ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոզեֆ Փրեսելը, ով նաեւ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, օրերս «Առավոտ» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր, թե ամերիկացիների համար Հայաստանը` Ցեղասպանությունն է եւ Վիլյամ Սարոյանը: Դեսպան Փրեսելը նաեւ հայտարարել էր, թե Ամերիկայի հայկակական համայնքը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը` Նահանգներում, քանի որ` «Գուցե սխալվում եմ, բայց պատճառը Հայաստանի անկախությունն է, երկրորդը, Ցեղասպանությունից 100 տարի է անցել եւ Ամերիկայի սփյուռքը կորցնում է հայրենիք վերադառնալու գաղափարը եւ նրանք դառնում են հայ ամերիկացիներ, ինչպես իտալացի ամերիկացիներ, կամ իռլանդացի ամերիկացիներ»: Եթե հաշվի առնենք, որ Ամերիկայի հայ համայնքը հայկական սփյուռքի խոշոր համայնքներից մեկն է, եթե ոչ` խոշորագույնը, ապա ստացվում է, որ եթե Ցեղասպանությունից 100 չէ, 50 տարի էլ անցնի, ապա այդ համայնքը կձուլվի` աստիճանաբար կորցնելով ոչ միայն ազգային նկարագիրը, այլեւ ազգային խնդիրներին լուծումներ որոնելու եւ գտնելու հետեւողականությունը: Վերջինս, ի դեպ, կոնկրետ ամերիկահայերի պարագայում, արտահայտվում է հետեւյալ կերպ` «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն տարի հանգանականություններ անելով, եւ առնվազն ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներին` «դա Ցեղասպանություն էր» բառերը արտասանել տալով, չհաշված, իհարկե, ԱՄՆ նախագահների` ամերիկահայերին ուղղված ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձները: Այսինքն, պատկերավոր ասած` 50 տարուց հետո «հայ ամերիկացիները» շատ հնարավոր է, որ այլեւս իմաստ չտեսնեն Հիմնադրամին հանգանականություն անելու մեջ (ինչի արդյունքում Հիմնադրամի գոյությանն էլ իմաստազրկվելու վտանգ կսպառնա), ԱՄՆ նախագահի թեկնածուները գնան հանդիպման ոչ թե Ամերիկայի հայ համայնքի հետ, այլ ուղղակի ամերիկացիներ հետ` առանց Բառն ասելու պարտավորության, դե իսկ ԱՄՆ նախագահներն էլ հանգիստ լինեն ապրիլքսանչորսերին` առնվազն հայերին ուղղված ուղերձի տեքստը գրելու առումով: Արդյունքում, «50 տարուց հետո» ամերիկացիների համար Հայաստանը գուցե Ցեղասպանությունն ու Վիլյամ Սարոյանն էլ չլինի, որովհետեւ` առաջինն ի՞նչ է, իսկ երկրորդը` ամերիկացի է: Իհարկե, շատ հնարավոր է, որ դեսպան Փրեսելը չափազանցում է, կամ, որն ավելի հավանական է, 50 տարի հետո մենք ոչ ամերիկահայերի հանգանականությունների, ոչ էլ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման կարիքն ունենանք, քանի որ հարուստ երկիր կլինենք, իսկ Վաշինգտոնն էլ Ցեղասպանությունը ճանաչած կլինի: Խնդիրն այլ է. մենք ինքներս չափազանցում ենք ամեն անգամ, երբ հույսներս դնում ենք բացառապես հարուստ ամերիկահայերի, ֆրանսահայերի, ռուսահայերի,... վրա: |