ՎՃԱՐԱՅԻՆ 50 ՏԵՐՄԻՆԱԼՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ դուստր ընկերությունըՙ ՄոբիԴրամ-ը, ավարտել են համատեղ նախագծերից մեկիՙ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման ծրագրի առաջին փուլը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ըՙ մարզերի բնակիչներինՙ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը: Նախագծի հիմնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է. հաճախորդներին նոր գործիքներ տրամադրելովՙ էականորեն նվազում է գործարքի ժամանակը: Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային եւ կաբելային հեռուստատեսության եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց: Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաեւ համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը: Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է: «Տեխնիկայի հնարավորությունը կարիքներին ծառայեցնելը հզոր գործիք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր դուստր ընկերությանՙ ՄոբիԴրամի հետ, ձգտում է արագ արձագանքել հաճախորդների պահանջներին: Ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի մեր հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկելը, սպասարկման բարձր որակ եւ հարմարավետ պայմաններ ապահովելը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում: ՄոբիԴրամը թույլ է տալիս որպես այդպիսի տարբերակ օգտագործել եւ՛ բջջային հեռախոսը, եւ՛ առաջարկվող տերմինալը: Ի՞նչ կտա դա հաճախորդին. ժամանակի խնայողություն, ֆինանսական միջոցները կառավարելու հմտություն, անհրաժեշտ գործարքներն իրեն հարմար ժամանակահատվածում եւ վայրում իրականացնելու պարզ մեխանիզմ եւ այլն: Անակնկալները շարունակական են լինելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՄոբիԴրամի վճարային բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով եւ պարզ ինտերֆեյսով, ինչը թույլ է տալիս հաճախորդին առանց լրացուցիչ գիտելիքների եւ հմտություններիՙ օգտվել մատուցվող ծառայություններից: ՄոբիԴրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու են հարմարավետ լուծումներ առաջարկել իրենց հաճախորդներին: |