ԴՐՈՇԱՄՈԼՆԵՐԸ Հ. Ա. Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին մասնակցել են նաեւ ԱՊՀ որոշ երկրներից Մոսկվա գնացած ռազմական ներկայացուցիչները: Մասնավորաբար Կարմիր հրապարակով անցել է նաեւ ՀՀ ԶՈՒ-ի դասակը` Հայաստանի դրոշը վեր պարզած: Հայաստանի զինվորական պատվիրակությունից առաջ քայլելիս է եղել Ադրբեջանի պատվիրակությունը, բնականաբար` իրենց դրոշով: Իրադարձությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքէջում, սակայն, հրապարակվեց մի լուսանկար, որտեղ ադրբեջանական դասակն է` ադրբեջանական դրոշով, հետեւում հայկական դասակը` առանց ՀՀ պետական դրոշի: Ֆոտոշոփի միջոցով հարեւանները անհետացրել էին հայակական դրոշը, ինչի առկայությունը Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքում, փաստորեն, խստիվ արգելվում է: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս «հերոսության» կապակցությամբ իր զարմանքն էր արտահայտել անգամ BBC-ին: Մնում է խորհուրդ տալ հարեւաններին` լավ պահել իրենց դրոշը, որի պահպանման հրապարակի տնօրենը բոլորովին վերջերս ազատվեց պաշտոնից, քանի որ մեղադրվում է կիսով չափ հայ լինելու մեջ: |