ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԲՈԼՈՐԻՍ Հ. ԱՖՅԱՆ Հայաստանի պետական մարմինների, ավելի ճիշտ 13 պետական մարմնի կոռուպցիային առնչվող աշխատանքներին իր հրապարակած զեկույցում գնահատականներ է տվել Transparency international միջազգային կազմակերպությունը: Ուսումնասիրված պետական ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից` առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ կազմակերպության 2014-ի զեկույցի, «Հայաստան» մասի` Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` 61 միավոր, ԱԺ-ն` 56, կառավարությունը` 54, եւ դատական համակարգը (դատարանը)` 52: Կրկնում ենք` զեկույցը ՀՀ պետական ինստիտուտների կոռուպցիայի դեմ տարած պայքարի մասին է եւ շեշտում ենք` դատարանը 100 բալանոց սանդղակով ստացել է 52 բալ: Սա նշանակում է, որ Հայաստանում, եթե կոռուպցիայի դեմ պայքար կա, ապա պայքարողներից ամենալավը օմբուդսմենն է, ամենավատերից մեկը` դատարանը, որն ավելի վատ է հակակոռուպցիոն պայքար ծավալում, քան, ենթադրենք` կառավարությունը, կամ` «այս իշխանությունները մեզ նվիրած» ԿԸՀ-ն: Իսկ Հայաստանի ամենահակակոռուպցիոն ինստիտուտի` Մարդու իրավունքների գրասենյակի վերաբերյալ զեկույցում կարդում ենք.«...Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջեւ դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ եւ բյուրոկրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դառնում...»: Հաշվի առնելով, որ ՄԻՊ-ը հակակոռուպցիոն պայքարում առավելագույն 100 բալից ստացել է միայն 80-ը, նշանակում է, որ նա նախ բավականին համարձակ չէ, ապա եւ օմբուդսմենին ոչ միշտ է հաջողվում հաջողությամբ դիմակայել այդ «անհամաչափ եւ բյուրոկրատական քննադատությանը», առավել եւս` «հարձակումներին», չնայած այս հանգամանքին, ըստ նույն զեկույցի, 2014-ին 2 տոկոսով աճել է քաղաքացիների վստահությունը ՄԻՊ-ի նկատմամբ: Ի դեպ, քաղաքացիների մասին: Հասկանալի է, որ որպես պետական կառավարման ինստիտուտ` քաղաքացիները չեն դիտարկվում եւ այդպիսինը չեն համարվում:Հակառակ պարագայում` ուշագրավ կլիներ պարզել, թե որքանո՞վ են նրանք պայքարում (կամ պայքարո՞ւմ են արդյոք) կոռուպցիայի դեմ: Մեկ էլ, հաշվի առնելով, որ Գրենլանդիայում մարդիկ կան, ինչը նշանակում է, որ կոռուպցիա կա, հետաքրքրական կլիներ պարզել, թե ի՞նչ արժի Transparency International-ում` կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից այս կամ այն ինստիտուտին տված մեկ միավորը: Խոստանում ենք իմանալուն պես այդ տվյալը հաղորդել մեր դատական համակարգին` հաջորդ տարի վերջինիս տրամաբանական հաղթանակը ապահովելու համար: |