ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Գերմանական լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններինՙ շեշտելով, թե բողոքի զանգվածային ալիքը վերջին տարիներին կազմակերպված ակցիաներից ամենամարդաշատն է եւ սոցիալական բնույթ է կրում: Թեպետ առցանց Sputnik Deutschland-ը գերմաներեն լեզվով տարածել էր «Նիզավիսիմայա գազետայի» հինգշաբթիՙ հունիսի 25-ին հրապարակված այն հոդվածը, որում հաղորդվում էր, թե Հայաստանի դրոշի կողքին բողոքի հրապարակում ծածանվել են նաեւ ԵՄ-ի, Ուկրաինայի դրոշները, եւ ռուս քաղաքական գործիչները Երեւանի, Գյումրիի, Վանաձորի բողոքի հանրահավաքներում տեսնում են գունավոր հեղափոխության ազդանշաններ, այդուհանդերձ գերմանական լրագրողական հայացքը այդպիսի դրոշների առկայությունն ու գունավոր հեղափոխության նախանշանները չի որսացել: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն էլ հունիսի 25-ի «Օրվա համայնապատկեր» (Tagesschau) լրատվական հաղորդման մեջ համառոտ անդրադարձավ երեւանյան բողոքի ակցիայինՙ նշելով, որ այն առաջին հերթին ուղղված է էլեկտրական հոսանքի թանկացման դեմ: Բայց լրատվամիջոցը հիշեցնում է նաեւ, թե վերջին շրջանում ՀՀ նախագահը քննադատվում է նաեւ սահմանադրական ծրագրված փոփոխությունների առիթով: Մոսկվայի ազդեցության հարցն էլ առկա է, ծանուցում է հեղինակ Ֆայթ Հորնիգը: «Թեպետ 37 աստիճան շոգ է դրսում, բայց բողոքիՙ մեկ շաբաթ առաջ սկսված բազմահազարանոց երթերը Երեւանում շարունակվում են: Անվտանգության ուժերն ուշադիր հետեւում են: Սա վերջին տարիներին կառավարության որոշման դեմ բողոքի ամենամարդաշատ ակցիան է», հաղորդում է գերմանական հեռուստատեսությունը: «Օրվա համայնապատկեր» հաղորդման կադրում տեսանելի է ռուսական «Ռոսսիա» հեռուստաալիքի լոգոյով բարձրախոսը, որին երեւանյան ցույցի մասնակիցներից երեքն իրենց կարծիքն են հաղորդում. «Հոսանքի թանկացման հետ ամեն ինչ է թանկանալուՙ օրինակ հացը, շաքարը», ասում է միջին տարիքի մի քաղաքացի: «Մարդիկ փողոց են դուրս եկել իրենց դժգոհությունն արտահայտելու, ցավոք, որոշ ուժեր օգտագործում են այնՙ իրենց նպատակների համար», ասում է Հայկ Բաբուխանյանը: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են, որ վերջինս բավարար միջոցներ չի ձեռնարկում աղքատության դեմ պայքարի հարցում: Նախկին խորհրդային հանրապետությունը մեկուսացված է եւ իր վրա է կրում կարեւորագույն առեւտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետեւանքները», ամփոփում է հեռուստամեկնաբանը: Հեռուստաալիքի կայքէջում առավել մանրամասն է ներկայացվումՙ ցուցարարները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի հոսանքի թանկացումից, որ յուրաքանչյուր կիլովատ ժամի համար մոտավորապես 17 տոկոսով ավելի է եւ կազմում է 0, 09 եվրո: Թեպետ երկուշաբթի ոստիկանությունը ջարդել էր ցույցը, բայց կարճ ժամանակ անց մարդիկ նորից համախմբվել էին իրենց բողոքն արտահայտելու, շաբաթասկզբից անվտանգության ուժերն այլեւս չեն միջամտում, ծանուցում է լրատուն: Անցած տարիներին աճել է Հայաստանիՙ կարեւորագույն առեւտրային գործընկեր Ռուսաստանից կախվածությունը: Իսկ էլեկտրական հոսանքն ապահովում է ռուսական մի կոնցեռն: Հայ որոշ պատգամավորներ կասկածում են, թե բողոքի միջոցառումների թիկունքում արեւմտյան ուժեր են, բայց ցուցարարները հերքում ենՙ ասելով, թե քաղաքական որեւէ առնչություն չկա: Երկար ժամանակ է, ինչ նախագահ Սարգսյանին քննադատում են նաեւ սահմանադրական ծրագրված բարեփոխումների առիթով: Նա կամենում է կառավարման խորհրդարանական համակարգ ներդնել, որը թույլ կտա 60-ամյակը բոլորած նախագահին 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում որպես վարչապետ իր իշխանությունն ապահովել: Ներկա սահմանադրությունն արգելում է Սարգսյանինՙ երկրորդ պաշտոնավարումից հետո նորից թեկնածությունը ներկայացնել: Այժմ ուշադրությամբ սպասում են, թե ինչպես կարձագանքի Մոսկվայի իշխանությունը հայաստանյան բողոքին, երեւանյան բողոքի հանրահավաքի առիթով իրազեկում է գերմանական ARD: Գերմանիա |