ՈՐԴՈՒՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՈՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Նպատակ չունեմ սենսացիա առաջացնելու, ոչ էլ թուրքական կամ «դաեշ»ական հին ու նոր վայրագություններին անդրադառնալու, այլ ուզում եմ ներկայացնել օրերս պատահած մի դեպք, որը անհավատալի է թվում, քանի որ սպանությունը կատարվել է օրենքի պահապաններիՙ ոստիկանների ձեռքով, աշխարհի ամենազարգացած եւ ամենաժողովրդավարական համարվող երկրներից մեկում: Դեպքը պատահել է Մ. Նահանգներում, Կալիֆոռնիայի Օրեյնջ Քաունթի գավառում, նախորդ շաբաթ, ամերիկահայ մի երիտասարդիՙ քառասնամյա Ալեք Ուզունյանի հետ, որ մասնագիտությամբ արվեստաբան էր եւ արվեստի գործեր էր ստեղծում ու վաճառում: Վերջին 2-3 տարիներին Ալեքի մոտ կրկնվում էին դեպրեսիվ վիճակները: Դեպքի օրը իր իսկ բնակարանից նա զանգում է հորըՙ Րաֆֆի Ուզունյանին, եւ հայտնում, որ ուզում է ինքնասպան լինել: Այլայլված հայրը բնականաբար սուրում է որդու բնակարանՙ ճանապարհին օգնության համար զանգահարելով 911, որը անվտանգության ծառայության շտապ կանչի համարն է: Հասնում է տուն եւ որդուն գտնում բոլորովին մերկ նստած վաննայում: Դեռ չհասցրած որդու հետ խոսելՙ բաղնիքից ներս են մտնում հինգ, այո, հինգ ոստիկանՙ հսկայամարմին ու վախազդեցիկ: Այլայլվածՙ որդին վաննայից վեր է ցատկում: Իսկույն հետեւում է ոստիկաններից մեկի կրակոցըՙ ուղի՛ղ սրտին: Հիվանդանոցի ճանապարհին Ալեքը ավանդում է հոգին հոր ձեռքերի մեջ... Վերջին շրջանում միջազգային լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Մ. Նահանգների տարածքում ոստիկանության բռնությունների, վայրագությունների, հրազենի անհարկի օգտագործման եւ սպանությունների փաստերին. Ֆերգյուսոն, Բալթիմոր, Սենտ Լուիս եւ այլ վայրերում պատահած դեպքերի մասին: Եվ թվում էր, որ ոստիկանության վայրագության զոհերը բացառապես սեւամորթներ են: Հիշենք միայն վերջինՙ Սենտ Լուիսում պատահածը, երբ փախչող սեւամորթի վրա ոստիկանը 8 անգամ կրակելուց հետո մոտեցավ գետին ընկած մահամերձ կամ արդեն մահացած երիտասարդին եւ ձեռնաշղթա անցկացրեց նրա անշարժացած ձեռքերին... Սակայն բացելով համացանցը, Police brutality in USA («Ոստիկանության վայրագությունները ԱՄՆ-ում») վերտառության տակ հանդիպեցինք բազմաթիվ դեպքերի, որոնց զոհերը կամ տուժողները սեւամորթներ չեն: Ըստ երեւույթին միջազգային լրատվամիջոցները բացառապես սեւամորթներին են անդրադառնում մանրամասնորեն, քանի որ նման դեպքերին որպես օրենք հետեւում են սեւամորթների բողոքի ցույցերն ու անկարգությունները: Մեկ էլՙ երբ նման դեպքերը գաղտնի տեսագրված են լինում պատահական ականատեսների բջջային հեռախոսով, որը դարձել է ոստիկանության գլխավոր թշնամինՙ դատարաններում եւ հասարակական կարծիքի տեսակետից: Համացանցում բազմաթիվ են վկայությունները ամերիկյան ոստիկանության խժդժությունների մասին: Բազմաթիվ են նաեւ պարագաները, երբ դատական գործ է հարուցվել ոստիկանության դեմ, որը ստիպված է եղել, ավելի շուտՙ ապահովագրական ընկերությունները, տուժողների ընտանիքներին վճարել 1-ից մինչեւ 2 միլիոն դոլար վնասուց հատուցում, իսկ հանցավոր ոստիկանները «երկրորդ կարգի սպանություն» հոդվածով դատապարտվել են 1-2 տարվա բանտարկության կամ զրկվել պաշտոնից: Այժմ, մեր տեղեկություններով, Ալեք Ուզունյանի գործով դատական գործ է հարուցվել: Պաշտպանը Մ. Նահանգների ամենահայտնի փաստաբաններից էՙ հայազգի Մարկ Կիրակոսը, որ խոստացել է դատը կորցնելու պարագայում դատական ծախսերի համար ոչինչ չգանձել հարազատներից: Հուսանք, որ չի կորցնի: Սակայն մինչ այդ կալիֆոռնիահայությունը պետք է հավաքաբա՛ր իր խոսքը ասի: Ավելի քան երկու տասնամյակ արդեն Կալիֆոռնիայի ոստիկանության աչքին հայ լինելն արդեն հանցանշան է դարձել: |