ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԸ ԻՐԻՆԱ ԲՈԿՈՎԱՅԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ «ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է: ԱՀԱԶԱՆԳ» ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ Համաշխարհային հայկական կոնգրեսի գործադիր տնօրինություն Արդեն հայտնել էինք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունըՙ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո , որում կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ նրանց որոշիչ մասնակցությամբ: Ստորագրահավաքի արդյունքներով, որին մասնակցել էին ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից, նախապատրաստվել էր փաստաթղթային փաթեթ գունազարդ գրքի տեսքով, որը ներառում է նախաձեռնող կազմակերպությունների Միջնորդագիրը երեք լեզուներով, Անիի հուշարձանների պատկերներով, ինչպես նաեւ առկա բոլոր անձանց ստորագրություններըՙ իրենց էլեկտրոնային հասցեներով եւ երկրներով: Նախատեսվում էր այդ փաթեթը հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը: Եվ ահա այսօր, մայիսի 8-ին պատեհ առիթ է ստեղծվել կատարելու խոստացվածը: Մոսկվայում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրամյանը հանդիսավոր ճաշ է կազմակերպել ի պատիվ ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, ով այսօր պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Միջոցառմանը նախորդել է գունազարդ գրքիՙ Միջնորդագրի եւ փաստաթղթային փաթեթի հանձնումը ՄԱԿ-ի բարձր պաշտոնյային: Ճաշին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Օրջոնիկիձեն: |