RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1688, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՉԷ՞ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արտաշատի քաղաքապետի առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Արգամ Աբրահամյանը: Ոչ թե հենց այնպես, կամ ինչ-որ տեղից, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ: Սա, ինչպես նաեւ այն, որ Արգամ Աբրահամյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, մի տեսակ անկարեւոր են դարձնում, թե էլ ովքե՞ր են մասնակցելու Արտաշատի քաղաքապետի ընտրություններին. հաղթողը պարզ է:

Անկեղծ ասած` մենք չգիտենք, թե կոնկրետ ի՞նչ է արել Արգամ Աբրահամյանը Արտաշատ քաղաքի համար, կամ` ի՞նչ է պատրաստվում անել, բայց վստահ ենք, որ նրա թեկնածության առաջադրմամբ` Հովիկ Աբրահամյանն իր որդու համար, համաձայն խիստ հայկական մտածելակերպի եւ ավանդույթների, շատ բան է անում: Ընդ որում վարչապետ Աբրահամյանն այս առումով Հայաստանում միակը չէ:

Օրինակ, ԱԺ-ում կրկին հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը անցյալ տարի նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական գործակալության պետի տեղակալ: Նա նաեւ Երեւանի ավագանու անդամ է: ԱԺ նախկին նախագահ, այժմ ուղղակի հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանի որդին` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նորաբաց նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգենը, նշանակվեց սկզբում ԱԺ աշխատակազմի ղեկավար, ապա` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Մեկ այլ հանրապետական պատգամավոր Արա Բաբլոյանի տղան էլ նշանակվեց առողջապահության փոխնախարար, չնայած հրաժարական տվեց:

Պետք է նկատել, որ «հայրերը` հանուն որդիների» «քաղաքական» ծրագիրը չի ներառում միայն հանրապետականներին եւ նրանց որդիներին, այլ` ուրիշ կուսակցություններին եւս, եւ ոչ միայն որդիներին: Օրինակ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, բոլորովին վերջերս Աբովյանի քաղաքապետից դարձավ Կոտայքի մարզպետ: Չմոռանանք, որ Գուլոյանի հայրը Մուրադ Գուլոյանն է, ով ԱԺ գործող պատգամավոր է ԲՀԿ-ից:

Այնպես որ Հովիկ Աբրահամյանը մեր երկրում «իր որդուն ամենաշատ սիրող» միակ հայրը չէ:

Բայց արդյո՞ք սա որդու հանդեպ սեր է: Օրինակՙ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի որդին` Տիգրանը, ըստ ոստիկանապետ Վովա Գասպարյանի` «հասարակության համար վտանգ չի ներկայացնում», որեւէ պաշտոն չունի, այնինչ լրիվ կարող էր լինել առնվազն Գորիսի քաղաքապետ: Համ ի պաշտոնե միշտ Սյունիքում` հոր վերահսկողության տակ կմնար, համ ի պաշտոնե մի քիչ ավելի զուսպ կլիներ, համ էլ քաղաքապետին, թեկուզ Գորիսի, չի պատշաճում հաճախակի ծեծկռտուքների մասնակցել եւ ապա ոստիկանություն բերման ենթարկվել: Բայց, օրինակ, Սուրիկ Խաչատրյանը որդուն պաշտոն տալ չի շտապում: Չի բացառվում, որ նա այսկերպ վարվելով, ավելի ճիշտ է մտածում: Բանն այն է, որ ենթադրենք Աբրահամյան ընտանիքի պարագայում հայրը` գործող վարչապետը, իր այսօրվա պաշտոնին հասել է ինքն իրենով, իր` բնավորության ինչ-ինչ գծերի արդյունքում: Բայց այ որդի Աբրահամյանը շուտով Արտաշատի քաղաքապետ կդառնա միայն մեկ պատճառով, լավ, երկու` մեկը մյուսից ածանցյալ: Նա Հովիկ Աբրահամյանի տղան է, եւ նա ունի «պարտիա»-ի աջակցությունը: Կոտրո՞ւմ է արդյոք սա երիտասարդի մոտ (անկախ նրա ազգանունից եւ հոր ով լինելուց) առաջ գնալուց բացառապես սեփական ուժերին ապավինելու` մարդուն, հատկապես տղամարդուն այդքան անհրաժեշտ բնավորության գիծը, իհարկե կոտրում է: Լա՞վ է արդյոք սա կոնկրետ Արգամ Աբրահամյան երիտասարդ տղամարդու համար... Ինչ էլ ասենք, կլինի մեր կարծիքը, որին, ի դեպ, Արտաշատի ընտրություններին քիչ են բանի տեղ դնելու:

Մինչդեռ պետական պաշտոնյա չեն ծնվում, ոչ էլ այն նվեր են տալիս: Դրան մի տեսակ հասնում են, ով-ովՙ բայց հիշյալ երիտասարդների հայրերը գիտեն, թե ինչպես եւ ինչ գնով: Սեփական որդուն դա բացատրելը նրա հանդեպ սիրո իսկական դրսեւորում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ