ԵՐԿԻՐԸ ՄԵԿՆ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Անհրաժեշտ նախաբան «Լիտերատուրնայա գազետա» պարբերականում, «Երկիր Նաիրի» վերտառությամբ ներդիրի չորս սյունակ նվիրված է մեծ Հաղթանակի տոնակատարության 70-ամյակին: «Երկիրը մեկն է բոլորիս համար» հոդվածում ես փորձել եմ բացահայտել պատերազմում հերոսության արժեքի եւ չափի դժվարին թեման: Օգտագործել եմ դեռեւս խորհրդային տարիներին գրած իմ «Թեւեր» գրքի նյութերը: Վավերագրական այդ պատմվածքը նվիրված է Խ. Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքին եւ անուրանալի սխրանքին: Ինչպես նաեւ օգտագործել եմ օրերս «Ամարաս» հրատարակչության լույս ընծայած, Արկադի Ասրյանի «Հայ հերոսներ» գիրքը: Այն իր տեսակի մեջ յուրօրինակ ակադեմիական աշխատություն է: Ահա եւ որոշեցի «Լիտգազետայում» տպագրված իմ հոդվածը հանրությանը ներկայացնել այս թերթում: Մտքովս անգամ չէր անցնում հոդվածս սկսել նախաբանով: Բայց ահա մայիսի 1-ին, Համերաշխության օրը, «Ռոսիա-24» հեռուստաալիքով Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հերթական հարցազրույցն ինձ պարզապես ստիպեց գրիչ վերցնել: Դեռեւս Պլատոնն էր զգուշացնում իր ժամանակակիցներին այն մասին, որ այն մարդը, ով մշտապես զբաղվում է ինքնախաբեությամբ, ծանր հիվանդ է: Իրոք, ապրելը նրա համար ծանր է: Քանզի ինքնախաբեությունը բերում է նրան, որ մարդն ընդմիշտ ներփակվում է իր մեջ: Հավանաբար, մեծ փիլիսոփայի այդ իմաստությունը Ալիեւը չգիտի: Այլապես գիշեր ու զօր չէր ստի, չէր խափի, չէր զբաղվի ինքնախաբեությամբՙ ինքնավստահ նայելով տեսախցիկին, այսինքնՙ հեռուստադիտողների աչքերին: Ադրբեջանի նախագահը պատերազմի մասին հիշողությունը կապում է հոր մասին հիշողության հետ, որն ընդհանրապես ռազմաճակատում չի եղել: Չեմ պատրաստվում շարադրել մանրամասները, որոնց մասին գրվել է վերակառուցման եռուն շրջանում: Այստեղ կարեւորն այն է, որ տարեց տարի Ալիեւի մոտ ավելի լկտի ու լպիրշ է դառնում հաղթանակի թվաբանությունը: Իրականումՙ ավելի հեշտ է խաբել ամբոխին, քան թե մեկ մարդու: Ալիեւը չգիտի, որ ստելով ընդունում ես այն մարդու առավելությունը, ում ստում ես: Ի դեպ, այս ձեւակերպումը վաղուց է հայտնի, ինչպեսեւ հայտնի է այն, որ սուտը ստրուկների կրոնն է: Նրան հարցնում են Հաղթանակի մեջ Ադրբեջանի դերի եւ բաժնի մասին, նա խորամանկում է. «Մենք հպարտանում ենք այն բանով, որ Ադրբեջանի 700 հազար ներկայացուցիչներ մասնակցել են պատերազմին, ավելի քանհ 300 հազարը զոհվել են, 123 հոգի արժանացել է Խ. Միության հերոսի կոչման: Այնպես որ, մենք հպարտանալու բան ունենք»: Ահա այսպես: Ինչպես ասում ենՙ ճանաչիր մերոնց: Բայց չէ որ Ալիեւը գիտի, որ հերոսներից միայն քառասուներկուսն են ադրբեջանցի: Ես չեմ էլ մտածում, որ դա քիչ է: Խոսքն այն մասին է, որ չեմ պատրաստվում համեմատել դրանք հայկական ցուցանիշների հետ: Առավելեւս, որ այդ մասին խոսվում է Ա. Ասրյանի վերոհիշյալ «Հայ հերոսներ» գրքում: Խոսքն այն մասին է, որ ադրբեջանցի հերոսների «ընդհանուր» թվում կան նաեւ Խ. Միության կրկնակի հերոսներՙ մարշալ Հովհաննես Բաղրամյանի եւ օդաչու Նելսոն Ստեփանյանի անունները: Իսկ գիտե՞ն, արդյոք, հեռուստադիտողները, որ 1991 թ. ադրբեջանական բարբարոսները վայրենաբար ջարդել են, ոչնչացրել Ն. Ստեփանյանի հուշարձանը Շուշիում եւ Հ. Բաղրամյանի հուշարձանը Կիրովաբադում: Այն ժամանակ ես, որպես ԽՍՀՄ պատգամավոր, Գերագույն խորհրդի ամբիոնից պատգամավորական հարցումով դիմեցի պաշտպանության նախարար, պատգամավոր Յազովինՙ դեպքի առիթով բարբարոսներին պատժի ենթարկելու վերաբերյալ: Նույն երեկոյան Դմիտրի Տիմոֆեեւիչն ինձ ընդունեց նախարարի իր աշխատասենյակում եւ արտաբերեց մի նախադասություն, որը երբեք չեմ մոռանա. «Սումգայիթից հետո ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում»: Հիշեցնենք, որ Սումգայիթին հաջորդեցին Բաքուն, Գետաշենը, Մարաղան, Բուդապեշտը, Նախիջեւանի Ջուղայի 4 հազար (10 հազարից մնացած) խաչքարերըՙ ոչնչացված ադրբեջանցի բարբարոսների կողմից: Դրանք մահացած հայերի գերեզմանաքարերն էին: Իսկ չէ՞ որ դա էլ է ցեղասպանություն, որը կազմակերպել էր ինքըՙ Ալիեւը:
Դա վերակառուցման թեժ օրերին էր, երբ մեզ շատ ու շատ զարմացրեցին անսպասելիորեն հայտնված մասնավոր խանութները, մասնավոր ռեստորանները: Դա այն ժամանակն էր, երբ ստեղծագործական միությունների համագումարներում, որպես կանոն, անտաղանդները «հրապարակայնության» եւ «մարդու իրավունքների» շահարկողական ծածկույթի տակ այպանում էին, եթե չասենքՙ վերջին բառերով հայհոյում էին հայտնի գրողներին, նկարիչներին, առանձնապես կինեմատոգրաֆիստներին: Դա այն ժամանակն էր, երբ ըստ էության, օրինականացված ամենաթողությունը թույլ էր տալիս, ասենքՙ Արբատում վաճառել մարտական շքանշաններ ու մեդալներ: Եվ հենց այդ ժամանակ ես կենտրոնական թերթում կարդացի տխուր, հոգու ցավ առաջացնող հոդված այն մասին, որ երիտասարդ տականքները մետրոյում, բոլորի աչքի առջեւ շրջապատել են ալեհեր ծերունուն, վայրենաբար հարցնելով. «Ի՞նչ ես դոշիդ կախել էդ երկաթի կտորները»: Այդ հոդվածից ես իմացա, որ պատերազմի վետերանի պարգեւների մեջ էր նաեւ Կարմիր դրոշի շքանշանը: Այն ժամանակ ես աշխատում էի «Թեւեր» փաստագրական վիպակի վրաՙ նվիրված Խ. Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքին ու սխրանքին, որը Հայրենական պատերազմի պատմության մեջ մտավ «Բալթիական արծիվ» անունով: Եվ գրքի վրա աշխատելու ընթացքում մեծագույն ցանկություն առաջացավ իմանալ այն մասին, թե ինչպես եւ ինչի համար էին շնորհում այս կամ այն պարգեւը եւ մասնավորապեսՙ Կարմիր դրոշի շքանշանը: Ի դեպ, հենց մետրոյում կատարված նողկալի դեպքի նկարագրությամբ էլ սկսվում է իմ «Թեւեր» գիրքը: Այդ ժամանակ էլ ես իմացա, որ համաձայն պաշտպանության ժողկոմի թիվ 0299 հրամանի, կառավարական պարգեւիՙ Կարմիր դրոշի շքանշանի մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ օդաչու-գրոհայինը կատարել է 20 հաջող թռիչք: Արդեն չեմ ասում այն մասին, թե ինչ երկար ու երկար ճանապարհ էր անցնում պարգեւատրման թերթիկը: Իմացա նույնիսկ այն մասին, որ այդ շղթայի ամենավերջին փաստաթուղթը կոչվում է «Եզրակացություն», որն ավարտվում է հետեւյալ բառերով. «...եւ խնդրել կառավարությանը հաստատել նավատորմի Ռազմական խորհրդի որոշումը»: Այդ ամենն, այսպես ասածՙ թղթաբանությունն է: Բերեմ կենդանի օրինակ պաշտոնական փաստաթղթից. «Կրտսեր լեյտենանտ Նելսոն Ստեփանյանը 1941 թվականի սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը 3-4 ինքնաթիռներից կազմված խմբում կատարել է 20 հաջող մարտական թռիչքՙ գերմանական ֆաշիզմը Լենին քաղաքի մատույցներում ոչնչացնելու համար: Շարքից դուրս են բերվել եւ ոչնչացվել 51 ավտոմեքենա, 8 տանկ, -լողամիջոցՙ 400 տոննա ջրատարողությամբ, 3 զրահամեքենա, 1 մոտոցիկլետ, 8 ֆուրգոն, 4 բեռնասայլ: Արժանի է պարգեւատրվելու Կարմիր դրոշի շքանշանով... Եզրակացությունըՙ 8-րդ ավիաբրիգադի հրամանատար, գնդապետ Լոգինով եւ 8-րդ ավիաբրիգադի զինկոմ, բրիգադային հրամանատար Ալեքսանդրով»: Հետո արդեն հաջորդում են բարձր ատյանները. «Կարմրադրոշ Բալթիկ նավատորմի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի գեներալ-մայոր Սամոխին եւ Կարմրադրոշ Բալթիկ նավատորմի ռազմաօդային ուժերի կոմիսար, դիվիզիոն կոմիսար Պուրնիկ»: Բերեմ մեկ այլ օրինակ. որպեսզի սանիտարին շնորհվեր Կարմիր դրոշի շքանշան, նա պետք է մարտադաշտից դուրս բերեր ավելի քան 20 վիրավոր, ամեն անգամ վտանգելով սեփական կյանքը: Եվ հանկարծ անպատիժ կերպով այդպիսի շքանշանի առուծախով են զբաղվում ինչ-որ տականքներ մի երկրում, որն անխուսափելի կործանումից փրկվեց իր համարյա երեսուն միլիոն քաղաքացիների կյանքի գնով: Մեր աչքի առաջ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ թոռները, չիմանալով, թե ինչ են անում, ծաղրի էին ենթարկում պապերի մարտական պարգեւները: Այն ժամանակ ասում էին, թե Արբատում կարելի էր ձեռք բերել նույնիսկ Խ. Միության հերոսի «Ոսկե աստղ» եւ Լենինի շքանշան: Ճիշտ է, հետո ուշքի եկան, բայց արդեն ուշ էր: Այդ մղձավանջը դիպավ մեր բոլորի հոգուն: Երբեք չի մոռացվի այդ սարսափը: Մնում է հիշեցնել ներկայիս սերնդին, որ Հերոսի կոչումը շնորհվում էր «սխրանք գործելու, մեծագույն ծառայությունների համար»: Աշխատելով «Թեւեր» գրքի վրա, ես երկար փորփրեցի Երեւանի, Մոսկվայի, Լենինգրադի, Լիեպայայի արխիվները: Առաջին անգամ Լիեպայա եմ այցելել հեռավոր 1954 թվականին, «Ուրալ» ականանավով: Ես ծառայում էի Բալթիկայում եւ լավ եմ հիշում, որ այդ չսառցակալող նավահանգիստը բոլորը համառորեն անվանում էին Լիբավա: Չէի մտածում, թե անցնելու են երկար տարիներ, եւ 1987 թվականին Լիեպայայի պատմա-գեղարվեստական թանգարանում հուշատետրիս մեջ բազմաթիվ էջեր եմ լցնելու Նելսոն Ստեփանյանի մարտական սխրանքների մասին փաստաթղթերից, այդ թվում նաեւ Լիեպայայի երկնքում: Այն ժամանակ այդ քաղաքում փողոց կար մարմարե հուշատախտակով, որի վրա գրված էր. «Լեգենդար օդաչու-գրոհային, Խորհրդային Միության կրկնակի Հերոս, հայ ժողովրդի զավակ Նելսոն Գեւորգի Ստեփանյան»: Եվ կար զորամաս, որի հրապարակում դրված էր հուշարձանըՙ պատվանդանին մակագրությամբ. «...զոհվել է օդային մարտում Բալթիկ ծովի վրա, Լիեպայա քաղաքի մոտակայքումՙ Խորհրդային Լատվիան գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելու պայքարում»: Այսօր այդ փողոցը վերանվանել են, հուշարձանը քանդել: Բարեբախտաբար, գտնվեցին պայծառ մարդիկ, որոնք էլ այն տեղափոխեցին հոգուս թանկ Կալինինգրադ քաղաք: Ես ծառայել եմ Կալինինգրադի մարզում, արեւառատ Բալթիյսկում: Այդպես էին կոչում Պիլլաու հայտնի նավահանգիստը: Ես չգիտեմ, ինչպես կարելի է լկտիաբար պղծել անցյալը, առանց որի չէր լինի նաեւ ներկան: ...Բարձրակարգ պրոֆեսիոնալ պոլիգրաֆիստ, բազմաթիվ պատմական գրքերի հեղինակ եւ հրատարակիչ, հայկական «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը Մեծ Հաղթանակի 70-ամյակի առթիվ հրատարակել է հանրագիտական աշխատանք այն հայերի մասին, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ արժանացել են Խ. Միության Հերոսի, Մարտական փառքի երեք աստիճանների շքանշանակիրների, տարբեր երկրների բարձրագույն մարտական պարգեւների (խոսքը համաշխարհային հայկական սփյուռքի զավակների մասին է) շքանշանակիրների կոչման: Ձեռքիս է այդ գրքի նմուշային օրինակը: Խ. Միության հերոսները 106 են: Ի դեպ, Խ. Միության Հերոսի պարգեւի էսքիզի հեղինակը հայ էրՙ Մարժանով Միրոն Իվանովիչ (Մերժանյանց Միհրան Հովհաննեսի): Հայ ժողովրդի 26 զավակներ դարձել էին Մարտական փառքի երրորդ աստիճանի շքանշանակիրներ, իրենց կարգավիճակով հավասարեցված Խ. Միության Հերոսներին: Հայաստանի ութ զավակներ արժանացել են տարբեր երկրների բարձրագույն պարգեւների: Նրանց թվում է ֆրանսիական Դիմադրության լեգենդար մարտիկ Միսաք Գեւորգի Մանուշյանը, որն ինը տարեկան էր, երբ ծնողները ցեղասպանության զոհ դարձան Արեւմտյան Հայաստանում: Պահպանվել է նացիստական փաստաթուղթը ֆրանսիական պարտիզանների խմբի առաջնորդ Միսաք Մանուշյանի մասին: Այնտեղ գրված է. «Հայ, ջոկատի առաջնորդ, 56 հարձակումներ, 150 սպանված, 600 վիրավոր»: Միսաք Մանուշյանի մասին բանաստեղծություններ են գրել Լուի Արագոնը, Պոլ Էլյուարը, երգեր ձոնել Լեո Ֆերրեն եւ Շառլ Ազնավուրը: Բոլոր հերոսների դիմանկարները միասնական ոճով նկարել են երեւելի նկարիչներ: Իր գրքի նախաբանում Արկադի Ասրյանը ներկայացնում է ռազմաճակատային թվաբանության պաշտոնական տվյալներ: Ավելի քան 600 հազար հայեր են մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 83-ին շնորհված է գեներալի կոչում: Նրանցից են Խ. Միության մարշալ Հովհաննես (Իվան) Բաղրամյանը, նավատորմի ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը (Օհանյան): Պատերազմին մասնակցում էին հայկական վեց դիվիզիաներ: Յուրաքանչյուրն ուներ իր անվանումը: Աշխարհով մեկ սփռված հայերը ակտիվ մասնակցություն հանդես բերեցին այլ երկրների զորքերի կազմում: Միայն ԱՄՆ-ի բանակում ծառայում էին 20 հազար հայեր: Խ. Միությանը մեծ աջակցություն ցուցաբերեցին համաշխարհային սփյուռքի հայրենասեր հայերըՙ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ 4-րդ Չորեքչյանի գլխավորությամբ: Հավաքված միջոցներով ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Կարծում եմ, միասնական բանակ ունեցած մեր նախկին երկրի բոլոր ժողովուրդներն արեցին ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մենք ունենանք Մայիսի 9-ի տոնը: Եվ այսօր, ինչպես երբեք, ուզում եմ մի սարսափելի հարց տալ. ի՞նչ կլիներ, եթե անհավատալի կորուստների գնով մենք չկերտեինք Մայիսի 9-ը: Համաձայն «Օստ» գլխավոր պլանի, արդեն 1940 թվականին, գալիք պատերազմում անվիճելի հաղթանակ տանելու մեջ համոզված Հիտլերը ինքնավստահ ծրագրում էր. «Կա՛մ ռուս ժողովրդի լիակատար ոչնչացում, կա՛մ նրա այն մասի գերմանականացում, որն ունի նորդական ռասայի ակնհայտ նշաններ...», «Հարցը կայանում է նրանում, որ վերացնենք ռուսներին որպես ազգ, տարանջատենք նրանց...», «Մեզ կհաջողվի լիովին վերացնել հրեա հասկացությունը...», «Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր տարածքում անհետանան այնպիսի ազգություններ, ինչպիսիք են ուկրաինացիները, հորակները, լուժիչները...»: Այսօր, կարդալով նացիստական ծրագրերի մասին, որոնց չգիտես ինչու անվանում են զառանցական (պլան «Բարբարոսա», գործողություն «ԱԲ», գործողություն «Կոտբուս», պլան «Գրյուն» եւ այլն), համոզվում ես, որ առհասարակ ոչ մի զառանցանք էլ չկար: Համատարած ակնհայտ արյունալի իրողություններ: «Զառանցանքը» «անիմաստություն» բացատրությունն էլ ունի: Բայց այդ ի՜նչ զառանցանք էր, եթե զոհվեց մոտ 70 միլիոն մարդ, չհաշված հարյուր միլիոնավոր վիրավորների, որոնք ժամանակից շուտ հեռացան կյանքից, չհաշված հազարավոր ու հազարավոր ավերված, հիմնահատակ այրված քաղաքներ եւ կենսապահովման օբյեկտներ, չհաշված այն, որ անհետ կորան համաշխարհային մշակույթի անթիվ-անհամար գլուխգործոցներ: Իսկ չէ՞ որ այդ ամենն արվում էր, այսօրվա հետ համեմատած, կարելի է ասելՙ պրիմիտիվ զենքով: Եվ ինչո՞ւ, ասենք Միավորված Ազգերի Կազմակերպությունը գործուն հարց չի ուղղում ինքն իրեն. ինչո՞վ կարող է ավարտվել միջուկային զենք ճոճելը: Մեր Երկիրը մեկն է: Մեկըՙ բոլորիս համար: «Լիտերատուրնայա գազետա», 17 (6507), 29-04-2015, «Երկիր Նաիրի» վերտառությամբ ներդիր h. 5 Նկար 1. Հովհաննես Բաղրամյան Նկար 2. Նելսոն Ստեփանյան |