ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՆԿՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Իսլամիստների հաղթանակն աղետ կդառնար Սիրիայի որոշ հակառակորդների համար Վերջին շաբաթներին նախագահ Բաշար Ասադի վարչակարգը զգալի կորուստներ ունեցավ: Սիրիայի հյուսիսում ընդդիմության ուժերը մի շարք տարածքներ գրավեցին Իդլիբի եւ Հալեպի նահանգներում, արեւելքում «Իսլամական պետության» գրոհայինները զավթեցին Պալմիրան, իսկ հարավում Հորդանանի եւ Իսրայելի սահմանների մոտ, թշնամու ձեռքն անցան որոշ շրջաններ: Իսրայելում եւ այլուր արդեն խոսում են Ասադի վարչակարգի մոտալուտ անկման մասին: Նման կանխատեսումներ անցյալում էլ են արվել, բայց դրանք երբեք չեն իրականացել: Ճիշտ է, սիրիական բանակը լուրջ պարտություններ է կրել, նոր զորակոչի հնարավորությունները սահմանափակ են, մինչդեռ իսլամիստների ուժերը շարունակ համալրվում են օտարերկրացիներով, Դամասկոսի դրամական միջոցներն անբավարար են եւ այլն: Այդուհանդերձ, Սիրիայի իշխանություններն ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելու բոլոր հնարավորությունները: Այս լավատեսության առաջին պատճառն այն է, որ Սիրիայի դաշնակիցները դեռ չեն ասել իրենց վերջին խոսքը: Երկրորդ պատճառն այն է, որ «Իսլամական պետության» հաղթանակը պարզապես աղետ կդառնար Սիրիայի որոշ հակառակորդների համար: Իրանը չի ուզում մեկուսացվել Պաշտոնական Դամասկոսը ներկայումս ունի երկու գլխավոր դաշնակիցՙ Ռուսաստանը եւ Իրանը: Սիրիական պատերազմի առաջին տարիներին Մոսկվան շատ բան արեց Ասադի վարչակարգը փրկելու համար (հիշենք թեկուզ սիրիացիների քիմիական զենքի ոչնչացման պատմությունը) եւ հիմա էլ Դամասկոսին օգնում է դրամով, զենքով, մասնագետների պատրաստմամբ: Սակայն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Կրեմլը չի կարողանում ավելի մեծ ուշադրություն դարձնել Սիրիային: Մինչդեռ Իրանը ի վիճակի է դա անել: Այդ երկրի համար Սիրիան նույն կարեւորությունն ունի, ինչ Ռուսաստանի համար Ուկրաինան: Եթե Սիրիան հայտնվի սուննի արաբ իսլամիստների իշխանության տակ, ապա Թեհրանը ոչ միայն կկորցնի Լեւանտի եւ «Հզբոլլահի» վերահսկողությունը, այլեւ Իրանի եւ նրան ենթակա իրաքյան տարածքի արեւմտյան սահմանի երկայնքով «արգելագոտի» կստեղծվի Ադրբեջանից մինչեւ Քուվեյթ: Հարկ կլինի մոռանալ Իրաքով դեպի Սիրիայի միջերկրածովյան նավահանգիստներ իրանական ածխաջրածինների արտահանման մասին: «Լենտա.ռու» կայքի վերլուծաբան, ՌԴ ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Միրզայանը ընդգծում է, որ Սիրիայի վարչակարգի անկումը փաստորեն ի չիք կդարձներ Իրանի արտաքին քաղաքականության վերջին 15 տարվա բոլոր ձեռքբերումները, իսկ նրա մրցակից Սաուդյան Արաբիային թույլ կտար գերիշխանության հասնել Մերձավոր Արեւելքում: Մինչեւ վերջերս Թեհրանը Սիրիայում գործում էր խիստ զգուշորեն: Խուսափելով Արեւմուտքի հետ հակամարտության սրումիցՙ իրանցիները Սիրիայի վարչակարգին օգնում էին ճիշտ այն ծավալներով, որոնց կարիքը զգացվում էր: Սկզբում օգնում էին դրամով, զենքով եւ խորհրդատուներով, իսկ երբ իրավիճակը վատթարացավ, գործի անցավ քաղաքային մարտերում թրծված լիբանանյան «Հզբոլլահը»: Չնայած խոշոր կորուստներինՙ դրա առաջնորդ Հասան Նասրալլահը հետ չկանչեց իր մարտիկներին, քանզի հասկանում էր, որ Ասադի տապալման դեպքում իր խմբավորումը երկար չի դիմանա: Այժմ, երբ «Հզբոլլահի» եւ Սիրիա ուղարկված իրաքյան շիա խմբավորումների ուժերն ակնհայտորեն անբավարար են, Թեհրանը Սիրիա է ուղարկել 15 հազարանոց կորպուս: Այդ մասին «Ազգը» գրել է հունիսի 12-ի համարում: «Էլ Կուդս» կոչվող ընտիր կորպուսի հրամանատարը գեներալ Քասեմ Սոլեյմանին է, ով իրաքցիներին օգնել է պաշտպանել Բաղդադը «Իսլամական պետության» հարձակումից: Նոր զարգացումներ Թվում է, թե Արեւմուտքի երկրները պետք է դատապարտեին իրանցիների քայլը, բայց այդպես չեղավ: ԱՄՆ-ը ձեւացրեց, թե ոչինչ չի տեսնում: Քանզի Վաշինգտոնին ձեռնտու չէ «Իսլամական պետության» հաղթանակը Սիրիայում կամ որեւէ այլ երկրում: Մի շարք վերլուծաբաններ վիճարկում են այս պնդումը, նշելով, որ հենց ամերիկացիներն են ծնել ու սնել «Իսլամական պետությունը»: Նրանք իրավացի չեն: Այդ ահաբեկչական խմբավորումը ԿՀՎ-ի կամ սաուդյան հետախուզության կամքի արդունքը չէ. դա իսլամական աշխարհի ընդհանրական պատասխանն է քաղաքակրթային փակուղուն, որտեղ ինքը հայտնվել է: Խմբավորումն օգտագործում է խալիֆաթի հայեցակարգը, որը ենթադրում է միասնական իսլամական պետության ստեղծում մահմեդականներով բնակեցված բոլոր հողերում: Նկատի ունենալով այդ երկրների մեծամասնության մշտատեւ սոցիալ-քաղաքական ճգնաժամը, «Իսլամական պետության» գաղափարները պարարտ հող են գտել այնտեղ: «Հավաքագրողները շահարկում են ամեն մարդու մեջ առկա արդարության զգացումը: Եվ դա ամենից ահավորն է», լրագրողներին պատմել է խմբավորման շարքերում կռված ռուսաստանցիներից մեկը: Իսլամիստ մարտիկների շարքերը համալրում են ոչ միայն աղքատ, այլեւ հարուստ մահմեդական երկրների քաղաքացիներ: Վերջիններիս թվում է, թե իրենց իշխանությունները մոռացել են ճշմարիտ իսլամի մասին, ուստի կորցրել են օրինականությունը: Ուստի վտանգված են տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներըՙ Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իսրայելը, Պարսից ծոցի երկրները: Նույն պատճառով իրանցիների միջամտությունը «չնկատեցին» նաեւ Եվրոմիությունում եւ աշխարհի մյուս ուժային կենտրոններում, Բաշար Ասադի իշխանության պահպանմամբ շահագրգռված են Եվրոպայի եւ Ասիայի շատ պետություններ, որոնք չեն կարողանում կասեցնել իսլամիստների արմատական հոսանքների ուժեղացումը սեփական տարածքներում: Մի երկրում քիչ են ռեսուրսները, մյուսում անբավարար է քաղաքական կամքը, երրորդին խանգարում են օտարները: Իսկ Սիրիան մի վիթխարի փոշեկուլ է, որը Չինաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Թունիսից եւ այլ պետություններից ներքաշում է մոլի իսլամիստներին: Պարտվելու դեպքում նրանք կփտեն Սիրիայի անապատներում, իսկ խալիֆաթի հաղթանակի դեպքում իսլամիստները կջանան ջիհադի նոր ճակատ բացել արդեն իրենց հայրենիքներում: Ովքե՞ր են կռվելու Ընդհանուր շահագրգռություններից մինչեւ ընդհանուր գործողություններ տանող ճանապարհը բավական երկար է: «Իսլամական պետությանը» հաղթելու համար անհրաժեշտ պայմաններից մեկը սիրիական բանակի մյուս ճակատների վերացումն է: Գաղտնիք չէ, որ Սիրիայի արեւելքում «Իսլամական պետությունը» հաջողության հասավ, քանի որ Դամասկոսը հյուսիսում եւ հարավում ծանր մարտեր էր մղում ամերիկացիների ու սաուդցիների փողերով գործող թուրքական եւ հորդանանյան վարժաճամբարների նորաթուխ մարտիկների դեմ: Ճիշտ է, ամերիկյան Կոնգրեսը մտադիր է 20 տոկոսով կրճատել սիրիացի գրոհայինների հանդերձավորմանն ու ուսուցմանը հատկացվող միջոցները: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը աշխարհիկ ընդդիմության ուժերից պահանջում է ամերիկյան զենքը ուղղել ոչ թե Բաշար Ասադի, այլ «Իսլամական պետության» դեմ: Անհրաժեշտ է նաեւ ազգային երկխոսություն ծավալել նախագահ Ասադի եւ աշխարհիկ ընդդիմության այն ներկայացուցիչների միջեւ, որոնք մտածում են երկրի ապագայի մասին: Այդ նպատակով Իրանը եւ ԱՄՆ-ը պետք է մշակեն քաղաքական փոխզիջման պայմաններ եւ ճնշում գործադրեն իրենց ենթակա կողմերի վրա: Հնարավոր է, որ փոխզիջման տարր դառնա Բաշար Ասադի հրաժարականը Դամասկոսի ներկայիս վարչակարգի պահպանման պայմանով: «Իսլամական պետության» վտանգի վերացման համար անհրաժեշտ եւս մեկ պայման է ցամաքային գործողության իրականացումը: ԿՀՎ նախկին տնօերն Ջոն Մաքլաֆլինը կարծում է, որ միայն ռմբակոծումները բավարար չեն: Իրաքյան բանակն անկարող է ցամաքային հաջող գործողություն ձեռնարկել, իսկ ԱՄՆ-ում քչերը կուզենային 10-20 հազար զինվոր ուղարկել Իրաք: Արաբական պետությունները խոսում են համատեղ ուժերի ստեղծման մասին, բայց չունեն ոչ բավարար փորձ, ոչ էլ միասնականություն: Ճիշտ է, արաբները լավ թե վատ կռվել են Իսրայելի դեմ, բայց այստեղ խոսքը դավանակիցների դեմ կռվելու մասին է: Բացի դրանից, Եգիպտոսը, Սիրիան եւ Հորդանանը զանազան պատճառներով չեն կարողանա մասնակցել համաարաբական պատերազմին: Բացառվում է նաեւ Թուրքիան, որի դիրքորոշումը ընտրություններում Էրդողանի պարտությունից հետո մնում է անհայտ: Այսպիսով, Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություն կարող է իրականացնել միայն իրանական բանակը: Ճիշտ է, ԱՄՆ-ը չի ուզում, որ իրանցիներն ամբողջովին գրավեն Իրաքն ու Սիրիան եւ զորք տեղաբաշխեն Սաուդյան Արաբիային սահմանի մոտ: Ջոն Մաքլաֆլինի կարծիքով, այստեղ եւս հնարավոր է փոխզիջում. ամերիկացիները պետք է սեփական զորության եւ աջակցության ապացույցներով համոզեն իրենց տարածաշրջանային դաշնակիցներին: |