ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Մեծարգո դեսպան Տողերիս հեղինակը ժամանակին ԱՄՆ դեսպանին մի նամակ էր գրել, ուր ասվում էր, թե որեւէ դիվանագետ, այն էլՙ դեսպան (առավել եւսՙ ԱՄՆ-ի), իրեն չպետք է թույլ տա բոբկանալ եւ Արենի գյուղում խաղող ճզմել, կամ հայտարարել, թե որքան մեղր է գնել եւ դրա որ մասն է ուղարկել տիկնոջը: Դեսպանին վայել արարք չէ: Անշուշտ, նա նամակս անպատասխան է թողել, բայց Դուք, կարծում եմ, կպատասխանեք: Բարեկամս, մի՞թե Դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում Երեւանում, իսկ եթե տեսնում եք, չե՞ք զգում, որ թե՛ ժողովրդի, թե՛ ոստիկանների կողմից պահպանվում են մարդկային կանոնները, ո՞ր երկրում կտեսնեք այդքան երիտասարդ, որի քաղաքացիական եւ հատկապես սոցիալական շահերը կոպտորեն խախտվել են, բայց նրանք ծեծ ու ջարդ չեն անում, ո՞ր երկրի ոստիկաններն են հիմնականում իրենց իրավունքների սահմաններում մնում: Վստահ եմՙ լավատեղյակ եք, թե ռուսական որոշ լրատվամիջոցներ ինչպես են խեղաթյուրում իրականությունը եւ, չգիտես ինչու, առատ ջուր լցնում ԱՄՆ ջրաղացին, որի երազն է եւս մեկ Մայդանՙ Հայաստանում: Հայտնեք նրանց, որ իրենց բռնած դիրքը դավաճանություն է, քանզի սադրիչ դեր կատարելը խեղում է իրականությունը: Ես չգիտեմ, թե ինչպես կարձագանքի իմ երկրի արտգործնախարարը, բայց ես, որպես սովետական - ռուսական դպրոց անցած նախկին դիվանագետ զարմացած եմ Ձեր անտարբերության վրա: Ո՞ւմ համար եք աշխատում... Կարո՞ղ եմ իմանալ: |