RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈՍՏԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս անհայտ մեկը մեր խմբագրության միջանցքի սեղանին դրել էր մի գրություն, որտեղ գրված է` «Ամենայն հայոց Սերժ Սարգսյանին»: Սակայն այս թղթի մեջ փաթաթված մենք տեսանք այն, ինչը, տրամաբանում ենք` ուղղված էր «Ամենայն հայոց Սերժ Սարգսյանին»: Իսկ տեսանք կարծր, գրեթե ոսկրային կազմով մի փոքրիկ գրքույկ` թելերով կապված եւ կարված, որի վրա փորագրված էր` «Թուղթ եւ գիր»: Անկեղծ ասած` մենք, խորագրից խուսափելով, չբացեցինք այն, մանավանդ որ դա մեզ չէր հասցեագրված: Ամեն դեպքում ՀՀ նախագահի մոգության եւ գուշակության հարցով օգնականին (եթե այդպիսին կա) հորդորում ենք` ուշադիր լինել. մարդ ես, ավելի ճիշտ` մոգ ես, էլի...

Հաշվի առնելով, որ այս «նամակը» Սերժ Սարգսյանին է հասցեագրվել այս տարի եւ ամենեւեին էլ չի ներկայացվել Բաղրամյան 26` նախագահի նստավայր, այն ներառված չէ անցյալ տարի ՀՀ նախագահին ուղղված 6988 դիմում-բողոքների մեջ: Այս վերջինի մասին ԱԺ-ի մշտական հանձնաժողովներին երեքշաբթի օրը տեղեկացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նշելով նաեւ, որ անցած տարի նախագահականում ընդունել են 7340 քաղաքացու: Միայն այս թվերի հրապարակումից պարզ է դառնում, որ հնարավոր է ՀՀ քաղաքացիների անթիվ-անհամար դիմում-բողոքները քաղաքացիների համար դրական ելքով լուծում են ստանում` մինչեւ նախագահական հասնելը, ասենք` իրենց տեղական կառավարման մարմիններում: Եւ, բնականաբար, կարիք չի լինում հասնել նախագահական: Ի դեպ, այս համատեքստում նկատենք, որ համաձայն Transparency International-ի զեկույցի` անցյալ տարվա տվյալներով պետական ինստիտուտներից ՀՀ քաղաքացիներն ամենաշատը վստահում են հենց տեղական ինքնակառավարման մարմիններին (իյա, իրո՞ք):

Հնարավոր է, սակայն, որ ՀՀ քաղաքացիները այնքան էլ չեն վստահում կամ արժեւորում իրենց տեղական ինքնակառավարման մարմինները եւ իրենց բողոք-նամակները միանգամից ուղղում են նախագահական: Բայց սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներից միայն 6988-ը ունեն դիմում-բողոք, ինչը, հասկանալի է, այդպես չէ:

Չի բացառվում նաեւ, որ այսքան քաղաքացիների համար սպառվել է իրենց դիմում-բողոքների առնչությամբ դրական լուծում ստանալու պետական այլՙ ավելի ցածր մարմիններից աջակցության ակնկալման ժամանակը եւ դրանք ստիպված հասել են նախագահական: Իհարկե կան նաեւ այլ տարբերակներ, օրինակ այն, որ այս խումբ քաղաքացիներն ապրում են նախագահականին մոտ եւ նրանց ուղղակի հարմար է տնից դուրս գալ, մի հատ, ձեռքի հետ, դիմում-բողոք գցել նախագահականի` «Նամակների համար» արկղի մեջ եւ գնալ գործերով, եթե, իհարկե, դրանք կան:

Ուշագրավ է, որ Վիգեն Սարգսյանը չի ասել, թե այս` 6988 դիմում-բողոքներից, որոնք, հիշեցնենք եւ ընդգծենք, նախագահականը ստացել է ոչ թե մեկ օրում, կամ գոնե մեկ շաբաթում, այլ ամբողջ անցյալ տարվա ընթացքում, քանի՞սն են դրական լուծում ստացել: Չի բացառվում, որ այդ դիմում-բողոքներից 2200-ը դրական լուծում չի ստացել, կամ առհասարակ չեն էլ քննարկել, արհամարհվել են: Ինչո՞ւ հենց այդքանը, որովհետեւ Վիգեն Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ հենց 2200 մարդ անցյալ տարի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ենթադրում ենք, որ նրանք, մինչեւ այդ ծայրահեղ քայլին դիմելը, մեկական դիմում-բողոք են գցել նախագահականի արկղը եւ տեսնելով, որ դրանց ընթացք չի տրվում...

Ինչ վերաբերում է նախագահականում ՀՀ 7340 քաղաքացու ընդունելությանը, ապա միանգամից ասենք, որ եթե նրանց ընդունել են նախագահականում, դա չի նշանակում, որ ընդունողը եղել է Սերժ Սարգսյանը: Այլ հարց է, եթե այդ քաղաքացիներց մեկը եղել է, ենթադրենք, Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ Գագիկ Ծառուկյանը. վերջիններս այսօր պետական պաշտոնյաներ չեն եւ, եթե նրանք գնում են նախագահական, ապա` որպես ՀՀ քաղաքացի, հետեւաբար մտնում են նախագահական այցելած ՀՀ քաղաքացիների տարեկան ցուցակի մեջ:

Վիգեն Սարգսյանը այստեղ էլ լռել է այն մասին, թե ինչի՞ շուրջ են զրուցել այս 7430 քաղաքացու հետ նախագահականում: Չի բացառվում, որ մարդիկ ներս են մտել, ապա որոշ ժամանակ սպասել եւ տեսնելով, որ իրենց ոչ ոք չի ընդունում, հեռացել են. սա ընդունենք, քիչ հավանական է: Հնարավոր է, որ նրանց ընդունել են եւ զրուցել` կյանքից, բնությունից, այն հարցի շուրջ, թե ինչ գեղեցիկ է հոսում գետը (Որոտանն, անշուշտ): Սա` ամենահավանականն է: Եւ վերջապես շատ հնարավոր է, որ այդ մարդկանց հետ խոսել են վերջիններիս հուզող բուն խնդիրներից: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի ՀՀ ոչ մի քաղաքացի հրապարակայնորեն շնորհակալություն չի հայտնել նախագահականին` իրեն սիրով եւ հարգալից ընդունելու եւ իր խնդիրը լուծելու համար, ուրեմն այս հանդիպումներն էլ դրական ելք չեն ունեցել ՀՀ 7430 քաղաքացու համար: Համաձայնեք, հակառակ պարագայում վիճակախաղի գովազդի նման, հենց նախագահականից տեսահոլովակ կնկարեին, որտեղ աննախադեպ ուրախ դեմքով ՀՀ քաղաքացին կհայտարարեր, որ շահում է նա, ով մտնում է նախագահական. «Ժողովուրդ, արդար է, հավատացեք»: Չի եղել նման բան:

Փոխարենը անցյալ տարի, Վիգեն Սարգսյանի հավաստիացմամբ` 13 հազար 266 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որոնցից` 3613-ը` սիրիահայեր են: Մենք, անշուշտ, չենք ներկայացնի հիմա, թե առհասարակ քանի՞ սիրիահայ է վերադարձել հայրենիք անցյալ տարի, հետեւաբար նրանցից քանիսը չի դիմել, կամ դիմել է ու չի ստացել ՀՀ քաղաքացիություն, քանի որ դա մեր կողմից կլինի դիմում-բողոք, որն, ինչպես հասկանում ենք, նախագահականում միայն հաշվում են, այն էլ տարին մեկ անգամ, ոչինչ ավելին:

Մնում է միայն խնդրել նախագահականին` այս տարվա դիմում-բողոքների, նամակների մեջ ներառել նաեւ մեր խմբագրությունում գտնվողը, այսինքն` մեկն արդեն կա, ի՞նչ կարեւոր է, թե մեջն ինչ է գրված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ