ՀԱՅԵՐ ԵՎ ՔՐԴԵՐ. ՄԵԿ ԴԱՐ ՏԵՎՈՂ ԽՈՒՍԱՓԱՆՔՆԵՐ Զրույցը վարեցՙ ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juin 2015, Ֆրանս. թարգմ. Պ. Ք. «France-Armռnie» ամսագրի հունիսյան համարում տպագրվել է քուրդ պատմաբան միջազգայնագետ, քրդական աշխարհի մասնագետ, Ժնեւի Միջազգային հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտի դասախոս Ժորդի Թեժելի հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացնում ենք չնչին կրճատումներով:
- Օսմանյան կայսրության քրդերի պատմական դիրքորոշումը բնութագրվում է համերաշխության եւ հայերի բնաջնջմանն ակտիվ մասնակցության երկվությամբ: Կարո՞ղ ենք խոսել այդ ընդհանուր պատմության մեջ քրդերի «ընտրովի հիշողության» մասին: - Հայ-քրդական հարաբերությունները շատ հին են: Երկու ժողովուրդները դարեր շարունակ կողք-կողքի ապրել են այսպես կոչված Արեւելյան Անատոլիայում, պահպանելով վաղեմի, բայց երբեմն հակասական եւ հաճախ անորոշ կապերը: Բնաջնջման վերհուշը նույն տրամաբանությունն ունի, մանավանդ որ հիշողությունն առհասարակ մնում է հատվածական: Դա առավել եւս ճիշտ է քրդերի համար, քանզի գոյություն չունի պետական մեկ ամբողջություն իր «պաշտպանական» հիշողությամբ, որը կփոխանցվեր կրթական համակարգի եւ ընդունված այլ կառույցների միջոցով: Ըստ այդմ «քրդական հիշողությունը» իրականում արտացոլում է տարբեր զգացողություններՙ նայած շրջաններին: Այսպես, Դերսիմի շրջանում, որտեղ քրդերի մեծամասնությունն ալավի է, շեշտը դնում են հայերին փրկելիս քրդերի ցուցաբերած հերոսության վրա: Ի դեպ, հայտնի է, որ Թուր Աբդինի (թուրք-սիրիական սահմանի մոտ) շրջանում քրդերի Հեւերկան ցեղային միությունը վճռական դեր խաղաց տեղի քրիստոնյաների (հայ եւ ասորի) պաշտպանության գործում: Դերսիմի դեպքերը մեզ հայտնի են քուրդ մտավորական Նուրի Դերսիմիի հուշագրության շնորհիվ, սակայն մյուս վայրերի դեպքերը մնում են չուսումնասիրված: - Իրենց բնակեցման գոտում անկախ Հայաստանի վերածնվելը տեսնելու վախը որոշիչ դարձավ սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի եւ ապա Մուստաֆա Քեմալի դաշնակից քուրդ ցեղապետերի գործողությունների համար: Այն մտահոգում էր նաեւ քուրդ ազգայնականների մեծամասնությանը... - Ինչպես տարբեր առիթներով ընդգծել է Հանս-Լուկաս Քիզերը, 19-րդ դարի վերջերին եւ 20-րդի սկզբներին Հայկական հարցը Արեւելյան Անատոլիայում առավելապես ագրարային բարեփոխման հարց էր: Քաղաքների քուրդ երեւելիները եւ քրդական ցեղերը ձգտում էին տիրանալ հայերի տարածքներին, եւ եթե համիսլամական քարոզչությունը միտված էր 1890-ականների ջարդերին եւ 1915-ի Մեծ եղեռնին, հողային հարցն այդտեղ մեծ դեր էր խաղում: Դա մեծ չափով բացատրում է ցեղասպանությունից օգտվողների զգուշավորությունը Սեւրի 1920 թ. պայմանագրով նախատեսված հայկական պետության ստեղծման հարցում, թեեւ պայմանագիրը նախատեսում է նաեւ քրդական պետության ստեղծում: - Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի եւ այլ երկրների քուրդ մտավորականների ու պատմաբանների նոր սերնդի հետազոտական աշխատանքները: Արդյոք շարժվո՞ւմ ենք դեպի նոր պատմագրություն, թե՞ այն դեռ ենթակա է ժխտողական արգելքների: - Հարկ է հիշեցնել իրաքցի քուրդ պատմաբան Քամալ Մուզհար Ահմադին, որը 1975 թ. արդեն ընդգծում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ քրդական ցեղերի դերը հայերի բնաջնջման մեջ: Համիդ Բոզարսլանը եւս նպաստեց, որ քուրդ գիտնականների շրջանում ընդունվի քրդական հասարակության տարբեր հատվածների պատասխանատվությունը այդ իրադարձությունների մեջ: Սակայն ճշմարիտ է, որ միայն 2000-ականներից է, որ քրդական ծագումով պատմաբանների (Ուգուր Յունիթ Յունգյոր, Սեդ Ալթուգ եւ ուրիշներ) եւ մարդաբանների (մասնավորապես Եկրան Թյուրքիիլմազը) նոր սերունդը 1-ին աշխարհամարտի ընթացքում իրականացված պետական եւ ոչ պետական բռնարարքների խորացված հետազոտություններ է կատարում: Այդուհանդերձ պետք է ընդգծել, որ նրանց ուսումնասիրությունների առարկան ոչ թե բուն Հայոց ցեղասպանությունն է, այլ ավելի շուտ կենտրոնական իշխանությունների սոցիալական նախագծման քաղաքականությունը: Հայերի բնաջնջմանը քրդական «Համիդիե» հեծելագնդերի մասնակցությունը այդ քաղաքականության կողմերից մեկն էր: - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մինչեւ օրս տարակարծություններ կանՙ նայած այն բանի, Դիարբեքիրո՞ւմ ենք, թե՞ Էրբիլում: Դա երեւաց Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկության ժամանակ: Ինչո՞վ կբացատրեք տեսակետների այս տարբերությունները: - Իրաքյան Քրդստանի քաղաքական գործիչների մեծամասնությունը եւ գիտական հանրակցությունը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Այսպես, քաղաքական կուսակցությունների, այդ թվում Քրդստանի ժողովրդավարական կուսակցության, հրապարակումների էջերում տվյալ հարցը բարձրացված է աներկիմաստ կերպով: Ոչ կառավարական կազմակերպությունները եւ Իրաքում 1987-1988 թթ. քրդերի դեմ ուղղված «Անֆալ» գործողության ցեղասպանական բնույթի ճանաչմանը ձգտող հաստատությունները վկայակոչում են ինչպես Հոլոքոսթը, այնպես էլ Մեծ եղեռնը: Սակայն Քրդստանի շրջանային կառավարությունը (ՔԺԿ) դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատճառը պարզ է. ՔԺԿ տնտեսությունը կախման մեջ է Թուրքիայի հետ սերտ համագործակցությունից: «Քրդական» նավթը Թուրքիան հատող նավթամուղներով հասցվում է Միջերկրական ծով: Բացի դրանից, իրաքյան Քրդստանում հաստատված օտարերկրյա ընկերությունների մեծ մասը թուրքական է: Ի դեպ, Անկարան եւ Էրբիլը մերձավոր տեսակետներ ունեն տարածաշրջանի ներկայիս հակամարտությունների վերաբերյալ: - 1894 թ. եւ 1915 թ. հայերին բնաջնջած «Համիդիե» ստորաբաժանումների եւ PKK-ի դեմ ուղված կռիվներում թուրքական իշխանության հետ գործակցած «գյուղապահների» միջեւ զուգահեռը պահպանո՞ւմ է իր էականությունը: - Եվ այո, եւ ոչ: Կոստանդնուպոլսից նախկին Օսմանյան կայսրության եւ ներկայիս Թուրքիայի ծայրագավառների կառավարման մեջ հնարավոր է ի հայտ բերել ինչ-որ հաջորդայնություն: Իրոք, «Համիդիե» հեծելագնդերի նպատակը կայսրության ծայրագավառների հսկողությունն էր հանուն սուլթան-խալիֆի: Մեծ մասամբ քրդական ցեղերից կազմված այդ գնդերը կայսրության զինված բռունցքն էին: Փոխարենը քուրդ ցեղապետերը կարողանում էին ազատորեն գործելՙ զերծ մնալով Կոստանդնուպոլսի եւ, այսօրվա լեզվով ասած, իրավական պետության վերահսկողությունից: Անկարային հավատարիմ քրդերից կազմված «գյուղապահները» արեւելյան Անատոլիայի հեռավոր շրջաններում ներկայացնում են պետությունը եւ նմանապես կարողանում են զբաղվել անօրինական գործունեությամբՙ մաքսանենգությամբ, բռնաշորթումներով եւ այլն: Սակայն տեղական բնակչության հանդեպ «Համիդիեների» գործադրած բռնարարքների աստիճանն անհամեմատելի է «գյուղապահների» գործողությունների հետ: Վերջիններս տեսականորեն սահմանափակվում են մեկ թիրախովՙ PKK-ի մարտիկներով: - 1927 թվականին, այսինքն Մեծ եղեռնից ընդամենը մեկ տասնամյակ անց քրդերն ու հայերը համաձայնության եզրեր գտան Բեդիրխանի եւ Իհսան Նուրի փաշայի ղեկավարած «Խոյբուն» հանձնախմբի միջոցով: Նրանք համատեղ կազմակերպեցին Արարատի խռովությունը: Ճակատագրի հեգնանքով հանձնախմբում կային երբեմնի անչափ հակահայ տարրեր: Դա ինչո՞վ եք բացատրում: - Լիբանանում 1927 թ. հիմնված հայ-քրդական կազմակերպությանՙ «Խոյբուն» լիգայի շրջապատում կային զանազան խմբեր եւ անձինք: Մի կողմից, այնտեղ գտնում ենք քուրդ երեւելիների երկու ժառանգներիՙ Կամարան եւ Սելադեթ Բեդիր խաներին, ինչպես նաեւ քրդական դատի ուրիշ ջատագովների, որոնք գործել էին Կոստանդնուպոլսում եւ Դիարբեքիրում նախքան 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումը: Խիստ քաղաքականացված եւ քաղաքային այդ խմբին միանում են տարբեր քուրդ ցեղապետեր, խույս տալով քեմալական վարչակարգի հալածանքներից, որը քրդական ցեղերը 1925 թ. դարձրել էր իր գլխավոր թիրախներից մեկը: Անցյալում սուլթանին, ապա Մուստաֆա Քեմալին ծառայած այդ ցեղապետերի մեջ կան «Միլլի» համադաշնության տարբեր անդամներ, որը նշանակալի դեր էր խաղացել հայկական կոտորածների մեջ: «Խոյբուն» լիգան նրանց ընդունում է, քանզի նպատակ ունի հակաքեմալական խռովություն կազմակերպել առավելապես քրդաբնակ շրջաններում, որպեսզի ներկայիս Թուրքիայի արեւելքում ստեղծվեն քրդական պետություն եւ հայկական պետություն: Քրդական ցեղերը պետք են «Խոյբունին», քանի որ Ցեղասպանության ժամանակ հայերը բնաջնջվել են, իսկ տարագիր քուրդ հայրենասերները կապի փոքր հնարավորություններ ունեն Արեւելյան Անատոլիայի լայնարձակ գյուղական տարածքներում: Որոշ իմաստով խոսքը հանգամանքների պարտադրած դաշինքի մասին է: - Կարո՞ղ ենք խոսել Թուրքիայում քրդական քաղաքացիական հասարակության մասին, որը բավականաչափ հասուն է ճանաչմանն ուղղված աշխատանք սկսելու համար: - Ինչպես Թուրքիայի եւ Մերձավոր արեւելքի մնացյալ մասում, դժվար է քաղաքացիական հասարակությունը լիովին զատել քաղաքական կուսակցություններից եւ նույնիսկ պետությունից: Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քաղաքացիական հասարակության եւ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հարաբերությունները շատ անորոշ են: Իրավաբանական, առեւտրական ընկերակցությունների մի շարք ղեկավարներ դարձել են կուսակցական առաջնորդներ եւ ընդհակառակը: Թեեւ PKK-ին մերձավոր այդ կուսակցությունը տեղական մակարդակով դարձել է գերիշխող եւ «քաղաքացիական հասարակության» մի շարք նախաձեռնությունների հեղինակն է, որոշ ժամանակից ի վեր վերջինս ինքնավարացման անկասելի գործընթաց է սկսել: Այսօր ո՛չ PKK-ն, ո՛չ էլ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը չեն կարող բավարարել քրդական հասարակության բոլոր պահանջմունքները եւ պատասխանել բոլոր հարցադրումներին: Այս իմաստով քրդական քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ առաջատար են, այդ թվումՙ հայերի հետ հաշտվելու տեսակետից: - Քուրդ ղեկավարների մեջ ե՞րբ եւ ինչպե՞ս սկսեց սաղմնավորվել քրդերի պատասխանատվության այդ գիտակցումը: Գուցե դա կատարվեց PKK-ի եւ Հրանտ Դինքի շնորհի՞վ: - 1980-ականներին ASALA-ի եւ PKK-ի շփումները հող նախապատրաստեցին Հայոց ցեղասպանության մեջ քրդերի դերին առնչվող հարցադրման համար: Թուրքական պետության եւ մամուլի պաշտոնական դիրքորոշումը քրդերին եւ հայերին ներկայացնում է իբրեւ «անբաժանելի» միավոր, եւ դա նույնպես նպաստում է քրդերի եւ հայերիՙ որպես նույն «դահճի» զոհերի, խորհրդանշական մերձեցմանը: 2000-ականներից սկսած քրդամետ կուսակցությունները կարողացել են ապահովել իրենց գերիշխանությունը Դիարբեքիրի նման կարեւոր քաղաքներում: Էական գործերից մեկը տեղական մշակութային ժառանգության վերականգնումն էր: Տվյալ ձեռնարկումն արտահայտվեց քաղաքի պարիսպների, տեղական լեզուների, ինչպես նաեւ ասորիների ու հայերի քրիստոնեական եկեղեցիների ճարտարապետական ժառանգության արժեւորմամբ: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը այսօր առավելապես քրդաբնակ շրջաններում հայկական ժառանգության վերականգնման թերեւս ամենատպավորիչ օրինակն է: 2015 թ. ապրիլի 24-ին տեղական իշխանությունները հայ ներկայացուցիչների համաձայնությամբ կազմակերպեցին Մեծ եղեռնի հիշատակման միջոցառումներ, որոնց ընթացքում Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդներից Սելահետդին Դեմիրթաշը օգտագործեց «ցեղասպանություն» բառը: - Քրդամետ կուսակցությունների (օրինակՙ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության) ընտրացուցակներում հայ թեկնածուների ներկայությունը, Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից Սուրբ Կիրակոս տաճարի վերականգնումը, քաղաքում հայերի վերահաստատվելուՙ նախկին քաղաքապետի կոչը, ապրիլի 24-ի միջոցառումները նոր դինամիկա ստեղծող գործոններ են: Քրդական կուսակցություններն ի՞նչ իմաստ են տալիս Հայկական հարցին: Արդյոք դա զուտ հիշողության տո՞ւրք է, թե՞ թուրքական հասարակության ժողովրդավարացման արտահայտություն: - Հայ-քրդական հարաբերությունների դինամիկան Թուրքիայում ընդհանուր առմամբ հուսադրող է, քանզի այս առումով քրդերը կարծես թե առաջ են անցել թուրքական հասարակության մյուս բաղադրիչներից: Հայերի հետ մերձեցման այս քաղաքականության ռազմավարական բնույթը չպետք է անտեսվի: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հարավ-արեւելքի էթնոկրոնական բազմազանության արժեւորման ռազմավարության նպատակը Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ճակատագրով հետաքրքրվող Եվրոմիության համակրանքը շահելն է: Բացի դրանից, Կուրմանջիի հետ մեկտեղ տեղական մյուս բոլոր լեզուների (ասորերեն, հայերեն, զազա) կարեւորումը կարելի է համարել քրդերենի վրա գործադրվող քաղաքական ու դատական ճնշումները մեղմացնելու միջոց: Իրոք, տեղական բոլոր լեզուների ճանաչումը պահանջելովՙ քրդական կուսակցությունը փորձում է խուսափել թուրք ազգայնականների քննադատությունից, որոնք այս քաղաքականության մեջ կարող էին տեսնել մասնավոր, այն էՙ քրդական ուղղվածություն: Այլ կերպ ասածՙ մշակութային եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ժառանգությունը վերականգնելովՙ քրդերն առաջ են տանում նաեւ իրենց դատը: Նկար 1. Ժորդի Թեժել Նկար 2. Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Ներչիվան Բարզանին Հայաստանի պատգամաբեր, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արեւելագետ Լեւոն Սարգսյանի հետ զրուցելիս: |