ԹՈՒՐՔԻԱ. ՔԻՆԶԵՐԸ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ Հ. Ծ. Ըստ «Today՛s Zaman» թուրքական թերթի «Նյու Յորք Թայմսի» լրագրող Սթիվն Քինզերը մայիսի 26-ին պետք է ներկա գտնվեր Թուրքիայի հարավային նահանգ Այնթապում (Գազի Անթեպ) իր պատվին կազմակերպված հանդիսությանը, որի ընթացքում «պատվավոր քաղաքացի» պետք է հռչակվեր նա: Քինզերը 1996-ից 2000 թվականը ամերիկյան վերոնշյալ թերթի ստամբուլյան գրասենյակի տնօրենն էր եւ այդ պատվին էր արժանանալու հռոմեական խճանկարների փրկությանը նպաստող հետազոտական հոդված տպագրելու համար, որի հետեւանքում միլիոնավոր զբոսաշրջիկներ էին սկսել այցելել Սիրիային սահմանակից այդ քաղաքը: Վերջին պահին, սակայն, նրան տեղեկացրել են, որ ոչ մի հանդիսություն էլ չի լինելու, ինքը «պատվավոր քաղաքացու» տիտղոսին չի արժանանալու: Պատճա՞ռը: Հայտնաբերել են նրա հոդվածներից մեկը, որտեղ նա քննադատական տողեր է գրել Էրդողանի հասցեին: «Խորտակելով չափազանց զգուշորեն կառուցված հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի եւ Սիրիայի հետ, Էրդողանը թուլացրեց իր երկիրը եւ նպաստեց Մերձավոր Արեւելքի ապակայունացմանը», գրել էր նա «Բոստոն Գլոբում», ավելացնելով, որ Էրդողանն այժմ հսկայական պալատ է տեղափոխվել, երկրում լրագրողներ են ձերբակալվում եւ այլ բռնություններ իրականացվում: Հանդիսության չեղյալ հայտարարվելը եղել է «նախագահ Էրդողանի անձնական հրամանով»: |