ՏԱՐՀԱՆՎԵ՞Լ, ԹԵ՞ ՄՆԱԼ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Նախանցյալ շաբաթ Բեյրութում Հայկազյան համալսարանի կազմակերպած եռօրյա գիտաժողովի ընդհանուր թեման եղել է «Սուրիոյ հայերը»: (Տե՛ս մեր թերթի ներկա համարի 2-րդ էջում Հ. Միքայելյանի հակիրճ թղթակցությունը): Բազմաթիվ զեկուցումներին ու ելույթներին հաջորդել է ներկա պահի համար ամենակարեւորըՙ «Սուրիոյ տագնապն ու սուրիահայութիւնը» թեմայի շուրջ կայացած «կլոր սեղանը», որի գլխավոր մասնակիցները եղել են սիրիահայ համայնքի հոգեւոր պետերը: Հենց այդ սեղանի շուրջ է, որ, ըստ մեր թղթակցի, տրվել է օրվա գլխավոր հարցըՙ հալեպահայությանը պե՞տք է տարհանել հայկական այդ հինավուրց գաղթօջախից: Ինչպես եւ ակնկալելի էրՙ հոգեւոր պետերի պատասխանը եղել է բացասական: Սակայն, միաժամանակ, նրանք հայտնել են, որ գաղթօջախի ղեկավարությունն ունի նաեւ 2-րդ ծրագիր կամ պլան, որը ի գործ կդրվի անխուսափելի պարագաների դեպքում, այսինքնՙ իսլամական ուժերի կողմից Հալեպը գրոհելու դեպքում: Գրեթե նույն օրերին Սիրիայի մայրաքաղաքում էր գտնվում արտգործնախարար Էդ. Նալբանդյանը: Նախագահ Բաշար Ասադի եւ պետական այլ պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո նա Դամասկոսում շուրջ 3 ժամ ընդունել է սիրիահայության ներկայացուցիչներին եւ իմ ունեցած տվյալներովՙ ավելի ունկնդրողի, քան թելադրողի դիրքում է եղել: Բնականաբար: Ոչ ոք չի կարող սիրիահայությանը, ի մասնավորիՙ հալեպահայությանը թելադրել կամ խորհուրդ տալ լքելու երկիրն ու քաղաքը: Բայց կարող է, ու պետք է, տեղեկանալ նրանց ծրագրերին (այսպես կոչվածՙ պլան-2), պատկերացումներին եւ ակնկալություններին: Մանավանդ որ Հայաստանը ներկա պահին ի վիճակի չէ թելադրողի պատասխանատվությունը ստանձնել, որը ենթադրում է համապատասխան համալիր գործողություններ: Իսկ սիրիահայությունը, կոնկրետՙ հալեպահայությունն ու Քեսաբի հայերը (Քամիշլիում եւ հյուսիս-արեւելյան այլ բնակավայրերում հայեր չկա՛ն այլեւս), հակառակ առնվազն 4 անգամ կոտորակված իրենց թվաքանակին, հակառակ ամենօրյա տվայտանքներին եւ օրհասական վիճակներին ու զոհերին, մնում են կառչած իրենց տունուտեղին, եկեղեցուն ու դպրոցին, եւ սա ոչ միայն իրենց ազգասիրական զգացումների թելադրանքով, այլեւ զուտ մարդկային մղումներով: Նրանցից շատերը երեխաներ ունեն բանակումՙ զինապարտությամբ ծառայող, ուրիշներՙ մի բնակարան ու, թերեւս, մի գործատեղի, որոնք ենթակա են կողոպուտիՙ անգամ սիրիական բանակայինների կողմից: Իսկ առավել մեծ թիվ են կազմում նրանք, որոնք չունեն պահուստային որեւէ գումար տեղաշարժվելու: Իսկ, այնուամենայնիվ, շարժվելու պարագայում նրանց սպասում են բազմակի դժվարություններ եւ անորոշություններ թե՛ հարեւան Լիբանանում, թե՛ Հայաստանում, անգամ եվրոպական այն մի քանի երկրներում (Շվեդիա, Բելգիա ու Գերմանիա), որոնք օրինական կամ ոչ օրինական ճանապարհով մուտք գործածներին թեեւ ապահովում են օրապահիկով ու մեծ քաղաքներից հեռու վայրերում կացարանով, սակայն ամեն բանից առաջ պահանջում են գումար հատկացնել տեղի լեզուն ու օրենքները սովորելուն: Մինչդեռ գրեթե անխուսափելի է Հալեպի գրոհումը, նախՙ «Ջաբհաթ ալ-Նուսրայի», ապաՙ խալիֆաթական հորդաների կողմից: Նախագահ Ասադի զորքերը 4,5 տարվա մարտերից հետո հոգնել են ակներեւաբար: Տարածաշրջանի խոշոր խաղացողներըՙ Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը եւ Թուրքիան Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում ստեղծված քաոսում իրենց հակամարտությունների, մրցակցությունների ու շահերի թելադրանքով ձգտում են, գոնե առերեւույթ, պարփակել խալիֆաթական ուժերին, որոնք ի դեպ ապացուցել են, որ ունեն կենտրոնացյալ ու պրոֆեսիոնալ ուժեղ ղեկավարություն, որը սահուն կերպով «Ալ Ղաիդային» փոխարինելուց հետո նպատակասլաց ընթանում է դեպի իր նպատակակետըՙ Լեւանտի տարածքում իսլամական պետության հիմնումը: Եվ ըստ երեւույթին այս հանգամանքը հաշվի առնելով է, որ վերջերս դիվանագիտական շրջանակներում համառորեն շրջում է այն միտքը, թե միջազգային մեծ ուժերը, ներառյալ Մ. Նահանգներն ու Ռուսաստանը, պատրաստակամ են Իրաք-Հորդանան-Սիրիա եռանկյունու միջեւ ընկած անապատային տարածքում տեղ բացել խալիֆաթական պետության համար, ծովեզերքն ու Դամակոսը թողնելով Բաշար Ասադին... Այս բոլորի մեջ անորոշությունները շատ շատ են: Գլխավորներից մեկը Թուրքիայի պարագան է, Էրդողանի իշխանության պարագան, որը խորհրդարանական վերջին ընտրություններից, որոնք անցան Իսլամական ուժերին գաղտնորեն զենք-զինամթերք մատակարարելու մասին բացահայտումների մթնոլորտում, դուրս եկավ թուլացածՙ առավել թանձրացնելով անորոշությունների մշուշը: Այս պայմաններում ի՞նչ է վերապահված հալեպահայությանը: Անխուսափելի՞ է նրա տարհանումը: Այդ պարագայում ի՞նչ ենք անելու մենքՙ պետություն եւ ժողովուրդ: Կարո՞ղ ենք, գոնե, հալեպահայության վերաբնակեցման համար կարեւոր գումարներ պոկել միջազգային կազմակերպություններից: |