ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈ՞ՒՄ... Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման ու նոր շրջանակների սահմանման ուղղությամբ աշխատանքների մասին փաստել ու վերահաստատել են ինչպես հայ դիվանագետներն ու պաշտոնյաները, այնպես էլՙ եվրոպական: Այսինքն այն, որ պատրաստվում է Հայաստան-Եվրոմիություն նոր փաստաթուղթ` նոր ձեւակերպումներով եւ ԵՏՄ անդամակցությունը հաշվի առնելով, այլեւս նորություն չէ: Եթե Ասոցիացման համաձայնագրի դեպքում փաստաթղթի քաղաքական մասը հարցեր չէր առաջացնում, եւ խնդիրները ծագեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրում, ապա նոր փաստաթղթի առումով քաղաքական մասի հարցը կարծես թե լուծված է, իսկ տնտեսականի առումով, դատելով հայտարարություններից, կկիրառվի ոլորտային մոտեցում: Թե ինչ կլինի նոր փաստաթղթում` հնարավոր է, որ ավելի հստակ ու կոնկրետ տեղեկություն լինի արդեն մոտ օրերս` մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովում: 2013թ. նոյեմբերի վերջին Վիլնյուսում տեղի ունեցած հերթական գագաթաժողովից հետո, երբ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը մնաց «Հայաստանը պետք է առաջարկի համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները» հայտարարության շրջանակներում, Ռիգայի գագաթաժողովը կարող է փոփոխություններ արձանագրելու հնարավորություն լինել, հատկապես որ հենց այդպիսի իրադարձությունների ժամանակ էլ նման հարցեր են լուծվում: Ավելի հավանական է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձին փաստաթղթի տեսք ստանան, եւ դա նաեւ այն պատճառով, որ ընդհանուր հռչակագրի տեքստում Հայաստանը կարծես այնքան էլ չի հիշատակվում: Տեքստի նախագծի որոշ հատվածներ արեւմտյան մամուլում արդեն իսկ ներկայացվել են, թեեւ այս պարագայում էլ հստակ չենք կարող ասել, թե հենց ա՛յդ տեքստը կդրվի քննարկման ու կընդունվի գագաթաժողովի մասնակիցների կողմից: Հայաստանի համար հնարավոր է, որ Ռիգայի գագաթաժողովը դրական տեղաշարժ արձանագրի, մինչդեռ արդեն իսկ Ասոցիացման համաձայնագիր ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի համար կարծես թե ակնկալիքները կարող են մնալ չբավարարված: Դա կարող է կապված լինել Եվրոմիությանը հնարավոր անդամակցության նրանց նկրտումների հետ, այն դեպքում, երբ Եվրոմիությունում այդպիսի հեռանկարին շատ չնչին տեղ է հատկացվում: Ռիգայի գագաթաժողովին ներկայացվելիք փաստաթղթում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնց համաձայն Եվրոմիությունը ընդունում է յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը ինքնուրույն որոշելու ԵՄ հետ հարաբերությունների խորացման մակարդակը, միեւնույն ժամանակ նշելով, որ ԵՄ-ը եւս իրեն վերապահում է իրավունքը ինքնուրույն որոշելու ինչպես առաջ տանել հարաբերությունները հարեւանների ու արեւելյան գործընկերների հետ: ԵՄ հետ ավելի մոտ հարաբերությունների հավակնություններ ունեցողներին նշված հռչակագրի նախագծում տեղավորում են հենց գործընկերության կամ հարեւանության ձեւաչափերում, ոչինչ ավելին, մինչդեռ առնվազն Ուկրաինայում ԵՄ հետ ավելի սերտ հարաբերությունների ոչ միայն հավակնություն, այլեւ հույս ունեն: Հռչակագրի նախագծի տեքստում «թույլ» ձեւակերպումներ են արված նաեւ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության առնչությամբ: Հետաքրքրական է, որ այդ նույն փաստաթղթի ներկա վիճակում առկա ձեւակերպումների համաձայն, «իրադարձություններն Ուկրաինայում ցույց տվեցին, որ ինքնիշխանության եւ տարածքային աբողջականության հիմնարար սկզբունքները երաշխավորված չեն եվրոպական մայրցամաքում 21-րդ դարում»: Դրանից հետո միայն հնչում է կոչ ներգրավված բոլոր կողմերին` հարգելու պայմանավորվածությունները: Հնարավոր է, որ մինչեւ մայիսի 21-22-ը Ռիգայում գագաթաժողովի մեկնարկը, կամ հենց գագաթաժողովի ընթացքում էլ տեքստում փոփոխություններ լինեն, սակայն ակնհայտ է, որ Եվրոմիությունն այսպիսով ավելի շատ տեղ ու դեր է հատկացնում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններին: |