«ՏԱՌԱՊՅԱԼՆԵՐԻ ՃԻՉԸ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ Հ. Ծ. Ֆրեզնոյի հայկական թանգարանը անգլերեն եւ ռուսերեն լեզուներով լույս է ընծայել «Տառապյալների ճիչը» խորագրով էլեկտրոնային գիրքը, որը պարունակում է 1915-1918 թվերին սով, բռնագաղթ, սպանություն եւ վայրագություն տեսած մարդկանց ավելի քան 300 նամակները հասցեագրված իրենց հարազատներին եւ ընկերներին աշխարհի տարբեր վայրերում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, նախագծի հեղինակն է դոկտ. Աբրահամ Տերյանը, ով նաեւ Փարիզում հրատարակված գրքի հայերեն բնագիրն է հայտնաբերել եւ Ֆրեզնոյի հայկական թանգարանին նվիրել տարբեր լեզուներով թարգմանելու համար: «Դա կլինի մեր նպաստը ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների առթիվ», ասել է նա: «Հուզիչ փորձառություն էր կարդալ այդ սրտաճմլիկ նամակները ականատեսների, որոնք անցել են տառապանքի այդ ամբողջ ճանապարհը», նշել է հայկական թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Տեր-Սիմոնյանը, եւ խորին շնորհակալությունները հայտնել թարգմանիչներին, որոնց թվումեն եղել Կարո Խաչիկյանը, Մարի Հելեն Հյուսենը, Մարգարիտ Հազարպետյանը, Ալեքս Մկքինզին եւ Իրինա Միրզախանյան-Բաբայանը: Գրքի նախաբանը գրել է վաղամեռիկ Ռոջեր Թաթարյանը «Յունայդտիդ պրես ինտերնեշնլի» նախկին խմբագիրը, ում հայրը ժամանակին ստացել է նման նամակներՙ ցնցող նկարագրություններով: |