ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ ՀԵՏ ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ Երեւան, 2015 թ. ապրիլի 16: Ալեխառն մորուքով, սեւ ակնոցով մարդը խոսում է կարճ, ճշգրիտ նախադասություններով: Ձայներանգը հանդարտ է, բայց վճռական: Բեյրութի Ամերիկյան համալսարանի նախկին ուսանողը ASALA-ի հայտնի դեմքերից է եւ անցումային սերնդի ներկայացուցիչ: Այդ սերունդը 1975-ին քսան տարեկան էր եւ հավատում էր, որ զինված պայքարն անհրաժեշտ է որպես միջոց, եւ ոչ թե նպատակ: 60 տարեկանում Ալեք Ենիգոմշյանն արդեն մի քանի կյանք է ապրել: 1995-ից Հայաստանում ապրող ASALA-ի նախկին մարտիկը դարձել է Երեւանի օլիգարխիական վարչակարգի ընդդիմադիրներից մեկը: Նրա կյանքն ու պայքարը սերտորեն կապված են 20-րդ դարավերջի վայրիվերումների հետ: Լիբանանը 1960-ականների վերջերին Ամեն ինչ սկսվեց Բեյրութում, 1965 թ. ապրիլի 24-ին: 1960-ականների Լիբանանը այն ժամանակվա սփյուռքահայության բաբախող սիրտն էր, նրա մամուլի, քաղաքական կուսակցությունների, մշակութային միությունների եւ եկեղեցիների կարեւորությունը տարագիր հայության ոսկեդարի վկայությունն է: Վերապրողների երրորդ սերունդը նշում էր 20-րդ դարի առաջին ցեղասպանության 50-րդ տարելիցը: Այն ասես ապտակ լիներ արադարության ու հատուցման ձգտող երիտասարդներին, որոնք բախվում էին միջազգային հանրության անտարբերությանը եւ Օսմանյան կայսրության ժառանգորդ թուրքական պետության ամբարտավանությանը: Մինչ վերջինս համառորեն ժխտում էր իր ոճիրը, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում հայկական համայնքները աստիճանաբար հանգչում էին «սպիտակ ջարդի» նմանվող ձուլման հետեւանքով, որը ոմանք համարում են անխուսափելի: 1981 թ. փետրվարին իր ժնեւյան դատավարության ժամանակ Ալեքը հայտարարեց, որ 1965-ը առիթ դարձավ առաջին անգամ գիտակցելու Ցեղասպանության ճանաչմանն ու վնասի հատուցմանն ուղղված հայ ժողովրդի պայքարի ցավալի վիճակը: «Մենք դառնությամբ հավաստեցինք, որ մեկ թիզ անգամ չէինք առաջադիմել եւ նույնիսկ նահանջել էինք», ասաց նա: Այդ ժամանակ էր, որ Լիբանանի հայ երիտասարդությունը երկարատեւ աշխատանք ծավալեց Հայկական հարցի մարդկային եւ տարածքային կողմերը աշխարհին ներկայացնելու նպատակով: Արեւմտյան Բեյրութի Համրա թաղամասում մեծացած Ալեքը 1973 թ. Համազգայինի Բեյրութի «Նշան Փալանջյան» ֆրանս-հայկական վարժարանի միջնակարգ կրթության վկայական ստացավ: Ձախ առաջադիմական եւ հակաիմպերիալիստական գաղափարներով համակված Ալեքը հրաժարվեց հարել Լիբանանում գերիշխող ՀՅԴ-ին: Նրա կարծիքով, այդ կուսակցությունը բավարար պատասխաններ չունի Հայ դատի ցավոտ հարցերի առնչությամբ: Բեյրութը իր համալսարաններով, գրախանութներով, ազատ մամուլով դարձավ հեղափոխական ինտերնացիոնալի կենտրոն եւ պաղեստինցիների դիմադրության շարժման միջնաբերդ: 1972-1976. անցում քաղաքական պայքարից զինված պայքարի Հայ դատի հանրայնացման գործում դրա ակտիվիստների երկրորդ անհաջողությունից հետո աստիճանաբար տիրապետող է դառնում զինված պայքարի գաղափարը: «1968 թ. մայիսն էր, Վիետնամի ազատագրության պատերազմը, ինչպես նաեւ Լիբանանում պաղեստինցիների ազգային շարժման ծնունդը: Պաղեստինցի ֆիդայիների գործողությունները ոգեւորում էին բազմաթիվ հայ երիտասարդների, որոնք նրանց պայքարը նմանեցնում էին մերին», պատմում է Ալեքը: Բեյրութի ամերիկյան համալսարանում ուսանելիս նա ղեկավարում էր հայ առաջադեմ ուսանողների մի խմբակ, միաժամանակ սերտ կապեր հաստատելով «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» երիտասարդ ակտիվիստների, ձախամետ արաբների, ինչպես նաեւ իրանցի, եթովպացի եւ էրիթրեացի հեղափոխականների հետ: Սոցիալիզմի եւ հակաիմպերիալիստական պայքարի իդեալներով համակված Ալեքը հիմնովին մերժում էր սփյուռքի հայկական կուսակցությունների հայեցակարգը, որոնք մինչ այդ շարժվել էին համայնքային գետտոյի տրամաբանությամբ: «Մենք կարծում ենք, որ հարկավոր էր անպայման դուրս գալ ընդարմացումից, մասնակցել որպես Լիբանանի քաղաքացիների մեզ առնչվող պայքարներին: Ուստի սկսեցինք Հայկական հարցը ներկայացնել հակաիմպերիալիստական տեսանկյունից: Վերջին հաշվով, ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ Թուրքիան տարածաշրջանում նաեւ Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցն էր», վերհիշում է Ալեքը: 1972 թ. նա միացավ ձախամետ հայ մտավորականների մի փոքրիկ խմբի, որն ուզում էր վերջ դնել սփյուռքում հայկական ավանդական երեք կուսակցությունների իշխանությանը եւ խարազանում էր դրանց քարացածությունը: 1969 թ. սկսեց լույս տեսնել «Երիտասարդ հայ» հանդեսը, որն աստիճանաբար դարձավ մի կիսաընդհատակյա բանավիճային խմբի կենտրոնատեղին: Այդ խումբը չվերապրեց 1975-ին սկսված քաղաքացիական պատերազմը: Դրա որոշ անդամներ հեռացան Լիբանանից, ոմանք էլ ենթակա դարձան կուսակցությունների հետապնդումներին ու սպառնալիքներին: Նման պայմաններում Ալեքը մնաց Բեյրութում: Լիբանանի քաղաքացիական պատերազմի սանձազերծումը համընկավ Բեյրութում ASALA-ի ստեղծմանը: Այդ ընդհատակյա կազմակերպության կենտրոնական դեմքը Հակոբ Հակոբյանն էր (Հարություն Թաքուջյան)ՙ մի իրաքահայ նախկին ֆիդայի, որը մարզվել էր «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» շարքերում: Նա 1974 թ. կապ հաստատեց լրագրող, գրավաճառ, վիպասան, «Սփիւռք» հայկական անկախ հանդեսի խմբագրապետ Գեւորգ Աճեմյանի հետ: Ալեքը 1977-ից կանոնավորապես այցելում էր Աճեմյանին, որի գրախանութը իր տնից երկու քայլի վրա էր, Ժանն դ՛Արք փողոցում: ASALA-ի երեւելի դեմքերից մեկը (1978-1982) «ASALA-ն ծնունդ չառավ դատարկ տեղում. այն երկարատեւ հասունացման արգասիք էր: 1975-ը եւ 60-րդ տարելիցի հիշատակումը ընկալվեցին որպես երկրորդ ապտակ, որն առավել ուժգին էր, քան 1965-ինը», պնդում է Ալեքը: Ինքը եւ ընկերները ըմբռնեցին խաղաղ պայքարի, լրատվական քարոզչության եւ «հանրային դիվանագիտության» տասնամյա խայտառակ ձախողումը: Մինչդեռ նույն պահին քրդերը զենք էին վերցնում, պաղեստինցիների զինված պայքարում եւ Վիետնամի պատերազմում արձանագրվում էին որոշակի հաջողություններ: «Զինված պայքարը միակ ճիշտ ընտրությունն էր մեր ձայնը լսելի դարձնելու համար», ընդգծում է Ալեքը: Բեյրութի ամերիկյան համալսարանում ուսանելուն զուգընթաց նա սկսեց հաճախել «Ֆաթհի» եւ «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» վարժաճամբարներ, որտեղ սովորեց տիրապետել զենքին: 1979 թ. մտավ ASALA-ի շարքերը, որի «լիիրավ անդամ» դարձավ մեկ տարի անց: Ալեքը հերքում է արեւմտյան գաղտնի ծառայությունների այն պնդումը, թե ASALA-ն վերջին հաշվով «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» ծնունդ է: Ալեքը խոսում է Լիբանանի պետության թուլացման պայմաններում երեք վճռորոշ գործոնների զուգորդման մասին: Դրանք են պաղեստինցի ֆիդայիների գործողություններից ոգեւորված հայերի հեղափոխական խանդավառությունը, լիբանանահայ այլախոհ մտավորականների փոքրիկ խմբի խաղացած դերը եւ վերջապես «Մուջահեդի» կամ Հակոբ Հակոբյանի անձը, որն օգտագործեց իր կապերը պաղեստինյան դիմադրության գլխավոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Գաղտնի կազմակերպությունում Ալեք Ենիգոմշյանը բարոյական ու մտավոր առումներով արագորեն նշանավոր դարձավ իր ամերիկահայ ընկեր Մոնթե Մելքոնյանի հետ, որը մեկ տասնամյակ անց խիզախությամբ աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղում: Ալեքի առաջընթացը զայրացնում էր Հակոբյանին, որը ASALA-ի ներսում չէր հանդուրժում ոչ մի հակաճառություն: Ժնեւի միջադեպը 1980 թ. հոկտեմբերի 3-ին Ժնեւի հյուրանոցներից մեկում Ալեքը (ընկերուհու ներկայությամբ) փորձում էր վերջնամշակել մի ռումբ, որը անսպասելիորեն պայթեց: Ալեքը կորցրեց տեսողությունը եւ ձախ ձեռքը: Չորս ամիս անց Ալեքը տպավորիչ պաշտպանական ելությից հետո դատապարտվեց 18 ամսվա բանտարկության: 1981 թ. լիբանանցի պատգամավոր Զահեր ալ Խաթիբի միջամտությունը դյուրացնում է նրա վերադարձը Բեյրութ: 1980 թ. վերջերից ASALA-ում ավելացավ Ալեքի գործողություններից ոգեւորված նորեկ երիտասարդ կամավորների թիվը, որոնք աճապարում էին հարվածել թուրքական թիրախներին: 1981 թ. սեպտեմբերին Փարիզում թուրքական հյուպատոսարանի պատանդառությունը աննախադեպ ոգեւորություն առաջացրեց սփյուռքում: Սակայն Բեյրութի արեւմուտքումՙ ASALA-ի շտաբում այլեւս հրճվանքի մթնոլորտ չէր տիրում: Իր հաշմանդամության պատճառով Ալեքը հետզհետե մեկուսանում էր, իսկ Մոնթեն զայրացնում էր ընդդիմախոսություն չհանդուրժող «Մուջահեդին»: 1982 թ. Իսրայելի հունիսյան ներխուժումն արագացրեց իրադարձությունները: Իսրայելական բանակը ջարդուփշուր արեց պաղեստինցիների օբյեկտիվ դաշնակիցը համարվող ASALA-ի շտաբը: Աշխատակիցները հազիվ հասցրին այրել արխիվները, իսկ Հակոբյանը իսրայելցիներից փրկվելու նպատակով լուրեր տարածեց իր մահվան մասին: Պաղեստինցիների նման ASALA-ն եւս լքեց իր բեյրության շտաբը եւ հաստատվեց Բեքաայի հովտում: Այդ ժամանակաշրջանում Սիրիայի գաղտնի ծառայությունները ուժեղացնում են ազդեցությունը կազմակերպության վրա. PKK-ի քրդերը պաղեստինցի ֆիդայիների եւ հայերի հետ մարզվում են Բեքաայի եւ Ջեբել լեռան մի քանի ճամբարներում: ASALA-ն PKK-ի հետ համագործակցություն էր սկսել 1980 թ. Սայդայի կոնֆերանսում: Բեյրութ վերադառնալուց հետո Ալեքը բացահայտ հակամարտության մեջ մտավ Հակոբյանի հետ, նրան մասնավորապես հանդիմանելով ASALA-ն անորոշ եւ դաժան հորձանքին հանձնելու համար: Ալեքն ասում է, որ «Մուջահեդը» երբեք չի ձգտել ASALA-ն դարձնել լավ կազմակերպված, կոլեգիալ մարմնով եւ ժողովրդավարական բանավեճի հնարավորությամբ օժտված կառույց: «Քաղաքական կոնկրետ նախագիծ չկար, բացի 8 կետից բաղկացած մեկուկես էջանոց նախնական ծրագրից, որն այդպես էլ մնաց թղթի վրա: Բռնարարքը դարձել էր ինքնանպատակ: Չկար մեթոդին, թիրախների ընտրությանը, քաղաքական գծին վերաբերող ներդաշնակ ռազմավարություն: Երբ ՀՅԴ-ն ստեղծեց սեփական զինված կազմակերպություն, «Մուջահեդը» խենթացավ այն աստիճան, որ սկսեց իր հայ «ախոյաններին» համարել իրական մարտահրավեր եւ թուրքերից ավելի գերակա թիրախ: Ցավոք, իմ հաշմանդամության պատճառով չկարողացա որեւէ բան փոխել. ASALA-ն խրվեց այդ հորձանուտի մեջ», պատմում է Ալեքը: 1982 թ. վերջերին նա անցավ ընդհատակ: Բաժանումը վերջնական դարձավ մեկ տարի անց, երբ շարժման պառակտումը նշանավորեց անցումը դեպի կույր ահաբեկչության խորխորատներ: 1983-ի վերջին եւ 1984-ի սկզբին ASALA-ի մահափորձերն այլեւս ուղղված չեն թուրքական պաշտոնական թիրախների դեմ: Իսկ Ալեքը ընդհատակում մնաց մինչեւ 1993 թվականը: Աթենքում Հակոբ Հակոբյանի սպանությունը վերջ դրեց սփյուռքյան զինված պայքարի տվյալ փուլին: Իսկ ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցումը ազգամիջյան մի շարք հակամարտությունների սրման պատճառ դարձավ, որոնցից մեկը անցյալում կամայականորեն Ադրբեջանին հանձնված, բայց 1988-ից ինքնորոշված Արցախի հակամարտությունն է: Ալեքը ուշի-ուշով հետեւել է իրադարձությունների ընթացքին: (Կրճատումներով) Ֆրանս. թարգմ. Պ. Ք. |