«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ ԿՓՉԱՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում իր ելույթի ընթացքում խուսափեց ուղիղ ձեւով «ցեղասպանություն» բառը օգտագործելուց: Բայց անգամ դա վրդովմունք առաջացրեց Անկարայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվային հորդորեց նախ մեկնաբանել «Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերը» եւ հետո միայն դատել անցյալի մասին: Սա նշանակո՞ւմ է արդյոք, թե ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է սկսվել: Փորձենք պատասխանել այս հարցինՙ հիմք ընդունելով ռուսական աղբյուրների հրապարակումները:
Ինչպես նշում է «Լենտա.ռու» կայքէջը, Վլադիմիր Պուտինի երեւանյան այցելությունից հետո Մոսկվան բարդությունների բախվեց Անկարայի հետ իր հարաբերություններում: 2015 թ. ապրիլի 24-ի սգո միջոցառումների ժամանակ Պուտինը Օսմանյան կայսրությունում 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունները երկմտորեն բնութագրեց իբրեւ ցեղասպանություն: Պաշտոնական Անկարան անմիջապես հակազդեց: Նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա նախագահ Էրդողանը անդրադարձան հեռավոր եւ մերձավոր պատմության իրադարձություններին: Ռուսաստանին հիշեցրին Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների նկատմամբ իր վարած քաղաքականությունը, Ղրիմի դեպքերը: Արդյոք կարո՞ղ ենք ասել, թե սա ինչ-որ շրջադարձ է Անկարայի արտաքին քաղաքական ուղեգծում, որը մինչեւ 2015 թ. ապրիլ ամիսը աչքի էր ընկել զսպվածությամբ եւ Մոսկվայի հետ գործակցելու պատրաստակամությամբ: Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան, Պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մակեդոնովը կարծում է, որ թուրք ղեկավարների հուզական ելույթների հիման վրա չարժե հեռագնա հետեւություններ անել: Անկարայի ներկայացուցիչները միշտ էլ կոշտ ու անզիջում մեկնաբանություններով են հանդես գալիս անգամ Վաշինգտոնի կամ Մոսկվայի քաղաքական գործիչների ելույթների առնչությամբ, եթե դրանցում Օսմանյան կայսրության 1915 թ. իրադարձությունները բնութագրվում են որպես ցեղասպանություն: Մակեդոնովը իբրեւ թարմ օրինակ բերում է նաեւ ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ունեցած ելույթը, որտեղ նույնպես խոսվել էր ցեղասպանության մասին: Ավելի վաղ Թուրքիան Փարիզից հետ էր կանչել իր դեսպանին, երբ Ֆրանսիան որոշել էր քրեականացնել ցեղասպանության ժխտումը: Սակայն թուրք դեսպանը վերադարձավ Փարիզ: Շատ հավանական է, որ Անկարան նույն կերպ վարվի նաեւ Վատիկանի պարագայումՙ շարունակելով համագործակցությունը այդ փոքրիկ, բայց հույժ ազդեցիկ պետության հետ: Բարաք Օբաման խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նրա նախագահ դառնալուց հետո Անկարան չխզեց հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Թուրքիայի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները խիստ հակասական են: Դժվար է դրանք բերել ինչ-որ ընդհանուր հայտարարի: Կշեռքի մի նժարին տնտեսական շահերն են: Անցյալ տարվա արդյունքներով, երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը հասել է 31,1 մլրդ դոլարի: Դա կազմում է ՌԴ արտաքին առեւտրաշրջանառության գրեթե 4 տոկոսը: Ավելին, կողմերը ձգտում են ավելացնել տվյալ ցուցանիշը: Նախատեսվում է մինչեւ 2020 թ. առեւտրաշրջանառության մակարդակը հասցնել 100 մլրդ դոլարի: 2014 թ. դեկտեմբերին «Գազպրոմը» եւ թուրքական «Բոթաս» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Ռուսաստանից դեպի Թուրքիա ծովային գազամուղ կառուցելու վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ում Մոսկվայի առանձնահատուկ գործընկերն է: Դաշինքում թուրքական բանակը թվակազմով երկրորդն է ԱՄՆ-ից հետո, բայց Անկարան հետաքրքրություն է հանդես բերում եվրասիական նախագծերի նկատմամբ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը «երկխոսության գծով գործընկերոջ» կարգավիճակ ունի Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող եւ այնտեղ մի շարք նախագծեր իրականացնող Անկարան այդուհանդերձ բաց է պահում «աբխազական պատուհանը», շարունակելով գործարար եւ հումանիտար կապերը այդ երկրի հետ: 2008 թ. ռուս-վրացական հակամարտության ժամանակ թուրքական դիվանագիտությունը չպաշտպանեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլուն օգնության փութացող արեւելաեվրոպացի նախագահների նախաձեռնությունը եւ չմիացավ հակառուսական կոշտ քննադատության արշավին: Սակայն կշեռքի մյուս նժարի վրա հակասություններն են: Ճիշտ չէր լինի կարծել, թե դրանք անսպասելիորեն եւ միանգամից հայտնվեցին 2015 թ. ապրիլին, Մոսկվան եւ Անկարան արդեն խիստ տարբեր տեսակետներ ունեին Սիրիայի իրադրության գնահատման հարցում (ոչ միայն խոսքով, այլեւ գործով): Ճիշտ է, Թուրքիայի իշխանությունները զսպվածություն հանդես բերեցին Ղրիմի 2014 թ. դեպքերի առնչությամբ, բայց դա չի նշանակում, թե վերջին ամիսներին Ուկրաինայի ճգնաժամի հարցում հասարակական-քաղաքական կարծիքը Ռուսաստանի դեմ շրջելու փորձեր չեն արվել: Ռուսաստանցի արեւելագետ Պավել Շլիկովը արդարացիորեն նկատում է, որ «Թուրքիայում գոյություն ունեն ուժեր, որոնք պատրաստ են շահարկել թուրքական ընտրախավի այն մասի «ռոմանտիկ» տրամադրությունները, որը երազում է Կովկասում, Ղրիմում, Պովոլժիեում, Կենտրոնական Ասիայում ծավալվելու մասին եւ Ռուսաստանին համարում է ոչ թե գործընկեր, այլ աշխարհաքաղաքական հակառակորդ»: Շլիկովը այս կապակցությամբ հիշեցնում է 2014 թ. նոյեմբերի 10-ին Կիեւում, ռազմավարական պլանավորման թուրք-ուկրաինական խմբի նիստում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի բացահայտ թշնամական հակառուսական ելույթը: Մակեդոնովը իր հերթին ընդգծում է, որ Թուրքիայի համար ե՛ւ Ղրիմը, ե՛ւ Ադրբեջանը (ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարան դժգոհ է Մոսկվայի «հայամետ» կեցվածքից) սոսկ արտաքին քաղաքական սյուժեներ չեն: Դրանք նաեւ ներքին քաղաքականության գործոն են, քանի որ թուրքական ընտրազանգվածի որոշակի մասը տվյալ տարածաշրջանների հետ այս կամ այն չափով կապված է ծագումով, ազգակցական, գործարար կապերով կամ զանազան հումանիտար նախագծերով: Այդ ընտրողների դիրքորոշումից է կախված հենց նախագահ Էրդողանի եւ իր կուսակցության հաջողությունը, որոնք իշխանության գլուխ են անցել «լրջորեն եւ երկար ժամանակով»: Էրդողանի փոխարեն ով էլ լիներ, հայտնվելու էր նույնպիսի կախվածության մեջ: Այնպես որ, նախագահ Պուտինի երեւանյան ելույթին թուրքական վերնախավի կոշտ եւ հուզական հակազդեցությունը կարելի է բացատրել ոչ միայն 1915 թ. դեպքերի հարցում արդեն սովորական դարձած ժխտողական դիրքորոշմամբ, այլեւ ներքաղաքական պատճառներով: Սակայն, չնայած ռուս-թուրքական հակասությունների գոյությանը, Անկարան (մանավանդ Էրդողանի օրոք) ձգտում է փոքր-ինչ սահմանազատվել ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից: Ինքնուրույնության այդ ձգտումը վերջերս առավել նկատելի է դարձել: Իսկ այն փաստը, որ Եվրոմիությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ իրական ինտեգրման, միայն խորացրել է այդ երկրի ընտրախավի եվրոհոռետեսությունը: Էրդողանը, ինչպես իր ռուս պաշտոնակիցը, կոշտությամբ է հակազդում հասարակության բողոքի ելույթներին օժանդակելու Արեւմուտքի փորձերին, որոնք միտված են վերջինիս գերիշխանության հաստատմանը: Տվյալ դեպքում Էրդողանն ու Պուտինը հիանալի կերպով հասկանում են իրար: Երկու նախագահների համար էլ ներքաղաքական գործերում ինքնիշխանության պաշտպանությունը կարեւորագույն արժեք է: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերություններում, Պուտինի երեւանյան այցից բացի, կարող են ծագել նաեւ ուրիշՙ կանխատեսելի կամ անկանխատեսելի բարդություններ: Ավելին, կասկած չկա, որ ոմանք կփորձեն Թուրքիային մասնակից դարձնել հակառուսական պատժիչ քաղաքականությանը: Սակայն երկու երկրները իրենց համագործակցության եւ փոխկախվածության պայմաններում խնդիրների ապաքաղաքականացման հարուստ փորձ են կուտակել: Այսպես, Թուրքիան էապես մեղմացրել է իր դիրքորոշումը Չինաստանի հետ Մոսկվայի համագործակցության կամ Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարաձգման նկատմամբ: Իսկ ներկայումս կառուցվող գազամուղի շնորհիվ Թուրքիան ոչ միայն կստանա ռուսական գազ, այլեւ կարող է ապագայում դառնալ գազի տարանցման երկիր: Եվ այժմ հիմքեր կան ենթադրելու, որ Մոսկվա-Անկարա հարաբերությունները կպահպանեն այն ձեւաչափը, որը թուրք հայտնի փորձագետ Բյուլենթ Արազն անվանում է «մրցողական գործընկերություն»: |