RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



DOSSIER

Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1518, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԱՆԱՄՈԹՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿԱՄ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ

ՋԵՐԱԼԴ ՔՆԱՈՒՍ

Եվրոպա՞ն է Ադրբեջանին «դաստիարակում», թե՞ Ադրբեջանըՙ Եվրոպային

Անգլերենից թարգմանաբար ստորեւ ներկայացվող հոդվածի հեղինակՙ Ջերալդ Քնաուսը (Gerald Knaus) հիմնադիր տնօրենն ու նախագահն է «Կայունության եվրոպական նախաձեռնության» («European Stability Initiative») եւ հիմնադիր անդամներից է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի: Նա նաեւ Հարվարդի Քենեդիի անվան կառավարման կրթօջախի «Մարդու իրավունքների քաղաքականության Կարր կենտրոնի», աշխատակից է «Carr Center for Human Rights Policy»): Համահեղինակ է (Ռորի Ստյուարտի հետ) «Ներխուժումը կգործի՞» («Can Intervention work?») հատորիՙ հրատարակված 2011 թվին:


Մի քանի տարի առաջ մարդու իրավունքների պաշտպանության միջկառավարական ամենահեղինակավոր կառույցըՙ Եվրոխորհուրդը հոգին ու խիղճը վաճառելով որոշեց գնալ բարոյական հեղինակազրկման ճանապարհով, փորձելով Դորիան Գրեյի նման պահպանել իր արտաքին բարետեսությունը:

Այսօր Եվրոպան ավելի շատ մարդու իրավունքների պաշտպան-հանձնակատարներ ունի, ավելի շատ կազմակերպություններ, ստորագրել է այդ բնագավառում ավելի շատ պայմանագրեր եւ շնորհել ավելի շատ մրցանակներ, դարձյալ այդ բնագավառում, քան իր պատմության որեւէ այլ ժամանակահատվածում:

Բայց այդ բոլորը մեծ խոչընդոտներ չեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար, որպեսզի նա կարողանա կաթվածահար անել ամբողջ համակարգը, չեզոքացնել կառույցը «անվանարկելու եւ ամոթանք տալու» միջազգային շարժման էական մարտավարությունը: Օգտագործելով անողոքաբար գործող քաղաքական մեխանիզմներ, հասարակայնության հետ կապեր հաստատելու արդիական մեթոդներ եւ ադրբեջանական KGB-ի (որտեղ հայրըՙ Հեյդար Ալիեւը իր կարիերան էր ստեղծել) որոշ հնարքներ, Ադրբեջանի կառավարությունը ամբողջովին փոխեց անպատվություն եւ ամոթանք հասկացությունների իմաստները` անամոթության նշաձողը իջեցնելով ամենացածր մակարդակի: Իլհամ Ալիեւը նույնիսկ Ջորջ Օրուելի «1984» գրքից որոշ գաղափարներ փոխ առավ եւ Եվրոխորհրդում իր դաշնակիցների միջոցով Ստրասբուրգի միջանցքներում ներմուծեց իր «բառապաշարը». քաղաքական բանտարկյալները դարձան «խուլիգաններ», անզիջում, կարծրացված բռնատիրությունը դարձավ «երիտասարդ ժողովրդավարություն», գողացված ընտրությունները համարվեցին «ազատ, արդար» եւ «ձեռնհասորեն կազմակերպված»:

Երկրում մարդու իրավունքների ամենահայտնի պաշտպանների ազատազրկման պայմաններում Ադրբեջանը 2014 թվին նախագահեց Եվրոխորհուրդը եւ միջազգային գիտաժողովներ անցկացրեց «մարդու իրավունքների իրազեկման, դաստիարակության եւ հանդուրժողականության» թեմաներով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն անտեսող Ալիեւը 2014 թվի հոկտեմբերին հյուրընկալեց այդ նույն կառույցի նախագահին: Իսկ բանտերում խոշտանգումների ու կտտանքների իրականացման պայմաններում, Ադրբեջանը դարձավ Եվրոխորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի նախագահը:

Այս բոլորը կենաց-մահու մարտահրավեր են նետում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության շարժմանը: Եվրոխորհրդի համար անհարիր է, աննախադեպ եւ խիստ մտահոգիչ հանգամանք դաշնակցել մի վարչակազմի հետ, որը բանտարկում է մարդու իրավունքների պաշտպաններին: Երբ որեւէ շենքի պահպանութան հարցը անտեսվում էՙ ճաքեր են առաջանում առաստաղում եւ այլուր, եւ մարդիկ այլ տեղերում են փորձում ապաստան գտնել: Նույնը կարելի է ասել մարդու իրավունքների պաշտպանության կառույցի վերաբերյալ:

Մրցանակներ, գովեստներ եւ լռություն

53-ամյա Իլհամ Ալիեւը իր փոքր երկրի (բնակչությունը 9,5 միլիոն) նախագահն է 2003 թվականից: Եվրոպացի իր գործընկերների հետ հանդիպելիս նա իրեն շատ ազատ ու հանգիստ է զգում: Այդ հանդիպումների մեծամասնությունը հար եւ նման են 2013ի հունիսին կայացած իր հանդիպմանը այդ ժամանակ Եվրոհանձնախմբի նախագահ Խոսե Մանուել Բարոսոյի հետ: Վերջինս լրագրողներին հայտարարել էր, որ գնահատում է «ձեռք բերված հսկայական առաջընթացը» եւ ուրախ է, որ «Ադրբեջանը պարտավորվել է ընթանալ քաղաքական բարեփոխումների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներով»: Երբ Ալիեւը Բեռլին այցելեց 2015-ի ապրիլին, Անգելա Մերկելը նրան հավաստիացրեց, որ Ադրբեջանը «խիստ կարեւոր գործընկեր է», եւ հակառակ ժողովրդավարական սկզբունքների վերաբերյալ «տարաձայնություններինՙ անհրաժեշտ է հարաբերությունները Ադրբեջանի հետ բաց պահել»: Բրյուսելում 2014 թվի հունվարին մի լրագրող հարցրեց Ալիեւին քաղբանտարկյալների մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողքին կանգնած Ադրբեջանի առաջնորդը սահուն անգլերենով պատասխանեց. «Ադրբեջանը ավելի քան տասը տարի է, ինչ Եվրոխորհրդի անդամ է: Մենք անդամ ենք նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, եւ հետեւաբար մեր երկրում քաղբանտարկյալներ չեն կարող լինել»:

Հարգանքը, որ նա վայելում է օտարերկրյա առաջնորդների կողմից, թույլ է տալիս նրան արհամարհել բոլոր տեսակի քննադատական զեկույցները: 2013-ի օգոստոսին «Amnesty International»ՙ Միջազգային ներում կազմակերպությունը հաշվել էր, որ «առնվազն 14 քաղբանտարկյալ կա երկրում»: Նույն տարվա սեպտեմբերին «Human Rights Watch»ՙ մարդու իրավունքների ոտնահարումները դիտարկող կազմակերպությունը զգուշացնում էր, որ Բաքվի իշխանությունները «կեղծ մեղադրանքներով ձերբակալում են եւ բանտարկում տասնյակ քաղաքական ակտիվիստների»: Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների մի խմբավորում 2014-ի կեսերին քաղբանտարկյալների մի ցուցակ էր պատրաստել, որում ընդգրկված էին մոտ հարյուր անուններ: Նախքան ցուցակի թարգմանությունը անգլերենի եւ համացանցում տեղադրվելը, խմբավորման ակտիվիստները ձերբակալված էին: Եվրոխորհրդի եւ եվրոպական կառավարությունների կողմից ոչ մի արձագանք չեղավ:

Կա երկու բացատրություն դրան: Մեկը այն հսկայական գումարներն են, որ Ադրբեջանը ծախսում է բարելավելու համար իր հեղինակությունը, ֆինանսավորելով նախագահական ընտանիքի անդամների արձանների տեղադրումը աշխարհի տարբեր երկրների հանրային այգիներում, կազմակերպելով խոշոր միջոցառումներ Բաքվում, հովանավորելով իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային թիմի խաղերը: Մյուսըՙ Ադրբեջանի դերակատարությունն է որպես էլեկտրամատակարարի: Սակայն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը բավարար կերպով չեն բացատրում Իլհամ Ալիեւի մարտավարական հանճարը մարդու իրավունքների խախտման եւ անպատիժ մնալու գործում:

Շատ բռնապետեր են փորձել բնական ռեսուրսները դարձնել քաղաքական հաղթաթուղթ: Քչերին է դա հաջողվել իրականացնել այդքան երկար ժամանակ: 2012-ին Եվրոպան բնական գազի իր պահանջարկի 31 տոկոսը Ռուսաստանից կամ Ռուսաստանի միջոցով էր ստանում, բայց դա Եվրոմիությանը հետ չպահեց Ռուսաստանին քննադատելուց եւ պատժամիջոցներ սահմանելուց 2014 թվին: Ինչո՞վ է Ադրբեջանը տարբերվում: Չէ՞ որ Եվրոմիությունը իր նավթի պահանջի ընդամենը 4 տոկոսն է ներմուծում Ադրբեջանից: Գազի պահանջի ոչ մի տոկոսը: Հարցի պատասխանը ուրեմն այլ տեղ պետք է փնտրել:

Եվրոպացի ժողովրդավարները ակնհայտ անտարբերություն են ցուցաբերում մարդու իրավունքների իրենց իսկ ստեղծած կառույցների հանդեպ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը, օրինակ, արշավ է ծավալել մարդու իրավունքների եվրոպական դատարանի ժողովրդականություն չվայելող որոշումների դեմ:

Նույնը կատարում է Շվեյցարիայի ամենահաջողակ քաղաքական կուսակցությունը: Անտարբերության կամ թշնամական վերաբերմունքի պայմաններում, հեշտ է նրանց մոլորեցնելը:

2014-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները արժանացել են (կամ առնվազն առաջադրվել) Եվրոպայի մարդու իրավունքների ամենահեղինակավոր մրցանակներին: Մեկն ստացել է Վացլավ Հավելի մրցանակը, մյուսն առաջադրվել Մարտին Էնալսի մրցանակին: Լեյլա Յունուսը դարձել է Եվրոխորհրդարանի Սախարովի անվան մրցանակի երեք եզրափակիչ փուլ հասնողներից մեկը: Նա նաեւ արժանացել է Լեհաստանի 2014 թվի Սերջիո Վիեյրա դը Մելլո մրցանակին եւ առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակին: Փոքր երկրի համար այսքան շատ մրցանակները հատկանշական են: Առավել հատկանշականն այն է, որ մարդու իրավունքների պաշտպաններին բանտարկող վարչակազմը մեծարվում է եւ հարգանք վայելում այն կառույցների կողմից, որոնք տրամադրում են այդ մրցանակները:

Ռասսայական խտրականություն, մահապատիժ, կտտանքներ, կեղծված ընտրություններ, քաղաքական ընդդիմադիրների բանտարկություններ եւ այլ հանցագործություններ, որոնք ժամանակին ամոթալի երեւույթներ էին համարվում, այլեւս դադարել են բարոյական խախտումներ լինելուց: Ալիեւը դրանց մասին մտահոգվելու կարիքը չունի: Մարդու իրավունքների պաշտպանները թող ինչքան ուզեն ստանան իրենց մրցանակները: Ինքը մնում է «պատվո հյուրը» եվրոպական մայրաքաղաքներում:

Ինչպե՞ս Եվրոխորհուրդը կորցրեց խիղճը

Եվրոխորհուրդը 1989-ին բաղկացած էր 23 անդամ երկրներից: Այսօր դրանց թիվը հասել է 47-իՙ 800 միլիոն ընդհանուր բնակչությամբ: Հունգարիան միացավ 1990-ին, Չեխոսլովակիան եւ Լեհաստանըՙ 1991-ին, Բուլղարիանՙ 1992-ին: 1993-ից սկսած անդամ դարձան նաեւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները: Ռուսաստանը անդամակցեց 1996-ին: 2000 թվականի հունիսին Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում (PACE) Ադրբեջանի անդամակցության առաջարկը ձայների 120:1 համեմատությամբ ընդունվեց, եւ Ադրբեջանը անդամագրվեց այդ կառույցին, նախքան որ տարին ավարտեր: Շվեյցարիացի սոցիալ-դեմոկրատ Անդրեաս Գրոսը դարձավ Ադրբեջանի հետ ԵԽԽՎ-ի հարաբերությունները կարգավորող գլխավոր անձնավորությունը: 2000 թվի նոյեմբերին առաջնորդելով դիտորդների պատվիրակությունը նա ասել էր, որ «Յոթ երկրներում 13 ընտրություններ դիտարկելուց հետո գտնում եմ, որ այս մեկը ամենավատն է»: Բայց նա հօգուտ Ադրբեջանի անդամակցության էր քվեարկելՙ հավատ ընծայելով, որ թերությունները ճնշումների տակ կուղղվեն: Երբ 2001-ին նրան նշանակեցին դիտորդական զեկուցող, նա զգուշացրեց Բաքվին, որ «երկրների անդամակցությունը վտանգի տակ կգտնվի, եթե նրանք չպահպանեն իրենց պարտավորություններն ու կազմակերպության արժեքները»: 2003-ի ընտրություններից հետո, երբ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, PACE-ը դատապարտեց «ուժի կիրառման չափազանցումը» եւ դարձյալ զգուշացրեց, որ առաջխաղացման բացակայության դեպքում անդամակցության հարցը կվերանայվի: 2005-ի հունիսին կայացած ընտրությունները նույնքան վատն էին, եւ Գրոսը այլ խորհրդարանականների հետ որոշեց, որ միջոցներ պետք է ձեռք առնեն:

Բայց նա անակնկալի եկավ, երբ Ադրբեջանի հարցի քննարկումների ժամանակ Ալիեւի վարչակազմին սկսեցին պաշտպանել Լեոնիդ Սլացկին, Իլհամ Ալիեւի ռուս ընկերը, ով դատապարտեց պատժամիջոցների կիրառումը: Նրան միացավ նաեւ բրիտանացի լիբերալ-դեմոկրատ Մայքլ Հենկոքը, ասելով, որ պատժամիջոցներն անիմաստ էին հաշվի առնելով այն, որ ժողովրդավարության հաստատումը երկար գործընթաց է: Հենկոքին միացավ բրիտանացի պահպանողական Ռոբերտ Ուոլտերը, նշելով, որ կեղծիքները չէին ազդել վերջնական արդյունքների վրա: Արդյունքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցը մերժվեց ձայների 100-ն ընդդեմ 67 հարաբերությամբ:

Սա դարձավ շրջադարձային կետ: Գրոսը հրաժարվեց դիտորդական զեկուցողի իր պաշտոնից: Նրա այն միտքը, որ Եվրոխորհուրդը կարող էր փոխել Ադրբեջանին, ձախողվել էր: Ադրբեջանն էր գործի անցել վերափոխելու Եվրոխորհրդին: «Խավիարային դիվանագիտությունը», ինչպես իրենքՙ ադրբեջանցիներն էլ անվանում են, սկսել էր գործել: Դրա մեջ մտնում էր ոչ միայն ձկնկիթը, այլեւ թանկարժեք նվերներ, խմիչքներ, գորգեր, ոսկյա եւ արծաթյա իրեր, փող եւ տարեկան առնվազն 30-40 հոգու արձակուրդի կազմակերպում:

PACE-ի քառանդամ պատվիրակությունը 2009-ի մարտին Բաքու մեկնեց դիտարկելու Ալիեւին ցկեանս նախագահ տեսնելու վիճահարույց հանրաքվեն: Խմբում երկուսը գերմանացի քաղաքագետներ էին. Էդուարդ Լինտներըՙ քրիստոնեասոցիալ միությունից, ով հետագայում դուրս գալով PACE-ից դարձավ Գերմանիայում ադրբեջանական քարոզչական մի խմբավորման նախագահ եւ Հաքքի Քեսկինըՙ Բունդեստագի սոցիալ-դեմոկրատ պատգամավորը, ով նույնպես ընտրեց Լինդների ուղին: Երրորդը բելգիացի սենատոր Պոլ Ուիլլին էր, ով 2010-ին վերադարձավ Բաքու որպես դիտորդական խմբի առաջնորդ եւ փորձեց «սվաղել» թերությունները, եւ չորրորդըՙ իսպանացի ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Սգրամունտը, ով հետագայում ստանձնեց Ադրբեջանի դիտորդական զեկուցողի պաշտոնը: Քառյակը մամուլին տեղեկացրեց, որ հանրաքվեն «արտահայտում է կայունություն եւ հետագա ժողովրդավարություն ձեռք բերելու Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը»:

Պետք է նշել, որ «խավիարային դիվանագիտությունը» իրականացնելուց առաջ Ադրբեջանը լուրջ ուսումնասիրություն էր կատարել, թե ինչպես են որոշումները ընդունվում Եվրոխորհրդի կառույցներում: «Հավաքագրվել» էին բոլոր կարեւոր պաշտոններ զբաղեցնողները: Ստրասբուրգում խոսում էին «ստվերային կոալիցիայի» մասին, որը կույր էր ձեւանում եւ փառաբանում Ադրբեջանը: Սա չափազանց մտահոգիչ է:

Հուսահատություն Ստրասբուրգում

Երբ Ադրբեջանը միացավ Եվրոխորհրդին, պարտավորվեց կարգավորել քաղբանտարկյալների հարցը: 2001-ին անկախ փորձագետների մի խումբ կազմավորվեց: PACE-ն էլ հատուկ դիտորդական զեկուցողներ նշանակեց, որոնք բանտարկյալների եւ իշխանությունների հետ զրուցելուց հետո չորս սուր զեկուցագրեր հրատարակեցին: Միջոցառումները որոշ գործնական արդյունք տվեցին, բայց դրանք կարճ տեւեցին:

Ի պատասխան ոչ-կառավարական կազմակերպությունների խնդրանքին, 2009-ի մարտին Եվրոխորհուրդը Բունդեստագի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Քրիստոֆ Ստրեսերին նշանակեց դիտորդական զեկուցող, եւ այն ինչ պատահեց դրանից հետո, աննախադեպ էր Եվրոխորհրդի պատմության մեջ:

Սկզբում Ադրբեջանը փորձեց շեղել խորհրդի ուշադրությունը, կոչ անելով «լուրջ ուսումնասիրություն կատարել Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի շուրջ»: Հետո մարտավարությունը փոխելով պնդեց, որ խորհուրդը բոլորի կողմից ընդունված ճշգրիտ սահմանում չունի «քաղբանտարկյալ» եզրույթի վերաբերյալ: Այս մասին գրքեր գրվեցին եւ կոնֆերանսներ հրավիրվեցին: Միաժամանակ Ստրեսերի հեղինակությունը վարկաբեկող արշավ սկսվեց: Հաքքի Քեսկինը բաց նամակ հղեց Բունդեստագին, որ նա «չափազանց նախատրամադրվածություն» ունի Ադրբեջանի հանդեպ: Թուրք ծագումով Քեսկինը նույնիսկ զգուշացրեց, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կկորցնի թուրք ընտրողների ձայները:

Ադրբեջանն իր հերթին ամեն կերպ խոչընդոտեց Ստրեսերին երեք անգամ մուտքի վիզա չտրամադրելով նրան: PACE-ի պատմության մեջ առաջին անգամ անդամ երկրներից մեկը մերժում էր, որ զեկուցողն իր պարտականությունները կատարեր: Սա սկանդալ պետք է առաջացներ, բայց PACE-ի ղեկավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ:

Ստրեսերը չընկրկեց: Նա 70 քաղբանտարկյալների մի ցուցակ կազմեց եւ ներկայացրեց Ադրբեջանի իշխանություններին: Ապարդյուն: Նա ոչ մի պատասխան չստացավ: Հրավիրեց մարդու իրավունքների հարգված ազերի փորձագետ Անար Մամադլիին համագործակցելու: Որոշ ժամանակ անց Մամադլիին ձերբակալեցին Բաքվում, եւ մինչեւ օրս նա բանտարկված է:

2013-ի հունվարին Ստրեսերի ներկայացրած քաղբանտարկյալների հարցը քննարկվեց PACE-ում: Թեժ վիճաբանություններ տեղի ունեցան, որոնց ընթացքում 54 հոգի արտահայտեց իր տեսակետը: Բրիտանացի Ռոբերտ Ուոլտերը մեղադրեց նրան «առանց Ադրբեջան այցելելու» զեկուցագիր պատրաստելու համար: Իռլանդական Ֆիենա Ֆաիլի քաղաքագետ Թերի Լեյդենը փոխելով թեման հայտարարեց, որ անդամ երկրներից շատերը մարդու իրավունքների խախտումների բազում օրինակներ ունեն, այնպես որ, «ով մեղք չունի, թող նա առաջինը քար գցի» մարտահրավեր նետեց: Ռուսաստանի 18 հոգուց բաղկացած պատվիրակությունը պաշտպանեց Ադրբեջանին: Թուրքիայի եւ Իսպանիայի պատգամավորներըՙ նույնպես: Պաշտպանների թվում էին նաեւ լեհ նախկին կոմունիստներ, հույն ձախակողմյաններ, իսպանացի կաթոլիկ պահպանողականներ եւ բրիտանացի լիբերալ-դեմոկրատներ: Ադրբեջանի քաղաքական մեքենան հաղթանակեց ձայների 125 կողմ, 79 դեմ հարաբերությամբ:

Ստրեսերը ընդունեց իր պարտությունը, լրագրողներին հայտարարելով, որ Եվրոխորհրդիՙ որպես մարդու իրավունքների պաշտպան կառույցի ապագան հարցականի տակ է: Ադրբեջանի պատվիրակությունը հրճվանքի մեջ էր: Պատվիրակության առաջնորդ Սամադ Սեյիդովը հոխորտաց. «Եվրոխորհուրդը Ադրբեջանին է պատկանում»:

Որոշ տվյալներ

Եվրոխորհրդում Ադրբեջանի նախագահության շրջանում սառեցվել էին տասնյակ ոչ-կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվները, մեղադրական հայցեր էին ներկայացվել ամենահարգված կազմակերպություններին, ինչպիսին «Այրեքսն» (IREX) է եւ «Բաց հասարակություն հիմնադրամը» (Open Society Foundation): Որոշ կազմակերպությունների գրասենյակները փակվեցին, Իլգար Մամադովը, Ադրբեջանում ժողովրդավարությունը խթանելու Եվրոխորհրդի ստեղծած «քաղաքական ուսումնասիրությունների ծրագրի» տնօրենը, 7 տարվա ազատազրկման արժանացավ ապստամբություն հրահրելու մեղադրանքով: Անար Մամադլին, «ընտրությունների վերահսկման եւ ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահըՙ հինգ տարվա բանտարկության: Մինչ 2014 թվի մայիսի 6-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը 47 անդամ երկրների առաջ ելույթ էր ունենում, Բաքվում դատարաններից մեկը 6-ից 8 տարվա ազատազրկման վճիռ էր կայացնում ութ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ: Իսկ մինչ Իլհամ Ալիեւը Ստրասբուրգում դասախոսում էր մարդու իրավունքների մասին (2014 հունիս), Բաքվում բռնությունների մի նոր ալիքի բռնկման հետեւանքով ձերբակալվեցին Լեյլա Յունուսը եւ Ռասուլ Զաֆարովը, որոնք քաղբանտարկյալների ցուցակի հեղինակներ էին: Ձերբակալվեց լրագրող Խադիջա Իսմայիլովան:

Այս բոլորի մասին գրված բազմաթիվ զեկուցագրերը մնում են անհետեւանք, «չեն արթնացնում ոչ մեկի հետաքրքրությունները». երբ ամոթը վերանում է, բարոյական նորմերն են հեղաշրջվում: Չկան բարոյական սկզբունքներ, չկան նաեւ միջազգային պարտավորություններ: Ալիեւի ամենամեծ ձեռքբերումը ոչ թե ընտրություններին կեղծիքներով եւ անպատիժ մնալով հաղթելն է, այլ Եվրոխորհրդի հոգին ու խիղճը գողանալը: Դրանք այժմ Ադրբեջանի բանտերում են, երկրի այլախոհների հետ եւ սպասում են ազատ արձակվելու:

«Journal of Democracy», Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(հրատարակվում է կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ