ՆԿԱՐԱԳՐԵԼՈՎ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻՆ: 1915 Թ. ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆ Ալան Ուայթհորնը քաղաքագիտության պաշտոնաթող պրոֆեսոր է Քինգստոնում (Օնտարիո) գործող «Կանադայի արքայական զինվորական քոլեջում»: Բանաստեղծ է եւ գիտնական: Հեղինակ «Վերադարձ դեպի Հայաստան», «Արդար բանաստեղծություններ» եւ այլ գրքերի: Եղեռնից փրկված հայ որբուհու թոռն է:
Ինչպե՞ս կարելի է մտածել, երեւակայել աներեւակայելիի մասին: Ինչպե՞ս կարելի է նկարագրել աննկարագրելին: Այս հարցադրումները ցեղասպանությունը փորձել հասկանալու վերլուծական եւ բարոյական մարտահրավերների շարքին են պատկանում: Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանություններն ու սպանությունները իրենց գագաթնակետին հասան Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, երբ դեռ «ցեղասպանություն» եզրույթը երեւան չէր եկել: Իրականում երիտթուրքերի վարչակարգի իրականացրած հայերի ջարդը որպես կատալիզատոր ծառայեց Լեմկինի համար ստեղծելու այդ իրավական եզրույթը 1944-ին: 1915-ի եւ դրան հաջորդող տարիների իրադարձությունները հասկանալու փորձ կատարելիս, նպատակահարմար է հարցնել, թե ի՞նչ բառեր կամ արտահայտություններ էին օգտագործել վերապրողները, տեղացի եւ օտար ականատեսները եւ այդ ժամանակվա թերթերըՙ նկարագրելու համար տեղի ունեցածը: Մարտահրավերը հետեւյալն էր. ինչպե՞ս նկարագրել աննկարագրելին, կամ այն, որ հետագայումՙ 1941-ին Չերչիլը կոչելու էր «անանուն ոճրագոծությունը»: «Նյու Յորք թայմսը» մեծ տեղ էր հատկացրել հայերի կոտորածներին: Թռուցիկ հայացքն անգամ պարզում է, որ 1915-ին բառերի պակաս չի զգացվել նկարագրելու համար սարսափելի տեսարաններն ու արարքները: Օգտագործված բառերի վերլուծությունը կարող է գաղափար տալ հայ ժողովրդին վիճակված մարդկային աղետի հսկայական ծավալի մասին: «Նյու Յորք թայմսում» 1915 թվին օգտագործված բառերի եւ արտահայտությունների թվում էին հետեւյալները. «ավարառություն», «զանգվածային տեղահանություն», «մեծածավալ արտաքսում», «ամբողջապես անմարդաբնակ դարձած», «բնիկ ժողովրդի ամբողջական տեղահանություն», «երիտասարդ կանայք եւ աղջիկներ յուրացվում են, նետվում հարեմները, հարձակման ենթարկվում կամ վաճառվում ամենաբարձր գին առաջարկողին», «երեխաների զանգվածային առեւանգում», «բռնաբարություն», «աննման վայրագություն», «սարսափի գործողություններ», «սպանություն, բռնաբարություն եւ այլ գազանութուններ», «ենթարկվում են սարսափելի տանջանքների», «նողկալի տանջանքներ», «նրանց (կանանց) կրծքերն են կտրում, եղունգները քաշում-հանում, ոտքերը կտրում, կամ էլ (տղամարդկանց) ոտքերին պայտ մեխում, ինչպես ձիերին են անում», «այրում են ողջ-ողջ», «անհավատալի դաժանություններ», «համակարգված սպանություններ», «տղամարդիկ եւ կանայք քշված դեպի անապատները, որտեղ հազարավորներ սովից մահանում են», «մեկ միլիոն հայեր սպանված կամ աքսորված», «1,5 միլիոն հայեր քաղցած են» «մահանում են բանտային ճամբարներում», «դիվային կոտորածներ», «կոտորածը ծրագրավորված էր», «ամենայն մանրամասնությամբ մշակված եւ արդյունավետ կերպով իրագործված կոտորածները, որ այս երկրում երբեւէ կատարվել են», «արմատախիլ անելով Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերին», «բնաջնջման քաղաքականություն», «ծրագիր արմատախիլ անելու քրիստոնեությունըՙ սպանելով հայազգի քրիստոնյաներին», «ծրագիր բնաջնջելու ամբողջ հայ ժողովրդին», «մի ազգի դիտավորյալ սպանությունը», «մտադրությունը բնաջնջելն է ամբողջ հայ ազգին», «Հայաստանն առանց հայերի», «հայերին սպառնում է մահաջինջ լինելը», «Հայաստանի մահը», «մտադրություն Ասիական Թուրքիայում ամբողջապես բնաջնջելու բոլոր ոչ-մահմեդական ազգություններին», «ոճրագործություն ընդդեմ քաղաքակրթության եւ բարոյականության» եւ այլն: Առնվազն տասը օրինակ կարելի է բերել (հինգըՙ նախքան 1915-ը), երբ բիբլիական «ողջակիզում» բառն է օգտագործված նկարագրելու համար կամ հայերի ողջ-ողջ այրելը, քրիստոնյաների կոտորածը, կամ հայ ժողովրդի բնաջնջումը: 1915-22 թվերի «Նյու Յորք Թայմսի» նկարագրություններում ընդգրկված են եղել «ողջակիզում», «պատերազմի ողջակիզման սարսափները», «մեծ ողջակիզում» եւ «վերջնական ողջակիզում» բառերը: Պարզ է, որ լրատվությունների հեղինակները մեծ ջանքեր են գործադրել նման չափսերի սարսափելի գործողություններն ու տեսարանները նկարագրելու համար: Նրանք հավանաբար խիստ լարված վիճակում են եղել, համակված հեղձուցիչ զգացմունքներով: Ականատեսներից շատերի համար դա հավանաբար իրենց կյանքը ամբողջովին վերափոխող փորձառություն է եղել: 1915-ի ապրիլքսանչորսյան ձերբակալություններից, տեղահանություններից եւ կոտորածներից մեկ ամիս անց դաշնակից երկիրներըՙ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը օգտագործեցին չարագուշակ «Հանցագործություն ընդդեմ քաղաքակրթության եւ մարդկության» արտահայտությունը, որը պաշտոնապես «Նյու Յորք Թայմսում» տպագրվեց 1915 թվի մայիսի 24-ին: Դա մասամբ կիսաիրավական զգուշացում էր ուղղված երիտթուրքերին: Հետագայում այն ձեռք բերեց իրավական «կարգավիճակ» եւ դարձավ միջազգային իրավունքի գլխավոր եզրույթներից մեկը: Դա կարեւոր քայլ էր Ցեղասպանության իրավական հասկացության զարգացման գործընթացում: Այդուհանդերձ, ոչ մի բառեզր կամ բառակապակցություն չի կարող պատշաճ համապատասխանությամբ նկարագրել սարսափի ու տառապանքի ահագնությունը, որ բաժին ընկավ հայերին: Նույնիսկ այսօր մենք որոնում ենք միջոցներ «նկարագրելու աննկարագրելին»: Թարգմ. Հ.Ծ. |