ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԵՎ, ԵՎ»-Ը ԳԵՐԱԿՇՌԵ՞Ց «ԿԱՄ, ԿԱՄ»-Ը ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արեւելյան գործընկերության ծրագիրը միայն 6 երկիր է ներառում, որոնցից 3-ն հաստատապես գնում են Եվրոմիության հետ առավել մերձեցման, մինչդեռ մնացյալի պարագան հստակ ու միանշանակ չէ: Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գնում են ասոցիացման ճանապարհով, Հայաստանի պարագայում անհասկանալին ավելի շատ է, քան որոշակին, իսկ Ադրբեջանի ու Բելառուսի դեպքում ոչ մի առաջընթաց չունենալը ոչ մի կողմին էլ առանձնապես չի հուզում: «Ազգի» նախորդ համարում անդրադարձել էի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայիՙ այս առնչությամբ իրավիճակին, երբ ակնկալիքներն այնքան էլ արդարանալու հեռանկար չունեն: Հայաստանի պարագան կամաց-կամաց դառնում է բացառություն Արեւելյան գործընկերության ձեւաչափում` թերեւս նոր որակի ու շրջանակների հարաբերությունների օրինակ ձեւավորելով: Ամենից առաջ, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել արդեն ամբողջապես բանակցված Ասոցիացման համաձայնագիրը` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի հետ մեկտեղ, Եվրոմիությունը շարունակեց պնդել տարբերակներից մեկն ընտրելու հնարավորության մասին, եւ ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանի «ե՛ւ, ե՛ւ» մոտեցմանը: Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որ կհաջորդի Վիլնյուսում տեղի ունեցածին, երբ սպասված իրավիճակի փոխարեն Հայաստանի հետ անհասկանալի հարաբերություններ առաջացան, իսկ մյուսների հետ էլ մասամբ ու հետաձգումներով ստորագրվեցին մի քանի փաստաթղթեր: Այս անգամ կարծես դառնում է ակնհայտ, որ Հայաստանը Եվրոմիության հետ նոր որակի ու մակարդակի փաստաթուղթ է ստորագրելու: Գագաթաժողովին ընդառաջ ոչ միայն արվում են դեպի դրան տանող հայտարարություններ, այլեւ հնարավոր հաճախակի պարբերականությամբ տեղի են ունենում տարբեր մակարդակի հանդիպումներ` Ռիգայի գագաթաժողովը որպես օրակարգի հիմնական հարց քննարկումներով: Մայիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկեւիչին եւ Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջը: Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումըՙ զարգացնելու եւ խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունըՙ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում: Նույն օրն արդեն ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, քննարկվել են Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը եւ տեսակետներն առանձին հարցերի կապակցությամբ: Նման պատրաստությունները դժվար թե սովորական գագաթաժողովային մակարդակի լինեն: Այսինքն` հնարավոր է, որ գագաթաժողովին իր մասնակցությունը կբերի նաեւ Հայաստանի նախագահը, քանի որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը ակնհայտորեն ավարտական փուլում է. հաճախակի ու բազմաձեւաչափ հանդիպումներում ավելի շուտ ոչ թե գագաթաժողովին առնչվող հարցեր են քննարկում, այլ շարունակվում է աշխատանքը փաստաթղթի տեքստի վրա: Ընդհանրացնելով` սպասենք Հայաստան-ԵՄ մի նոր փաստաթղթի, որը տարբեր կլինի Ասոցիացման համաձայնագրիցՙ տնտեսական բաղադրիչի թերեւս ավելի սահմանափակ լինելու հանգամանքով: Մյուս կողմից, 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարեց եվրասիական ուղղությամբ, իսկ Եվրոմիությունն էլ այժմ հայտարարում է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին, սպասենք հարաբերությունների նոր ձեւաչափի ձեւավորմանը կամ հրապարակայնացմանը: Փաստացիՙ Եվրոպական Միությունն ի վերջո համաձայնեց ընդունել հարեւանների ունեցած պայմանները` ավելի ճկուն քաղաքականություն վարելու մոտեցմամբ: Ավելին, նախկին կտրական «կամ, կամ» տարբերակի փոխարեն լռելյայն գործածության մեջ դրվեց «եւ, եւ» մոտեցումը: Այս փոփոխության հիմնական եւ կարծես ներկա դրությամբ միակ օրինակը Հայաստանն է, քանի որ եվրոպական հարեւաններից ոչ մեկում չկա նմանօրինակ իրավիճակ: Ավելին, Հայաստանի պարագայում բոլոր այն բացատրությունները, թե Ասոցիացման համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց առեւտրին առնչվող մեծածավալ հատվածի, հիմնազուրկ են դառնում, քանի որ թեեւ խոսքը Ռիգայի գագաթաժողովի համատեքստում նոր փաստաթղթի մասին է, սակայն այն եւս պետք է վերաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերություններին: Արցախյան խնդիրը Ռիգայում Որոշակի լուրեր կան, թե Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության թեման: Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը առանց աղբյուրի բացահայտման նշում է, թե Ռիգայում կարող է կայանալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, կամ արտգործնախարարների հանդիպում: Արտգործնախարարների պարագայում թերեւս կարելի է սպասել, որ հերթական ընդհանուր միջոցառումը կարող է օգտագործվել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց ունենալու նպատակով: Սակայն նախագահների պարագայում ռուսաստանյան լրատվամիջոցի աղբյուրը ակնհայտորեն հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության հետ, որ նա արել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում: Ըստ Ուորլիքի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի հաճախակիացնել հանդիպումները, բայց նրանց հնարավոր հանդիպման ամսաթիվ դեռ չի որոշվել: Հակասականն այն է, որ ըստ Ուորլիքի նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար համանախագահները ծրագրում են շուտով այցելել տարածաշրջան, սակայն այդ «շուտովը» դժվար թե եկող շաբաթ-կիրակին լինի: |