ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՆՎՃԱՐ Wi-Fi ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄՙ ՄԻՆՉԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երեւանի մետրոպոլիտենումՙ մինչեւ երրորդ անձանց կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի մետրոպոլիտենի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ է տրամադրում 2012 թվակականի օգոստոսից, որպեսզի գնացքի սպասող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու եւ համացանցից օգտվելու հնարավորություն: Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երեւանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մշտապես մատուցվել է անվճար եւ առանց որեւէ նախապայմանի, այդ թվումՙ առանց ցանցին միանալու համար գովազդային բնույթ կրող որեւէ տեսանյութ դիտելու նախապայմանի: Սակայն վերջերս, երրորդ անձանց կողմիցՙ առանց ընկերության հետ համաձայնեցնելու միջամտություն է կատարվել ընկերության ենթակառուցվածքինՙ անվճար Wi-Fi ցանցին միանալ ցանկացող քաղաքացիներին առաջարկելով դիտել գովազդային տեսանյութերՙ որպես Wi-Fi ցանցին միանալու անհրաժեշտ նախապայման: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերը նշվածը գնահատվում է որպես ապօրինի միջամտություն իր ենթակառուցվածքին եւ վերջինիս չարտոնված շահագործումՙ շահույթ ստանալու նպատակով: Հետեւաբար, ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնելու անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումըՙ մինչեւ իր ենթակառուցվածքին չարտոնված եւ ապօրինի միջամտության վերացումը: |