RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1685, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲՈԼՈՆԻԱՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ Է, ՈՐՏԵՂ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՄԵՐ ՑԱՎԸ ՏԱՆՈՒՄ Է

Հ. ԱՖՅԱՆ

Եթե իսլանդերենից բառացիորեն թարգմանենք «կրթություն» բառը, ապա կստացվի` «լավ մարդ դառնալ»: Այս մասին մայիսի 14-15-ը Երեւանում ընթացող Բոլոնիայի նախագահական գագաթաժողովում հայտարարեց Իսլանդիայի ԿԳ նախարարը:

Հիշեցնենք, որ մեր երկիրը նախագահում է Բոլոնիայի գործընթացում, եւ հենց Հայաստանի նախագահության օրոք տեղի ունեցավ Բոլոնիայի ընտանիքի երկար սպասված համալրումը: Բելառուսը վերջապես դարձավ գործընթացի մաս, չնայած Նորվեգիան երկար ժամանակ դեմ էր հանդես գալիս ԱՊՀ այս երկրի ներգրավմանը իրենց ընտանիք: Այս կապակցությամբ լրագորղների հետ զրույցում Բելառուսի ԿԳ նախարար Նատալյա Բարանովան նշել է, որ իրենք ուրախ են երկար սպասված իրադարձության կապակցությամբ:

Երեւանյան գագաթաժողովի արդյունքում այսօր կընդունվի նաեւ կոմյունիկե: Համատեղ այս փաստաթղթից գործընթացին մասնակից գրեթե բոլոր երկրները միայն գոհ են: Օրինակ Լեհաստանի ներկայացուցիչը նշել է, որ երեւանյան կոմյունիկեն մինչեւ այժմ ընդունված բոլոր կոմյունիկեներից ամենալավն է: Կիպրոսի ներկայացուցիչը նշել է, որ այնտեղ ներառված են իրենց բոլոր ցանկությունները: Գոհ է նաեւ Բելգիայի ներկայացուցիչը, ով նշել է, որ երեւանյան կոմյունիկեն արտահայտում է իրենց բոլորի տեսլականը` կրթության ոլորտում, միեւնույն ժամանակ ընդգծել, որ շատ կարեւոր է, որպեսզի կոմյունիկեում արտահայտված գործընթացները չմնան թղթի վրա:

Ըստ երեւանյան փաստաթղթի` նախատեսվում է մասնավորաբար բարձրագույն կրթությունը դարձնել ներառական...Կոմյունիկեի վերջնական տեսքը կհաստատվի միայն այսօր:

Գագաթաժողովին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը, ողջունելով հյուրերին նշել է. «Կրթությունը ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին: Այսօր 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռեւս ականատես ենք բազմաթիվ ահաբեկչական գործողութոյւնների, բռնությունների, պատերազմների: Մարդկային բանականության եւ արժեհամակարգի տկարությունը անխուսափելի է դարձնում նման անընդունելի դրսեւորումները: Հետեւաբար` հոգեւոր, գիտական, մշակութային բովանդակության վրա հիմնված կրթությունը պետք է միտված լինի մարդկային ռեսուրսի բնականոն զարգացմանը` ամենալայն համատեքստում»:

Նախագահը նաեւ նշել է, որ կրթությունը մշտապես առանձնահատուկ ակնածանքի է արժանացել հայ ժողովրդի կողմից:

...Դե իսկ «ընտանիքի» նոր անդամ Բելառուսի ԿԳ նախարար Նատալյա Բարանովան, լրագրողների բոլոր հարցերին պատասխանելուց հետո, ասել է. «Վե՞րջ, հարցերն ավարտվեցի՞ն, դե թույլ տվեք հիմա ասել այն, ինչը ուզում եմ` բոլոր հայերի ցավը տանեմ: Դուք շատ յուրահատուկ լեզու ունեք, հայերենի հնչողությունը նման չէ ոչ մի լեզվի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ