ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՊԱՏՃԱՌ ԵՎ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ 400 ՀԱԶԱՐ ԱՆԱՊԱՀՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ Ա. Մ. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անդրադարձը օրվա թեմային Կառավարության երեկվա նիստը սկսվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի անդրադարձով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Նշելով, որ որեւէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որեւէ սակագնի բարձրացում, Հովիկ Աբրահամյանը խոսեց օբյեկտիվ իրողությունների եւ դրանց հասարակական ընկալումների մասին: «Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ», ընդգծեց վարչապետը, ավելացնելով, որ սակագնի մեջ չեն ներառվել չարաշահումների հետեւանքով առաջացած կորուստները եւ ընկերության ճոխություն համարվող ծախսերը: Ինչ վերաբերում է սակագնի թանկացման օբյեկտիվ պատճառներին, ապա Հովիկ Աբրահամյանը թվարկեց երեք այդպիսի պատճառ. «Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր: Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տեւել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա եւս բերել է լրացուցիչ ծախսերի: Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար, դա եւս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա»: Շեշտելով համակարգի օբյեկտիվ գործոններով վնասների մասին, վարչապետը նշեց, որ դրանք փոխհատուցվում են սակագնի փոփոխության կամ պետական սուբսիդիայի միջոցով: «Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդիայի տարբերակըՙ համարելով, որ այն կարող է օգտագործվել միայն թիրախային` սոցիալապես անապահով խմբերի համար», ասաց նա: Ըստ կառավարության որոշման նախագծի, 105 հազար ընտանիք կամ 400 հազար մարդ հավելյալ կստանան 24 հազար դրամ տարեկան նպաստ, ծածկելու համար միջին ամսական 1400 դրամ կազմող լրացուցիչ ծախսը, որը կավելանա էլեկտրական էներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում: Միեւնույն ժամանակ, վարչապետը թվարկեց այն հետեւանքները, որոնք կառաջանան, եթե սակագները չբարձրանան, եւ էներգետիկ համակարգի օբյեկտիվ վնասները չփոխհատուցվեն. «Եթե նշված վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետեւանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա: Մենք պարտավոր ենք պատասխանատու մոտեցում որդեգրել այս հարցում` ֆինանսապես առողջ համակարգի միջոցով ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ մոռանալ երկրի անվտանգության այս կարեւորագույն բաղադրիչի մասին»: Միեւնույն ժամանակ վարչապետը հավաստիացրեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերըՙ անմիջապես ձեռնարկելով խիստ միջոցառումներ դրանք կանխելու համար: |