները իրենց աշխատակիցներով: Կարելի է ենթադրել, որ փորձագիտական եզրակացություններ կլինեն օրենսդրական հակասությունների մեջ չընկնելու համար: Սակայն, հարկ է, որ կառավարության ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացնեն նաեւ այս հարցի վերաբերյալ: |