RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1603, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ` ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մասնավոր փոխանցումները արդյո՞ք մեր բնակչության եկամտի հիմնական աղբյուրն են

Հայաստանում սպառման ծավալների նվազում է նկատվում, ինչն իր արտացոլումն է գտել նաեւ վիճակագրական ցուցանիշների մեջ: Համաձայն դրանց, այս տարվա առաջին երեք ամիսներին մանրածախ առեւտրի շրջանառության ծավալները նվազել են 6,3 տոկոսով: Պատկերացնելու համար, թե խոսքն ի՞նչ գումարի մասին է, ներկայացնենք առեւտրի ծավալների գումարային ցուցանիշը: Հունվար-մարտ ամիսներին առեւտրի շրջանառությունը կազմել է 442 մլրդ 863 մլն դրամ: Սա ի դեպ, մեր տնտեսության ճյուղերից ամենամեծ բաժին ունեցողն է, որին բավականին զգալի տարբերությամբ հաջորդում է արդյունաբերությունը` 288 մլրդ 738 մլն դրամ: Առեւտրի ծավալների 6,3 տոկոս նվազումը կազմում է մոտ 27 մլրդ դրամ: Այդքանով, համադրելի շուկայական գները հաշվի առնելով, նվազել է սպառման ծավալը Հայաստանում: Դոլարային առումով սա մոտ 56 մլն դոլար է կազմում:

Արտագաղթը սպառման ծավալների վրա ազդող էական գործոն չէ

Հատկապես վերջին տարիներին, խոսելով սպառման ծավալների նվազման մասին, մշտապես հիշատակվում է արտագաղթի գործոնը: Վերջին 5-6 տարիներին տարեկան միջինը 30 հազար մեկնողների եւ ժամանողների տարբերությունը, այդուհանդերձ, չի բերել բնակչության ընդհանուր թվի նվազման` նկատի ունենալով ծնունդների եւ մահերի դրական տարբերությունն հօգուտ ծնունդների: Միայն անցյալ տարի բնակչության ընդհանուր թիվը միգրացիայի բացասկան տարբերության պատճառով, ի վերջո, նվազեց: Մասնավորապես 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ընթացիկ հաշվառմամբ կազմեց 3 մլն 10 հազ. մարդ` 2014թ. հունվարի 1-ին 3 մլն 17 հազար մարդու դիմաց: Բնակչության ընդհանուր թվի նվազումը կազմեց մոտ 7 հազար մարդ: Հետեւաբար, արտագաղթը թեեւ խանգարում է սպառման ծավալների ավելացմանը, բայց բնակչության ընդհանուր թվի անփոփոխ մնալը կամ փոքր նվազումը չի կարող ազդեցիկ պատճառ լինել առեւտրի ծավալների նվազման համար:

Հիմնական պատճառը մասնավոր դրամական փոխանցումների նվազումն է

Երկրորդ հիմնական գործոն նշվում է արտերկրից` հիմնականում Ռուսաստանից, մասնավոր փոխանցումների նվազումը Հայաստան: 2015-ի հունվար-մարտին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 106 մլն 803 հազար դոլար` 2014-ի հունվար-մարտի 217 մլն 240 հազար դոլարի դիմաց: Այսինքն, նվազել է 111 մլն դոլարով: Եթե համեմատենք այս տարվա առաջին երեք ամիսներին մեր երկիր չմտած 111 մլն դոլարը առեւտրի ծավալների 56 մլն դոլարի հետ, ապա տրամաբանական է թվում, որ մասնավոր փոխանցումների նվազումը ազդել է առեւտրի, այսինքն սպառման ծավալների վրա: Բնական է, որ արտերկրից ստացվող գումարներն ամբողջությամբ չեն ուղղվում առեւտրի ոլորտ, բայց զգալի մասը հենց առօրեկան ծախսերի, այդ թվում առեւտրին է ուղղվում: Այսինքն, ակնհայտ է, որ սպառման ծավալների նվազման հիմնական պատճառը դրամական փոխանցումների ներհոսքի նվազումն է:

Այդուհանդերձ, մասնավոր փոխանցումների դերի գերագնահատում կա մեզ մոտ: Պետական բյուջեից աշխատավարձեր եւ կենսաթոշակներ են ստանում հարյուր հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներ էլ աշխատավարձի տեսքով եկամուտներ են ստանում գյուղատնտեսությունից, մասնավոր արդյունաբերական ձեռնարկություններում, առեւտրի եւ ծառայությունների ոլորտների ընկերություններում աշխատելու դիմաց, տասնյակ հազարավորներն էլ բիզնես գործունեությամբ զբաղվելու դիմաց: Հետեւաբար, կարծրատիպը, թե մասնավոր փոխանցումներն են Հայաստանի բնակչության հիմնական եկամուտը` իրականությանը չի համապատասխանում:

Եթե տարեկան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը մոտ 1,5 մլրդ դոլար է, ապա միայն պետական բյուջեի ծախսերը, որը հիմնականում թոշակները, աշխատավարձերն ու նպաստներն են, ավելի քան 2,5 մլրդ դոլար է կազմում: Մասնավոր հատվածի վճարած աշխատավարձերի ընդհանուր գումարն առնվազն կրկնակի ավելի է պետականից, նկատի ունենալով թե՛ այն հանգամանքը, որ մասնավոր հատվածում ավելի բարձր են վարձատրվում, քան պետականում, թե՛ այն, որ մասնավորում աշխատողներն ավելի շատ են, քան պետականում: Մի խոսքով, մասնավոր փոխանցումները մեր տնտեսության ծավալի, այսինքն` համախառն ներիքն արդյունքի (ՀՆԱ) մոտ 15 տոկոսն են կազմում, այլ ոչ թե կեսը կամ գերազանցում են պետական բյուջեի ծախսերը, ինչպես գրագիտության կամ տեղեկատվության պակասի պատճառով տարածվում է:

Տեղում ստացվող երկամուտների ավելացումը մասամբ լրացնում է մասնավոր փոխանցումների պատճառով առաջացող բացը

Վերադառնալով սպառման ծավալների նվազման պատճառներին, հարկ է հիշատակել փոխարժեքի տատանումները` մասնավորապես ազգային արժույթի արժեզկումը անցյալ տարվա դեկտեմբերին: Հայտնի է, որ ազգային արժույթի արժեզրկումը բերում է դրանով իր եկամուտները ստացող բնակչության աղքատացման: Արդյունքումՙ դրամի մոտ 15 տոկոսով արժեզրկում դոլարի նկատմամբ, 4,6 տոկոս գնաճ 2014-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ: Դրամի արժեզկումն ու գնաճը նույնպես նպաստել են գնողունակության անկմանը, հետեւաբար եւ սպառման ծավալների նվազմանը:

Հնարավոր է հարց առաջանա, թե ինչպե՞ս կարող է լինել, որ մասնավոր փոխանցումները նվազել են 101 մլն դոլարով, իսկ սպառումը` 56 մլն դոլարով: Ինչպես արդեն նշեցինք, մասնավոր փոխանցումները մեր բնակչության միակ եկամուտը չեն: Նկատի ունենալով տնտեսական ակտիվության թեկուզ ոչ մեծ աճը, որը բնականաբար բերում է նաեւ եկամուտների աճի, պետական համակարգում նախորդ տարվան կեսից բարձրացված աշխատավարձերը, այս տարեսկզբից բարձրացված կենսաթոշակները, հասկանալի է, որ դրանք որոշ չափով փոխլրացնում են առեւտրի շրջանառության մեջ մասնավոր փոխանցումների նվազման պատճառով առաջացած բացը : Մասնավորապես, պետբյուջեի ծախսերը, այսինքն պետական աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 267 մլրդ դրամ` 24 մլրդ դրամով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս գործոններով պայմանավորված էլ առեւտրի ծավալները նվազել են մոտ 56 մլն դոլարով, այլ ոչ թե 111 մլն դոլարով:

Այսպիսով, Հայաստանում սպառման ծավալների նվազման հիմնական գործոնների մեջ մասնավոր փոխանցումներն ունեն կարեւոր դեր: Միաժամանակ, մեր երկրի բնակչության եկամուտների գերակշիռ մասը ստացվում է տեղում, այլ ոչ թե գալիս է արտերկրից, ինչպես թյուր կարծիք է ձեւավորվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ