ԵՐԿՈՒ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՆԳՈՒՆ ԵՆ ՊԱՀԵԼ Հ. Ծ. Բեյրութում գործող Հայկազյան համալսարանը, իր ներկայիս 950 ուսանողներով, Մերձավոր Արեւելքի առաջավոր համալսարաններից մեկն է եւ միակ հայկական համալսարանը Սփյուռքում: Իր հիմնադրման 60-ամյակի առթիվ նախատեսված հոկտեմբերի 3-ի գալա-տոնակատարությունը եւ «Դորոթի Չենդլեր Տաղավարի» մեծ դահլիճի խնջույք-հյուրասիրությունը Հայկազյան համալսարանի հետագա ընդլայնման ծրագրերի համար անհրաժեշտ 6 միլիոն դոլարի նվիրատվական ֆոնդի ստեղծմանն են ծառայելու, ըստ այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, որտեղ հարգանքի արժանի տուրք է մատուցվում հատկապես երկու նվիրյալների, որոնց անձնուրաց գործունեության շնորհիվ համալսարանը կանգուն է մնացել մինչ օրս: Այդ դրականորեն հավակնոտ տեսլականի տեր անձնավորւթյունները դոկտ. Ջոն Մարգարյանն ու Ուիլմա Չոլաքյանն են: Լիբանանում քոլեջ բացելու հնարավորության մասին առաջինը երազել են Ֆինիքսում (ԱՄՆ, Արիզոնա) ապրող Ստեփան Մեխակյանն ու նրա կինըՙ Մարին, դուստրըՙ դոկտ. Արմենակ Հայկազյանի, ով Գոնիայի (Թուրքիա) Ժենանյան Առաքելական ինստիտուտի նահատակված ուսուցչապետն էր եղել ժամանակին: Նրանց միացել են Ֆիլադելֆիայից Ստեփան Փիլիպոսյանն ու նրա կինը: Հայկազյան քոլեջը հիմնադրվել է 1955-ին: Հիմնադիր տնօրեն է նշանակվել Պենսիլվանիայի «Լա Ֆայեթ քոլեջի» կրոնի դասախոս Ջոն Մարգարյանը: Այդ ժամանակ դասախոսական կազմը բաղկացած էր 12, իսկ ուսանողականըՙ 50 հոգուց: Առաջին տասը տարվա տնօրենության իր պաշտոնում (1955-66) Մարգարյանն, իր հմուտ գործունեության շնորհիվ կարողանում է ընդարձակել քոլեջը եւ հաստատությունը դարձնել համալսարան իր Մուգար, Ահարոնյան, Փիլիպոսյան, Մեխակյան եւ ժառանգություն մասնաշենքերով: Տնօրենության երկրորդ տասնամյակում (1972-82) Բեյրութի քաղաքացիական պատերազմի տարիներին համալսարանը որպես ապահով ապաստարան է ծառայել ուսանողների համար: Մարգարյանն այժմ 98 տարեկան է եւ ապրում է կնոջՙ Ինգայի հետ Ուեսթ Փիթստոնում (Պենսիլվանիա): Իր հիշողություններն ու փորձառությունը ամփոփել է «Քաղցած թշնամի» (Thirsty Enemy) հատորում, որտեղ առաջ է քաշել իր այն սկզբունքը, որ հնարավոր է բարիք գործելով հաղթել չարիքին: Համալսարանում նրան փոխարինելու է եկել կրթօջախի վարչական դեկանՙ Ուիլմա Չոլաքյանը, ով անվախ զինվորի նման համառորեն եւ խիզախությամբ ոչ միայն պահպանել է հաստատության անվտանգությունը, այլեւ նրա ակադեմիական մակարդակն ու անգին գրական ժառանգությունըՙ գրադարանը, որը ձեռք էր բերվել Մ. Մուգարի նվիրատվությամբ: 1985-1995 թվերի նրա ծառայությունները անգնահատելի են, եւ Ջոն Մարգարյանի ծառայությունների հետ հիշվելու եւ մեծարվելու են 60-ամյակի հառաջիկա տոնակատարությունների ընթացքում: Փառք ու պատիվ հայկական կրթօջախները կանգուն պահող նվիրյալներին: Նկար 2. Բարերար Ջոյս Փիլիպոսյան-Սթայնը Ջոն Մարգարյանի հետ Նկար 3. Ուիլմա Չոլաքյան |