RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1415, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԴՈԿՏՈՐԻ ՏՂԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Երբ որեւէ մեկի հայրը ինչ-որ գիտությունների դոկտոր է, դեռ չի նշանակում, որ որդին պետք է նույն, կամ այլ գիտությունների գոնե թեկնածու դառնա: Շատ հաճախ լինում է ճիշտ հակառակը, ասենք պատմական գիտությունների դոկտորի որդին, մեղմ ասած, չի սիրում պատմագիտության, սրանից հետեւաբար` բոլոր գիտությունները, եւ աչքի ընկնելու այլ բնագավառներ ու ձեւեր է իր համար ընտրում: Ենթադրենք` մեքենան սահմանված կարգից արագ վարելը, կամ իրեն զուգահեռ ընթացող մեքենայի վարորդին, իր մեքենայի պատուհանը բացելն ու անպատվելը, պատասխան անպատվությունն էլ ստանալուց հետո, նրան, ենթադրենք Գորիսում հայտնի` Սդղի Գյոլ կոչվող վայրում ժամադրության կանչելը եւ այնտեղ քաղաքացու աջ աչքի կոպը պատռելը:

Այլ կերպ ասած` դոկտորի տղա լինելը այդքան էլ լավ բան չէ, արդարության համար նկատենք` միշտ չէ, որ այդքան էլ լավ բան է:

Հիմա, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն հայրերի գործած մեղքերի, որոնցում որդիները պատասխանատու չեն, որդիների գործած բոլոր մեղքերում հայրերը բարոյապես պատասխանատու են, բոլոր այն դեպքերում, երբ դոկտորի որդին (որդիները) ինչ-որ մեղք, հանցագործություն, դատապարտելի արարք են գործում, առնվազն բարոյապես մեղավոր են իրենց հայրերը: Թեկուզ միայն այն պատճառով, որ գիտությամբ, ի տարբերություն սեփական որդու դաստիարակության, շատ են տարվել, հաճախ` որդու հետ անցկացնելիք ժամանակի հաշվին:

Օրինակ, ո՞վ է մեղավոր, որ Տիգրան Խաչատրյանը, ով առավել հայտնի է` որպես Տիգրան Սուրիկի Խաչատրյան, հաճախ է հայտնվում իրավապահների, հետեւաբար` հասարակության ուշադրության կենտրոնում, հասկանալի է` վատ իմաստով: Առաջին հերթին, անշուշտ, ինքը` Տիգրանը, բայց այստեղ մեղքի իր բարոյական բաժինն ունի Տիգրանի հայր` «պատմափիլիսոփայական գիտությունների» դոկտոր Սուրիկ Խաչատրյանը: Մենք, անշուշտ, չենք պնդում, որ նրա որդին վատ դաստիարակություն է ստացել, բայց մենք տեսնում ենք, որ Տիգրանը հաճախ է հայտնվում... Բոլորովին վերջերս, ըստ կայքերից մեկի` Գորիսում հայտնի Սդղի Գյոլում, նա, ըստ նույն կայքի, ժամադրել է նույն օրը ցերեկով Գորիսի փողոցներից մեկում իր մեքենային զուգահեռ ընթացած մեքենայի վարորդին եւ հիշյալ վայրում էլ քաղաքացուն պատճառել է կոպի պատռվածքով աջ աչքի վնասվածք: Երեւան «գործով եկած» Սուրիկ Խաչատրյանն, անշուշտ, հերքել է որդու մասնակցությունը Սդղի Գյոլի միջադեպին, պնդելով, թե իր Տիգրանը Երեւանում է (առանց մանրամասնելու, թե ո՞ր օրվանից է Երեւանում): Ու ամենավատն այն է, որ ամենեւին նշանակություն չունի, թե որտե՞ղ է եղել Տիգրանը` մայիսի 2-ի երեկոյան: Ասենք, թե նա իրոք Սդղի Գյոլում չի եղել, ենթադրենք այդ ժամերին Տիգրանը երեւանյան ջազ սրճարաններից մեկում նշում էր ջազի օրը, բայց ինչո՞ւ է հենց նրա անունը որպես մեղավոր շրջանառվում:

Հաճախ մենք մեղավոր ենք լինում ոչ միայն այն դեպքերում, երբ մեղավոր ենք, այլՙ երբ բոլորի կարծիքով` հենց մենք ենք մեղավորը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ