ՀԻՍՏԵՐԻԱ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անցնող շաբաթ ԱԺ-ում քննարկվեց «Հանրաքվեի մասին» օրինագիծը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` հոսանքի սակագնի հարցը: Միանգամից ասենք, որ այս երկու քննարկումներին եւ դրանց արդյունքներին այստեղ չենք անդրադառնալու, իսկ անդրադառնալու ենք այն հարցին, թե ինչպես են անցել այդ քննարկումները: Եթե մի բառով ասենք, ապա` հիստերիկ: Նախ ասենք, որ հիստերիկ բառն իրականում վատ բան չի նշանակում, հետեւաբար վիրավորանք որպես պետք չէ ընդունել: Հոգեբանության մեջ հիստերիկ անվանում են այն մարդկանց, ովքեր չափից դուրս բռնկուն են, հաճախ` անզուսպ իրենց էմոցիաները վարքագիծ եւ գործողություն դարձնելու մեջ: Երբեմն էլ անհանգիստ շարժումներ են անում եւ երբեք լուրջ քննարկումների ժամանակ ըստ էության չեն խոսում: Օրինակՙ ԱԺ-ում, որտեղ, հիշեցնենք, քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքը, հենց այդ քննարկումների ընթացքում պատգամավորները միմյանց մեղադրեցին ստախոսության, իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու, մասնագիտացված ընտրակեղծիքներ եւ այլ բաներ անելու մեջ, ընդ որում, քննարկումներից հետո, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը իրենց մեղադրողներին հենց այդպես էլ անվանեց` հիստերիկ: Փաստորեն կոնկրետ առաջարկվող օրինագծի շուրջ ԱԺ-ի նիստը լուսաբանող լրագրողները, իրենց պատգամավորական տեղում լուռ եւ անշառ նստած պատգամավորական մանդատ ունեցողները (չխառնել` պատգամավորների հետ), ինչպես նաեւ ԱԺ-ի տվյալ նիստը դիտող եւ լսող հեռուստադիտողները եւ ռադիոլսողները այդպես էլ բան չհասկացան օրինագծից: Արդյունքում պատգամավորներն իհարկե կմեղադրեն լրագրողներին` աղմուկը քննարկումից առավել կարեւորելու մեջ, մոռանալով, որ իրենք են գերադասել աղմուկը` քննարկումից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պատկերը ըստ էության նույնն էր: Քննարկումների ժամանակ ոչ ոք չխոսեց այն մասին, թե ոչ թե որքա՞ն է բարձրանալու հոսանքի սակագինը, այլ ինչո՞ւ է այն բարձրանալու, ի՞նչ հիմքերով: Մինչդեռ ոլորտի մասնագետների պակաս հանձնաժողովը պետք է որ չունենա, հետեւաբար մասնագիտական, շեշտում ենքՙ մասնագիտական գնահատական եւ կարծիք խնդրին եւ դրա վերաբերյալ պե՛տք է որ հնչեր: Չհնչեց: Ինչո՞ւ, լուրջ կասկածներ ունենք, որ պատճառը համատարած հիստերիան է, դե այն, որ ՀՀ ԱԺ-ում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բոլորը հիստերիկ են: Եթե այդպես է, ապա առաջարկում ենք ըմբռնումով մոտենալ եւ հանդուրժող լինել: Եթե այդպես չէ, ապա մենք մեծ սիրով եւ պատասխանատվությամբ հերքում ենք մեր քիչ առաջ բարձրաձայնած խոսքերը եւ ասում, որ ՀՀ ԱԺ-ում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բոլորը հիստերիկ չեն: |