RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2244, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՐԱՆՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայ պատմագիտության տարբեր սերունդների ներկայացուցիչներ են անդրադարձել Հայկական հարցի ուսումնասիրությանը: Հատկապես հարուստ գրականություն է ստեղծվել հայ ազատագրական շարժումների մասին: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում է «Հայկական հարց» աշխատության հեղինակ Հովհ. Զատիկյանը, Հայկական հարցի առթիվ անդրադարձները նշված աշխատություններում տեղայնացվում են կամ համադրվում հետաքրքրություններ ներկայացնող ժամանակաշրջանին: Հ. Զատիկյանը չհամաձայնվելով նման տեսակետների հետ, երբ Հայկական հարցի ծագումը կապվում է այս կամ այն դարաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, հանգում է այն կարծիքին, որ Հայկական հարցը ծագել է այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը անողոք պայքար էր մղում գոյապահպանության ու պետականության պահպանության համար. Հայկական հարցի սկզբնավորումը, ծագումը տանելով Հայկ նահապետի, ավելի ստույգՙ հայ ժողովրդի կազմավորման շրջան: Հեղինակի կատարած աշխատանքը, հատկապես գնահատելի է «Հայկական հարցի պատմագրությունը» բաժնում, որտեղ վերլուծվել, մեկնաբանվել ու գնահատվել են 19-20-րդ դարերի գրեթե բոլոր, ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակների, հասարակական-քաղաքական գործիչների հուշերը, մենագրություններն ու աշխատությունները: Բաժինը Հայկական հարցի պատմագիտության յուրահատուկ հատորյակ է, որտեղ պարբերացումը կատարված է նախ ըստ ժամանակաշրջանի, ապա այբբենական կարգով:

Հ. Զատիկյանը ելնելով այն հայեցակետից, որ պատմական յուրաքանչյուր երեւույթ ունենում է իր նախապատմությունը, հիմնավորում է այն տեսակետը, որ Հայկական հարցի ծնունդը չի կարելի կապել հատկապես 11-14-րդ դարերի հետ, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, որովհետեւ պետականության կորստի փաստեր արձանագրված են նաեւ Ք.ա. 1-ին, մ.թ. 5-րդ դարերում կամ 1878 թ. հետ, երբ Հայկական հարցը ստացավ միջազգային ճանաչում: Այստեղից էլ առաջանում է Հայկական հարցի ծագման, նրա հետագա ընթացքի վերլուծման անհրաժեշտությունը, որովհետեւ թեեւ մեծաթիվ ուսումնասիրողներ անդրադարձել են խնդրին, բայց ընդհանուր, ընդունելի տեսակետ չի ստեղծվել Հարցի զարգացման փուլային բաժանման շուրջ:

Շարունակելով առաջ քաշած հարցապնդումը, Հ. Զատիկյանը նախ տալիս է Հայկական հարցի սահմանումը. Հայկական հարցը հայ ժողովրդի դարավոր պայքարն է անկախության, պետականության վերականգման եւ պատմական հայրենիքի վերամիավորման համար:

Սահմանումը ինչ խոսք, համապատասխանում է գերխնդրի բովանդակությանը, սակայն այստեղ նորից բարձրանում է Հարցի ծագման ու զարգացման ընթացքի խնդիրը, ինչին էլ ձեռնամուխ է լինում հեղինակը կատարելով փուլային բաժանում: Մանրակրկիտ վերլուծելով նախորդ շրջանի ուսումնասիրողների տեսակետները, Հ. Զատիկյանը հատկապես անդրադառնում է Վ. Շահամիրյանի, Բ. Իշխանյանի. Ա. Փափազյանի, Ե. Գեղամյանի, Գ. Ահարոնյանի, Վ. Պարսամյանի, Մ. Ներսիսյանի, Ռուբենի, Ա. Եսայանի, Ջ. Կիրակոսյանի, Հ. Տասնապետյանի, Լ. Խուրշուդյանի տեսակետներին, որոնք լինելով առաջին փորձերից, Հայկական հարցի փուլային բաժանումների խնդիրը լուծում են յուրովի, ընդլայնում կամ նեղացնում փուլերի ժամանակաշրջանը: Բնական է, որ նման պայմաններում բացառվում է ընդհանուր կարծիքի ստեղծումը եւ խնդիրը նորից մնում է առկախ:

Կարելի՞ է ընդունել Հարցի նման սահմանումն ու փուլային բաժանումը, հարցի պատասխանը տալիս է հեղինակը հետագա շարադրանքում, սակայն այստեղ վիճարկելի են մնում փուլերի ժամանակագրությունը, նրա բովանդակության հիմնավորումները:

Ճիշտ է հեղինակը, երբ գրում է, թե յուրաքանչյուր պատմական երեւույթ ունի իր գաղափարախոսությունը: Այն ձեւավորվում է, երբ առկա է համապատասխան մտածողությունը: Ազգային գաղափարախոսությունների ձեւավորման բաղադրիչները` ազգային ու պետական մտածողությունները հանդես եկան այն ժամանակ, երբ վտանգի տակ էին հայության գոյապահպանության խնդիրները, եւ որպեսզի դրանք հաղթահարվեին, առաջնային դարձավ ՀԱՅՐԵՆԻՔ հասկացության արմատավորումը:

Վիճարկել հայտնված մտքերը, կամ ներկայացնել հակաթեզ, իհարկե, հնարավոր է, սակայն Հ.Զատիկյանը շարադրանքը կառուցել է այնպես, որ պայմաններ է ստեղծում քննարկման, ընդունելի տեսակետի ստեղծման համար: Լինելով Հայկական հարցը պարբերացնելու առաջին փորձերից մեկը, բնական է, որ հեղինակի տեսակետները անխուսափելիորեն ունեն խոցելի կողմեր, սակայն դրանք որակ չեն կազմում:

Փուլային բաժանումների, դրանց վերլուծությունների ընթացքում էլ հեղինակը ընդգծում է հայ քաղաքական մտքի զարգացումները, նշում նրան շրջափակող, կաշկանդող այն երեւույթները, որոնց պատճառով միջազգային հարաբերությունների այդ խառն ու իրարամերժ դրսեւորումների առկայությամբ էլ հստակեցվում էին քաղաքական հայագիտության բաղադրիչները, որոնք առ այսօր չեն ստացել իրենց իրական կերպարանավորումները, այս կամ այն իրադարձությունների, երկրների նկատմամբ վերաբերմունքի հարցերը: Ասվածի ապացույցներից մեկն էլ Մեծ եղեռնի զոհերի քանակի, միջազգային կարծիքի, Հայկական հարցի միջազգայնացման արդի փուլի դրսեւորումներն են: Իրադարձություններ, որոնք թեեւ ստացել են իրենց մհկնաբանությունները, սակայն առկա են թերի կողմերը:

Վաթսունական թվականների ազգային զարթոնքը, Արցախյան հերոսամարտը նույնպես ստացել են իրենց վերլուծությունները: Սփյուռք-Հայրենիք փոխկապակցությունը դիտելով Հայկական հարցի բարձրացման, միջազգայնացման նոր փուլի հիմնական շարժիչ ուժը, Հ.Զաւոիկյանը անդրադառնում է 1921-1988թթ. իրադարձություններին, երբ զուրկ հայրենիքի օժանդակությունից ու համագործակցությունից, սփյուռքահայությունը իր վրա կրելով Հայկական հարցը միջազգային ատյաններ բարձրացնելու ողջ ծանրությունը, գրանցեց նկատելի հաջողություններ, որոնք այսօրվա առաջընթացի հիմքեր են:

Աշխատության այս եւ 1990-2006թթ. իրադարձությունները շարադրված են ՀՀ ՆԳԱ արխիվային նյութերի հիման վրա: Առանձնակի արժեք են ներկայացնում հատկապես 60-ական թվականների մասին վկայությունները, որոնք ներկայացված են մասնակցի, ականատեսի եւ եզակի, շրջանառությունում չգտնվող փասթաթղթերի օգնությամբ:

Հարկ է նշել նաեւ, որ չնայած վիճահարույց, երբեմն անընդունելի տեսակետներին, հեղինակին հաջողվել է կատարել իր խնդիրը: Սակայն անկարելի է չնշել, որ Հ. Զատիկյանը երբեմն տուրք է տալիս զգացմունքներին, որը մեր կարծիքով ազդում է ընդհանուր տպավորության վրա: Անհրաժեշտ է վերանայել շարադրանքի այդ հատվածները, խմբագրել ու տեղ տալ գիտական մտածումներին, որոնց հնարավորությունը ունի հեղինակը:

Ամփոփելով գրախոսականը, գտնում եմ, որ Հ. Զատիկյանի աշխատությունը համեստ ներդրում է մեր ազգային գերխնդրի ուսումնասիրության ասպարեզում:

Կրճատումներով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ