ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ 1915-ԻՆ, ԱՆՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2015-ԻՆ Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ «Դաշնակիցները Գալիպոլիում: Պարտություն 1915-ին, անպատվությունՙ 2015-ին» վերնագրով հոդվածում («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում) ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը գրում է, որ ապրիլի 25-ին լրացավ Գալիպոլիում դաշնակից զորքերի (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ֆրանսիա) չարաբաստիկ ափհանման հարյուրամյակը: Այն պարտությամբ էր ավարտվել դաշնակիցների համար, որոնք ընդհանուր առմամբ 44 հազար զոհ էին տվել եւ 97 հազար վիրավոր ունեցել: Բոյաջյանը հասկանում է, որ պատշաճ եւ պատվավոր արարք է համապատասխան երկրներում իրենց զոհերի հիշատակը հարգելը, սակայն այնքան էլ չի հասկանում նրանց ներկա գտնվելը այն շինծու ներկայացմանը Թուրքիայում, մարդու իրավունքները խախտող այդ տխրահռչակ երկրում, որը դաժանորեն էր վերաբերվել դաշնակիցների գերիների հետ, որը ցեղասպանություն էր գործել քրիստոնյա հայերի, հույների եւ ասորիների հանդեպ եւ որը այսօր էլ շարունակում է ատելությունը քրիստոնյաների, ալեւիների, քրդերի եւ հրեաների նկատմամբ եւ ժխտում իր կատարած հանցագործությունները: «Նույնիսկ դաշնակից երկրներն են անլուրջ վերաբերմունք ցուցաբերելՙ լոտոների հաղթողներին տրամադրելով ավիատոմսեր մասնակցելու Գալիպոլիի հանդիսություններին եւ ամեն ինչ ներառող փաթեթներՙ «երիտասարդ դեսպաններ» դառնալ ցանկացող պատանիներին: Գալիպոլին, ի՞նչ է, դաշնակից քաջարի զինվորների գերեզմա՞նը, թե՞ Թուրքիայի դիզնեյլենդը», գրում է հոդվածի հեղինակը, նշելով, որ Արեւմուտքում այնքան էլ լավ չեն հասկանում Թուրքիային: «Թուրքիան ո՛չ դաշնակիցների, ո՛չ էլ իր գործած ցեղասպանությունների զոհերին է սգում: Վերջիններս իրենց գերեզմաններն էլ չունեցան: Իսկ ըստ հաղորդագրությունների Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Գալիպոլիում կռված եւ զոհված իր երկրի զինվորների ցուցակից ջնջել է բոլոր նրանց անունները, ովքեր մահմեդական չեն», գրում է Բոյաջյանը եւ շարունակում. «Հանդիսություններին ներկա գտնվողները լսել են եսամոլ նախագահ Էրդողանի ելույթը, ով 1100 սենյականոց եւ 615 միլիոն դոլարի արժողությամբ մի շքեղ պալատ է կառուցել իր համար»: Այնուհետեւ նա հիշատակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, խորհրդարաններին, հանձնախմբերին եւ նշում ԱՆԶԱԿ-ի գերի ընկած զինվորներից կապիտան Թոմաս Ուոլտեր Ուայթի անունը, ով ականատես է եղել եւ գրի առել ցեղասպանությունների ժամանակ կատարված վայրագությունների մանրամասները: «Թուրքիան սիրում է խաբել ուրիշներին Գալիպոլիի հարցում: Հինգ տարի առաջ նա մերժեց վիզա տրամադրել ավստրալացի եւ նոր զելանդացի հնագետներին, որոնք ցանկանում էին քարտեզագրել Գալիպոլիի մարտադաշտերը: Ավելին, նա զայրացած էր Սիդնեյի արվարձաններիցՙ Բոնիրիգի ղեկավար մարմինների վրա, որոնք թույլ էին տվել կառուցել հուշակոթողՙ նվիրված քրիստոնյա ասորիների ցեղասպանությանը, իսկ նոր հարավային Ուելսի խորհրդարանականներին նա արգելեց այցելել Գալիպոլի, որովհետեւ նրանք ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը: ...Այդուհանդերձ մեռյալները խոսում են: Գալիպոլիի ափերում ընկած դաշնակից երկրների խիզախ զինվորները վստահաբար շշնջում են. «Խնդրում ենք հարգեք մեր հիշատակը եւ մի այլ վայր մեկնեք, հեռու մնալու համար մեր եւ միլիոնավոր անմեղ քրիստոնյաների գերեզմանների շուրջ թուրքերի կազմակերպած հաղթական պարից», եզրակացնում է Դավիթ Բոյաջյանը: |