ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ Հ. Ծ. Գողության, փողերի լվացման եւ կորպորատիվ անհավատարմության մեղադրանքներով Նյու Ջերսիում ձերբակալվել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերության (AMAA) նախկին աշխատակից 42-ամյա Տիգրան Մելքոնյանը, տեղեկացնում է Նոա Կոհենը NJ.com կայքում, որտեղից լուրը արտատպել է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նա ընկերության նվիրատվություններից յուրացրել է վերջին ութ տարիների ընթացքում 800 հազար դոլար: Գումարի մի մասով գնել է ավտոմեքենա եւ էլեկտրոնիկական սարքավորումներ եւ վերավաճառել հետագայումՙ թաքցնելու համար եկամուտի աղբյուրը: Ընկերության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը նշել է, որ գողությունը բացահայտվել է կազմակերպության հաշիվների ներքին ստուգումների արդյունքում, որից անմիջապես հետո ընկերությունը համագործակցել է ոստիկանության հետ: Այս առթիվ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերությունը հաղորդագրություն է հրատարակել, որտեղ գողության եւ ձերբակալման փաստը արձանագրելուց բացի նշված է, որ կազմակերպությունը ներքին վերահսկողության ավելի խիստ միջոցներ է ձեռնարկել խուսափելու համար հետագայում նման միջադեպերից եւ պահպանելու համար ընկերության հեղինակությունը: |